«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2012-10-02 | #172, 2012-10-03 | #173, 2012-10-04


ՀԻՆԳ ԽՈՇՈՐ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ՀԱԼԵՊԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Զոհվել է 30, վիրավորվելՙ 35 մարդ

Առավոտը Հալեպը դիմավորել է միանգամից մի քանի պայթյուններով. երկու ականապատ ավտոմեքենաներ պայթեցվել են Հալեպի Սաադալլա ալ Ջաբրի հրապարակում: Սիրիայի պետական հեռուստաընկերության տվյալներովՙ զոհվել է 30, վիրավորվելՙ 35 մարդ: Իսկ այլ տվյալներովՙ համապատասխանաբար 40 եւ 70 մարդ:

Սաադալլա ալ Ջաբրի հրապարակը համարվում է քաղաքի վարչական կենտրոնը, որտեղ տեղակայված է նաեւ քաղաքապետարանի շենքը: Ըստ Սիրիայից եկող նորություններիՙ տարածքում տեղակայված են կառավարական զորքեր, սակայն ենթարկվում է Սիրիայի «ազատ բանակի» զինյալների հարձակումներին:

Երեկ «Ազգ» -ի հետ հեռախոսազրույցում, նկարագրելով Հալեպում տիրող վիճակը, Բերիո հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանն ասաց, որ մարդիկ անակնկալի են եկել. «Հույսերը, թե բախումներ չեն լինի, անհետացան, քանի որ երկու պայթյունները շատ զորավոր էին եւ ցնցեցին քաղաքը», ասաց նաՙ հավելելով, որ պայթյունները հսկայական ավերածություն եւ նյութական շատ մեծ վնասներ են տվել:

«Այս պահին քաղաքում շարունակում են մարդկանց հանել ավերակների տակից: Չեն դադարում փրկարարական աշխատանքները: Քանի որ վիրավորների եւ մահացածների ինքնությունը դեռ պարզած չէ, ես չեմ կարող հստակ որեւէ բան ասել հայերի մասին», ասաց նա:

Ռայիսյանի ներկայացմամբՙ վերոնշյալ երկու հզոր պայթյուններին հաջորդել են եւս երեք պայթյուններ կենտրոնական հրապարակում, ինչի հետեւանքով լարված մթնոլորտն ավելի է սրվել: Ռայիսյանի ներկայացմամբՙ քաղաքում վախ կա, միաժամանակ նաեւ զգուշավորություն, քանի որ Հալեպը խիստ վերահսկողության տակ է:

Երկու օր առաջ Հալեպից օդանավակայան ուղեւորվելու ճանապարհին զինյալների կրակոցից հայ երիտասարդ էր վիրավորվել: Ռայիսյանի տեղեկություններովՙ օդանավակայանից Հալեպ ուղեւորվող երեք ավտոմեքենաների ուղղությամբ կրակ է բացվել, ինչի հետեւանքով հայ երիտասարդը վիրավորվել է: Նրան տեղափոխել են հիվանդանոց. վիճակը մտահոգիչ չէ, սակայն գտնվում է բժիշկների վեահսկողության տակ:

Նմանատիպ մի դեպք էլ գրանցվել էր սեպտեմբերի 11-ին, երբ «Սիրիական ավիաուղիներ»-ի Երեւան-Հալեպ չվերթով Հալեպ մեկնած հայերի մեքենաները կրակահերթի տակ էին հայտնվել, եւ չորս սիրիահայերՙ Հարութ Սուլավյանը, Արսեն Պեպեջյանը, Հրաչ Պեպեջյանն ու Մեսրոպ Աճեմյանը մահացել էին:

Սիրիայում արդեն 18 ամիս շարունակվում են բախումներն ու քաղաքացիական պատերազմը. զոհվել է 30.000 մարդ, այդ թվումՙ ավելի քան 2 տասնյակ սիրիահայեր: Բազմաթիվ սիրիահայեր ապաստան են գտել հարեւան Լիբանանում եւ Հայաստանում:

Հ. Հ.

Հ. Գ. Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ զոհերի մեջ է նաեւ սիրիահայ Պակալյան Աբրահամը, ԹՄՄիության շրջանակից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4