Գերմանիայում երեկ ազգային տոն էր, նշվում էր Միասնության օրը: Համաձայն Գերմանիայի Դեմոկրատական ու Ֆեդերատիվ հանրապետությունների միավորման պայմանագրի` հոկտեմբերի 3-ը Գերմանիայում հայտարարվեց որպես պաշտոնական տոնական օր: Այս առիթով Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը երեկ Մամուլի ազգային ակումբում հանդիպեց լրագրողներին:
Երկու Գերմանիաների վերամիավորումը դեսպանն անվանեց պատմական բախտավորություն: «Երկար տարիներից հետո Գերմանիան հնարավորություն ունեցավ մեկ պետություն դառնալու, գերմանացի ժողովրդի համար սա իսկապես պատմական օր է», ասաց Ռայներ Մորելը, որը, սակայն, Գերմանիայի վերամիավորման պատմական օրը դիվանագիտական առաքելությամբ գտնվել է Արեւմտյան Աֆրիկայում, այնուամենայնիվ, հայրենիքում թե հայրենիքից դուրս, գերմանացիների համար Գերմանիայի միավորումը եղել է մեծ ուրախություն:
Այնուհետեւ դեսպանը խոսեց հայ-գերմանական հարաբերություններից` գնահատելով դրանք գերազանց ու եւս մի անգամ հիշեցնելով, որ Գերմանիան Հայաստանի առեւտրատնտեսական ամենախոշոր գործընկերն է: Այս տարի նաեւ նշվում է 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը:
Նորանշանակ դեսպանն անդրադարձավ նաեւ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային ու ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը:
Առաջին խնդրի առնչությամբ դեսպանը նշեց, որ Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունն ու դրան հաջորդած զարգացումները չեն համապատասխանում եվրոպական արժեհամակարգին: Թե ինչո՞ւ Գերմանիան հանդես չեկավ ադրբեջանա-հունգարական գործարքի առնչությամբ, դեսպանը դա պայմանավորում է նրանով, որ Գերմանիայի ու Եվրոպական միության համար առաջնայինը այն մտահոգությունն է, որ տարածաշրջանում չստեղծվի անկայուն իրավիճակ: «Մենք ավելի շատ կենտրոնանում ենք այն հանգամանքի վրա, որ Հայաստան-Ադրբեջան առանց այն էլ լարված հարաբերությունները վերջնականապես չխախտվեն», ասաց դեսպանը:
Հունգարիայից ադրբեջանցի ոճրագործի էքստրադիցիան մեծ հնչեղություն ստացավ նաեւ Գերմանիայում, որտեղ այս միջադեպը, ըստ դեսպանի, որեւէ մեկն ընդունել չի կարող. «Ադրբեջանն այս միջադեպով հեղինակության մեծ կորուստ է ունեցել, Ադրբեջանի հետ հետագա գործողությունները պետք է գնահատվեն նաեւ այս միջադեպով»:
Իսկ հայկական երկու հանրապետությունների վերամիավորման վերաբերյալ Ռայներ Մորելը ասաց, որ խնդիրը միայն Ադրբեջանին ու Հայաստանին չի վերաբերում: «Տարածաշրջանում կան շատ խաղացողներ, որոնք տարբեր շահեր ունեն, եւ որեւէ լուծում պայմանավորված կլինի քաղաքական մեծ հանգամանքներով կամ իրողություններով»: Զուգահեռ անցկացնելով գերմանական երկու հանրապետությունների միավորման հետՙ դեսպանը հայկական պետությունների միավորումն անհնարին չի համարում. «Մի ժամանակ մենք էլ էինք կարծում, որ Գերմանիաների միավորումն անհնար է»:
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելունՙ դեսպանն ասում է, որ պետք է հնարավորություն տալ Վարդան Օսկանյանին դատախազությանը ներկայացնելու ողջ գործընթացն ու նպատակները, եւ թե ինչպես են ծախսվել նվիրատվությունները:
«Մեծ ուշադրությամբ կհետեւենք գործընթացին: Մենք բոլորս դեռ չգիտենք Վարդան Օսկանյանի մեղավորության առկայությունը, եւ դատախազությունն է իրավասու բացահայտելու դա», ասաց Ռայներ Մորելը` նշելով, որ զուտ իրավական դաշտում գտնվող այս գործընթացը փորձում են քաղաքականացնել:
Ի. Պ.