Թուրքական հրետանին հարվածել է սիրիական բանակի դիրքերին
Հոկտեմբերի 3-ի երեկոյան եւ լույս 4-ի գիշերը թուրքական հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերին: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով թուրքական աղբյուրներ:
Սիրիացի իրավապաշտպանները հայտարարել են, որ երեկ գիշեր տեղի ունեցած հրետակոծության ժամանակ սպանվել են սիրիացի զինծառայողներ, որոնց ստույգ թիվը չի նշվում:
Սիրիայի գիշերային հրետակոծությունը վերջին մեկ օրվա ընթացքում դարձավ թուրքական բանակի երկրորդ գործողությունը: Նախորդ օրվա երեկոյան թուրքերը սիրիացիների դիրքերը հրետակոծել էին Թուրքիայի սահմանամերձ Աքչակալե քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո: Թուրքական աղբյուրների տվյալներով, պայթյունից զոհվել են 5 խաղաղ բնակիչներ, կան նաեւ վիրավորներ: «Հյուրիեթ» թերթը գրում է, որ սկզբում թուրքերը կարծել են, թե քաղաքի վրա պատահականորեն ընկել է սիրիական ական: Բայց հետո պարզվել է, որ դա հրետանային արկ է, որն արձակվել էր կառավարական զորքերի դիրքերից: Դրանից հետո թուրքերը որոշել են հակահարված տալ:
Անկարայի կառավարությունը խոստացել է առավելագույն կոշտ պատասխան տալ թուրքական քաղաքի հրետակոծությանը: Բրյուսելում անցկացվել է ՆԱՏՕ-ի արտակարգ խորհրդակցություն: Այնտեղ դաշինքի անդամ երկրների դեսպանները վճռականորեն դատապարտել են Դամասկոսի գործողությունները եւ խոստացել են անհրաժեշտության դեպքում պաշտպանել Թուրքիային:
Բացի դրանից, Անկարան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է շտապ կարգով դատապարտել «սիրիական ագրեսիան»:
Եվրոմիությունը երեկ արդեն դատապարտել էր սիրիական բանակի գործողությունները, «բոլոր կողմերին» զսպվածության կոչ անելով: ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է. «Ես խստիվ դատապարտում եմ սիրիական ուժերի կողմից թուրքական Աքչակալե քաղաքի ռմբակոծումները»:
Միացյալ Նահանգները իր հերթին բողոք է արտահայտել սիրիական բանակի գործողությունների դեմ. «Մենք զայրացած ենք, որ սիրիացիները կրակ են բացել սահմանի մյուս կողմից, եւ ափսոսանք ենք հայտնում թուրքական կողմից մարդկային կորուստների կապակցությամբ», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որի խոսքերը մեջբերում է «Ֆիգարո» թերթը:
Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին է դիմել, որպեսզի արտերկրում զինված ուժերի օգտագործման թույլտվություն ստանա, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը: Անցյալում նման թույլտվությունն անհրաժեշտ էր Իրաքի հյուսիսում թուրքական բանակի գործողությունների անցկացման համար: Այնտեղ թուրքերը պայքարում են քրդական PKK-ի անջատականների դեմ:
Սիրիական կողմը դեռ հոկտեմբերի 3-ի երեկոյան ափսոսանք էր հայտնել թուրքական քաղաքի գնդակոծման կապակցությամբ: Բացի դրանից, Դամասկոսը խոստացել էր գտնել եւ պատժել մեղավորներին: Սակայն Անկարային այդ բացատրությունները չէին բավարարել:
Երեկ հետմիջօրեին Թուրքիայի խորհրդարանը բանակին թույլատրել է գործողություններ իրականացնել արտերկրում: Կառավարության այդ նախաձեռնության օգտին քվեարկել են 320, դեմՙ 129 պատգամավորներ:
Միջազգային շատ փորձագետների կարծիքով, Թուրքիա-Սիրիա լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը անմիջական է: Տեսնելով նախագահ Բաշար Ասադի զորքերի ուժեղ դիմակայությունը, Անկարան վերջերս ավելի դյուրագրգիռ է դարձել պատերազմական գործողություններ ձեռնարկելու սիրիական բանակի դեմՙ իր հետեւից փորձելով տանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: