«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2012-10-03 | #173, 2012-10-04 | #174, 2012-10-05


ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ԱՄՆԵԶԻԱ ԿԱՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԷԹՆՈՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱԲՈՒՆ

Վերհիշումն առհասարակ համարվում է մարդու, հասարակության ու ազգերի գոյության անբաժանելի էությունը: Եվ վերհիշման գործընթացը չի դիտվում սոսկ որպես անցյալի պարզ վերարտադրություն, այլ անցած դեպքերի եւ արդեն ապրված զգացմունքների վերակառուցում: Ավելին, անցյալի վերհիշումը ակտիվ, կառուցողական գործընթաց է, այլ ոչ թե տեղեկատվության սովորական վերականգնում, եւ հիշելՙ նշանակում է անցյալի մի մասը տեղադրել ներկայի հայացքների համակարգի ու կարիքների սպասարկման մեջ (Barry Schwartz):

Անվիճելիորեն, հիշողությունը որպես բարձրագույն իմացական գործընթաց, մեծ ազդեցություն ունի մարդու հոգեկան գործունեության ընթացքում: Պակաս կարեւոր չէ նաեւ ազգային հիշողության դերը, որը փոխկապակցված է ազգային ինքնագիտակցության, մտածողության, հետեւապես եւ վարքային դրսեւորումների հետ: Հիշողությունը սերտորեն կապված է ազգային ինքնությանը: Այս առումով անցյալի դերի ճշգրտման գործընթացը եւս անխուսափելի է: Գիտական գրեթե բոլոր հայտնի տեսություններում էլ հիշողությունը չի դիտվում զուտ անհատական երեւույթ: Հիշողության գործընթացում սոցիալական ենթատեքստն անխուսափելի է, եւ սոցիոմշակութային ենթատեքստ ունեն ինչպես միջանձնային, այնպես էլ միջխմբային ու միջէթնիկական բոլոր շփումները, որոնցում հիշողության բաղադրիչն անխուսափելի է: Հիշողության, ավելի ճիշտ, ազգային հիշողության կարեւորության մասին կարելի է երկար խոսել, իսկ ինչու են մարդիկ ցանկանում հրաժարվել հիշողությունից ու անցյալից, եւ ինչ է տեղի ունենում կանխամտածված ամնեզիայից: Ցեղասպանության ժխտման երեւույթը եւ այս կապակցությամբ թուրքական կառավարության հետեւողական քաղաքականությունը կանխամտածված ամնեզիայի հետեւանքն են, ինչն, անտարակույս կշարունակի խոչընդոտել համաշխարհային ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքների լիակատար պահպանմանը:

Անշուշտ, թուրքական կառավարությանՙ հայկական տաբուի կանխամտածված ամնեզիան պաշտպանական ռազմավարություն է, որը, սակայն, երկար կյանք չի կարող ունենալ, քանի որ արտամղված բացասական մտքերն ու ապրումները իրենց գոյության մասին հիշեցնել են տալիս մարդու կամ էթնոսի հոգեկան գործունեության կարեւորագույն մակարդակներից մեկիՙ ենթագիտակցության շնորհիվ: Ցեղասպանության ժխտման մասին ֆրանսիական Սենատի օրինագիծը քրքրեց թուրքական էթնոսի հիշողության խորխորատները: Ապաշխարած մի շարք թուրք մտավորականներ եւս շարունակում են վերակառուցել թուրքական կառավարության հիշողությունը, սակայն հիշողության կանխամտածված ամնեզիան տեղի չի տալիս: (Հիշենք Թաներ Աքչամիՙ վարչապետ Էրդողանին հղված հեռագրերը, որոնք արխիվային փաստաթղթերում արտացոլված եղեռնի իրագործման կոնկրետ ապացույցներ էին):

Թուրքական էթնոսի կոլեկտիվ ու անհատական պատասխանատվության բացակայության չարիքը նույն կանխամտածված ամնեզիայի ծնունդ է: Հայոց ցեղասպանության նկատմամբ ներքին անհատական պատասխանատվության զգացումը շարունակում են իրենց վրա կրել այնպիսի հայտնի թուրք մտավորականներ, ինչպիսիք են Թաներ Աքչամը, Օրհան Փամուքը, Էլիֆ Շաֆակը..... եւ էլի ուրիշներ: Իրականում կոլեկտիվ պատասխանատվություն կրելը հոգեբանորեն ավելի դյուրին վիճակ է, որում խղճահարության ու մեղքի զգացման տառապանքն այնքան էլ մեծ չէ: Մինչդեռ թուրքական էթնոսի պարագայում ցավալիորեն ժխտվում են ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը (բացառություննեը չհաշված): Սա, իհարկե, կրկին պայմանավորված է թուրքական կառավարության վարած քաղաքականությամբ: Թուրք պատմաբանները հաճախակի են սկսել շրջանառել այն միտքը, որ հայերը պարզապես պատժվել են իրենց կատարած չարագործությունների համար: Ի դեպ, այստեղ առկա է նաեւ կրոնական մտածողության տարրը: Ղուրանի «Խաջի» տարբեր սուրահներում ընթերցում ենք «Ակն ընդ ական, ատամ ընդ ատաման» գաղափարն արտացոլող տարբեր մտքեր (Պատասխանիր չարին նույն չափի չարությամբ): Կատարածի կրոնական յուրատիպ հիմնավորումներին ու արդարացումներին գումարվում են նաեւ թուրք գաղափարախոս Զիա Գեոքալփի «հիմնավորումները»: «Ստամբուլի ռազմական տրիբունալի իր ցուցմունքներում նա ասաց. «Պետք չէ չարախոսել մեր ազգին: Թուրքիայում տեղի է ունեցել ոչ թե հայերի կոտորած, այլ հայ-թուրքական ընդհարում: Մեր մեջքին հարված են հասցրել, եւ մենք էլ պատասխանել ենք նույն ձեւով»:

Թուրքական կառավարության ավտորիտարիզմը, որը հիմնված է բռնության տարրի վրա, թուրքական հանրույթի կողմից շարունակվում է ընկալվել որպես նորմ, ազգային հոգեբանության արժեհամակարգ, որտեղ բոլորը հնազանդ են օրենքի ուժի առաջ /ի դեպ, այսպիսի անառողջ հանդուրժողականությունը եւս ունի կրոնական հիմքեր/:

Ի հակակշիռ Թուրքիայիՙ Գերմանիան այլեւս ազատագրված է պամության մի ժամանակահատվածում իշխանության գլուխ կանգնած նացիստների կատարածից: Եվ այս առումով էթնոսի հոգեկանի գիտակցական ու ենթագիտակցական մակարդակներում չի կրում հիշողության այն ծանր բեռը, որը կատարվել է իշխանության գլուխ եկած նախորդների սխալ քաղաքականության արդյունքում:

Կանխամտածված ամնեզիան ժամանակավրեպ է այն առումով, որ պատմական փաստերը բավականին ամուր հիմքեր ունեն, իսկ Թուրքիայում հայկական ներկայությունը կշարունակվի անցանկալի համարվել, քանի որ այդպիսին է կանխամտածված ամնեզիայի տրամաբանությունը:

Կանխամտածված ամնեզիայի պահպանումը սնվում է այնպիսի վտանգավոր երեւույթներից, ինչպիսին թուրքական էթնոսի վարած քաղաքականության երկերեսանիությունն է: 1950-60-ական թվականներին կանխամտածված ամնեզիան կերակրվում էր լքված հայկական վանքերով ու եկեղեցիներն ավերելու միտումներով, չնայած ցեղասպանության ժխտման քաղաքականությունը որպես այդպիսին որդեգրված չէր: 70-80-ականներին որոշ ավերակներ պայթեցվում էին: 70-ականներից սկսած հայկական տաբուն պետական քաղաքականության մաս է դառնում, ինչը գնալով խորացնում է թուրքական էթնոսի կանխամտածված ամնեզիան, որը գործում է հակադարձ ազդեցության էֆեկտով: Նշենք ընդամենը մի օրինակ: 2009 թվականի մայիսի 23-ին Դյուզջեում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է. «Տարիներ շարունակ մեր երկրից վտարվել են նրանք, ովքեր էթնիկապես այլ ինքնություն են ունեցել»: Սա նույն Թալեաթ փաշայի ռասիզմի դրսեւորումն է տասնյակ տարիներ անց, որից հիմա սնվում է թուրքական էթնոսի կանխամտածված ամնեզիան: Բայց, ինչպես տեսնում ենք, հիշողությունն իրեն հաճախակի է զգալ տալիս թուրքական կառավարության հայտնի պաշտոնյաների ելույթներում:

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը 2001 թվականին ստեղծեց ցեղասպանության մեղադրանքների դեմ պայքարի համակարգող կոմիտե: Կոմիտեում ներկայացված են բոլոր առանցքային նախարարությունները, զինված ուժերը, իսկ ղեկավարը փոխվարչապետն է: Ահա եւ որտեղից է սնվում մտացածին ամնեզիան: Այստեղ հիշատակենք Կ. Մարքսի մտքերից մեկը. «Մարդիկ իրենք են կերտում իրենց պատմությունը, բայց նրանք այդ կերտում են ոչ թե այնպես, ինչպես իրենք են ցանկանում, այնպիսի պարագաներում, որ իրենք չեն ընտրել, այլ որոնք անմիջապես առկա են, տրված են նրանց եւ անցյալից են փոխանցվել: Բոլոր մեռած սերունդների ավանդույթները, որպես մղձավանջ, ծանրանում են կենդանի սերունդների մտքերի վրա: Եվ հենց այն ժամանակ, երբ մարդիկ կարծես թե զբաղված են միմիայն նրանով, որ ձեւափոխում են իրենց ե՛ւ շրջապատը, ե՛ւ ինչ-որ աննախընթաց բան են ստեղծում, հեղափոխական ճգնաժամերի հենց այդպիսի դարաշրջաններում նրանք երկյուղով դիմում են կախարդանքիՙ իրենց օգնության կանչելով անցյալի հոգիներին, նրանցից անուններ, մարտական լոզունգներ, հագուստներ են փոխ առնում, որպեսզի հնությամբ սրբագործված այդ զգեստով, փոխառված այդ լեզվով համաշխարհային պատմության նոր տեսարանը խաղան»:

Ասել է թե չարության արգանդը շարունակում է հղիանալ եւ բոլորովին էլ կարեւոր չէ ինչ բնույթի չարիքներով: Ի դեպ, ռասիզմի դրսեւորումներն ակնհայտ են թուրք գաղափարախոս Զիա Գյոքալփի գաղափարախոսական դրույթներում, որոնք ժամանակին գաղափարականացված են եղել թուրքական վերնախավի շրջանում: Հենց այդպես է դրվել «Փոքրամասնությունների» բուրժուազիայի թուրքական բուրժուազիայով փոխարինման խնդիրը: Հիշենք Թուրքիայի վարչապետ Էրդողանիՙ Թուրքիայում անլեգալ ապրող հայերի մասին արված հայտարարությունը, որում ակնհայտ էր հայկական ներկայության անցանկալիության կարծրատիպը: Ըստ էության, անցյալը ներկա է թուրքական էթնոսի վարած քաղաքականության մեջ, թեկուզեւ խոսքային բազմաթիվ կարծրատիպերում: Մինչդեռ հիշողությունը, որ դիտվում է էթնոսի հարստությունը, պետք է հնարավորինս ճիշտ օգտագործվի: Վաղուց ապաշխարած թուրքերից մեկըՙ Թաներ Աքչամը The New York Times թերթի 2012 թվականի հուլիսի 19-ի համարում «Թուրքիայի մարդու իրավունքների երկերեսանիությունը» հոդվածում մատնանշում է թուրքական էթնոսի մարդու իրավունքի ասպարեզում արտահայտված երկերեսանիության մասին: Իր էթնոսի առողջ ապագայի մասին սրտացավ թուրքը Sesonline.net կայքին տված հարցազրույցում նշել է. «ԱԶԿ-իՙ Թուրքիայում եւ մուսուլմանական աշխարհում վայելած ժողովրդականությունը Էրդողանին հնարավորություն է տալիս առաջնորդել հանդուրժողականության ժամանակաշրջանը: Ընդունելով քրիստոնյաների նկատմամբ կատարած ցեղասպանությունն ու մյուս խմբերի նկատմամբ իրականացված ոճիրներըՙ թուրքերը մարդու իրավունքների ասպարեզում կարող են առաջնորդ դառնալ, սակայն քանի դեռ հատուցում են օսմանյան սխալների համար, անարդյունք կմնա Թուրքիայիՙ ազատության եւ ժողովրդավարության օրինակ լինելու ջանքերը»:

Ավելին, Աքչամը անխուսափելի է համարում էրդողանի կառավարության «մուսուլմանների դեմ կատարած հանցագործություն» փիլիսոփայության փոխարեն «մարդկության դեմ գործած հանցագործություն» փիլիսոփայության որդեգրումը: Իսկ Էրդողանն անդրդվելի է իր կարծրացած դիրքորոշումներում ու հայացքներում, որովհետեւ կանխամտածված ամնեզիան նախընտրելի հոգեբանական ինքնապաշտպանություն է: Մինչդեռ իրականում կանխամտածված ամնեզիան գրեթե նույն ցեղասպանությունն է, քանի որ շարունակվում է անարգված մնալ մեկուկես միլիոն զոհերի հիշատակը: Մասնագիտական լեզվով ասած, ամնեզիան կարող է տեւել մի քանի րոպեից մինչեւ մի քանի տարի, եւ մոռացված ժամանակաշրջանի տեւողությունը միշտ չէ, որ համապատասխանում է վնասվածքի ծանրությանը: Նշենք նաեւ, որ ամնեզիայի, ըստ որում կանխամտածված ամնեզիայի պատճառներից մեկը հոգեծին է, որն արտահայտվում է տհաճ հիշողությունների, երեւույթների ու իրադարձությունների արտամղման ու մոռացման ձեւով: Այս իմաստով թուրքական էթնոսի կանխամտածված ամնեզիան երկար կյանք չի կարող ունենալ:

Հուսանք, որ թուրքական էթնոսի կանխամտածված «հիշողության կորուստները» աստիճանական ու անվերադարձ խորացում չեն ունենա, եւ Թուրքիան հոգեկան խաղաղությամբ կառերեսվի նախնիների կերտած պատմությանըՙ այդ կերպ նպաստելով ոչ միայն համաշխարհային ժողովրդավարության արժեքների կերտմանը, այլեւ մարդու իրավունքների լիակատար իրականացմանը:

ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ, Հոգեբանական գիտությունների թեկնածու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4