Գերմանացի աշխարհաճանաչ թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի հետ ծավալուն հարցազրույց է տպագրել «Քյոլներ շտադտ անցայգեր» օրաթերթը, որում լեգենդար գերմանուհին խոսել է թեյի, տաղանդի, թենիսի ու Անդրե Աղասու հանդեպ իր մեծ սիրո մասին:
«1969-ին լույս աշխարհ եկած Շտեֆանի Մարիա Գրաֆը Գերմանիայի ամենահաջողակ թենիսիստուհին է, 1988-ին հաղթանակ է տարել ինչպես բոլոր 4 մեծ մրցաշարերում, այնպես էլ օլիմպիադայում: Ապրում է Լաս Վեգասում, երեխաների եւ ամուսնուՙ աշխարհի թենիսիստների վարկանիշային աղյուսակում նախկինում առաջին տեղը զբաղեցնող հայկական ծագում ունեցող Անդրե Աղասու հետ», գրում է գերմանական լրատուն:
Քյոլնիՙ միջազգային ճանաչում ունեցող կիրառական արվեստի թանգարանում հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը անցկացվող Teekanne-Tealounge ցուցահանդեսը բացելու պատվավոր առիթը տրվել է թեյի մեծ սիրահար Շտեֆի Գրաֆին: Մի գավաթ թեյի շուրջ ծավալված զրույցիցՙ հատվածաբար:
«Ձեր երեխաների հետ գերմաներե՞ն եք խոսում» հարցին Գրաֆը պատասխանում է. «Երբ նրանց հետ մենակ եմ, այո: Բայց երբ ուզում եմ, որ ամեն ինչ հասկանան, անգլերենն եմ ընտրում: Բացի ինձնից, մայրս էլ նրանց հետ գերմաներեն է խոսում: Հիմա երբեմն դժվարություններ եմ ունենում գերմաներեն ճիշտ բառեր գտնելու: Ամուսինս հասկանում է ավելին, քան խոստովանում է: Նրա ընտանիքում, ուր այցելում ենք համարյա ամեն շաբաթավերջին, շատ հայերեն ենք լսում: Ես հայկական ազգային բոլոր ճաշատեսակները ճանաչում եմ»:
Երեխաների մասին պատմում է, թե մեծը թենիս խաղալու տաղանդ ունի, փոքրն էլ լավ է խաղում, բայց երկուսն էլ մյուս մարզաձեւերում ավելի հաճույքով են խաղում: «Ձեր երեխաները գիտե՞ն, որ իրենց ծնողները թենիսի լեգենդներ են» հարցին պատասխանում է. «Ոչ: Մեր կարիերայի մասին ստույգ չգիտեն, քանի որ դրա մասին հազվադեպ ենք խոսում»: «10 տարի է ամուսնացած եք Անդրեի հետ: Նրա մեջ ի՞նչն է, որ Ձեզ դեռ գրավում է»: «Սերն ու միմյանց հասկանալու ունակությունը տարիների հետ նույնիսկ աճել են», պատասխանում է Գրաֆը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա