«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2012-10-02 | #172, 2012-10-03 | #173, 2012-10-04


«ՀԱՄԵՐԿՐԱՑԻՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՆԻՍՏՈՒՄ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության «Համերկրացիներ» ծրագրի վերաբերյալ կառավարության դիրքորոշմամբ` նշելով, որ այդ ծրագրին արդեն 2006 թվականից դիմել է 26 հազար մարդ, նրանցից մեկնել է 1500-ը, ընդ որում` Գյումրիում մարդկանցից դիմումները վերցնում են ամիսը երկու անգամ: Ռուսաստան մեկնողները պետք է հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից, կտրվեն հայրենիքից եւ բավական մեծ ժամանակահատված Ռուսաստանում ապրելու պայմանագիր կնքեն: Ի՞նչ է արվում, որ օտար պետության ծրագրով Հայաստանի քաղաքացիներին չհավաքագրեն, հետաքրքրվեց Ա. Արզումանյանը, մանավանդ, իր լսելով, Հայաստանի կառավարությունը նույնպես մտահոգ է այդ հարցով: Պատասխանելով այս հարցին` վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատեց, որ կառավարությունը մտահոգ է այդ հարցով: Նա նշեց, որ այս հարցը ռուս գործընկերների հետ անընդհատ քննարկվել է, նույնիսկ միջկառավարական հանձնաժողովում, եւ այդ խնդրով կառավարությունում զբաղվում են, որտեղ առկա է այն տեսակետը, որ շատ երկրներում իրականացվող այս ծրագիրը նույն ձեւաչափով Հայաստանում չպետք է իրականացվի: Ռուս գործընկերներին ասվել է, որ Հայաստանի կառավարությունն այս ձեւաչափով իրականացմանը համաձայն չէ: Ռուսական կողմն էլ ընդունում է Հայաստանի վերապահումները, ուրեմն եւ պետք է այնպիսի համաձայնություն ձեռքբերվի կողմերի միջեւ, որ կազմակերպված արտագաղթ չլինի: Հոկտեմբեր 12-ին Երեւանում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում այս հարցը եւս հավանաբար օրակարգում կլինի:

Մեր կողմից նշենք, որ Հայաստանի քաղաքացիների համար վաստակ ունենալու այդ ճանապարհը փակելու փոխարեն օրենսդիրն ու գործադիրը ձեռք ձեռքի այնպիսի տանելի վիճակ պետք է ստեղծեն Հայաստանում, որ մարդիկ աշխատանք ունենան ու հեռանկար տեսնեն երկրում, ոչ թե տեխնիկապես խոչընդոտեն մի բանի, որ ուրիշն առաջարկում է, մերոնք` ոչ:

Երեկ Ազգային ժողովում քննարկվում էին Կենտրոնական բանկի հաշվետվությունն ու 2011 թվականի բյուջեի կատարողականը, որոնք երկուսն էլ ընդդիմությունը քննադատում էր, անգամ որակումների մեջ խտրականություն չէր դրվում, օրինակՙ բանկային համակարգը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը անվանեց «թարախապալար», որը չի թողնում տնտեսություն զարգացնել, իսկ կատարողականն էլ 120-էջանոց «աղբ»: Կատարողականի վերաբերյալ իր ուղերձից հետո վարչապետը պատգամավորների` զեկուցողներին հարցեր ուղղելու ժամանակ դահլիճում չէր, ու պատգամավորներից Նիկոլ Փաշինյանը հատկապես նրան էր ուզում հարցեր տալ, նշելով, որ դա կանոնակարգով է նախատեսված:

Պատգամավորներին լիարժեք ու կոմպետենտ պատասխաններ տալու անհրաժեշտության հարցը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը ` թե մի քիչ հարգանքով վերաբերվեք այս հիմնարկին: Ի պատասխան վարչապետը նշեց, որ շատերը կվկայեն` ոչ մի անգամ կառավարության անդամները, գործադիրի ներկայացուցիչները անհարգալիր վերաբերմունք չեն դրսեւորել պատգամավորների եւ Ազգային ժողովի հանդեպ, նույնիսկ ինքը հանձնարարել է նախարարներին, որ ինչ որակումներ էլ լսեն, անհարգալից պատասխան չտան ու անպատասխան թողնեն: Վարչապետը նույնը ակնկալեց նաեւ պատգամավորներից, մինչդեռ այստեղ ով ինչ որակում ասես տվել է (նա նշեց բյուջեն աղբ անվանելու դեպքը). «Կառավարության անդամների հասցեին հնչում են հայտարարություններ, մեղադրանքներ եւ այնպիսի խոսքեր, որոնք հարիր չեն պատգամավորներին: Ես խիստ հանձնարարական եմ տվել, որ չարձագանքեն այդպիսի հայտարարություններին: Միեւնույն ժամանակ, ձեզ եմ ուզում խնդրել, որ փոխադարձ հարգալից վերաբերմունք դրսեւորեք եւ զերծ մնաք այնպիսի արտահայտություններից, որոնք հարիր չեն պատգամավորներին: Չեմ կարծում, որ այդպիսի պահվածքը բարձրացնում է ընդդիմության հեղինակությունը», ասաց վարչապետը:

Վարչապետին միացավ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ նույնպես կոռեկտության հրավիրեց բոլորին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4