«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2012-10-03 | #173, 2012-10-04 | #174, 2012-10-05


ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ՍՏԻՊԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ. ՏՆՕՐԵՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը տուն-ինտերնատիՙ հոգեկան խանգարման հետեւանքով արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու եւ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված բազմաթիվ բնակիչների շահագործել է: Մասնավորապես, այս տարվա մայիսից մինչեւ սեպտեմբեր աշխատանքային թերապիայի անվան ներքո չորս հոգու տեղափոխել է Գեղարքունիքի Ներքին Շորժա գյուղ եւ ստիպել զբաղվել անասնապահությամբ: Հիվանդները ամիսներ շարունակ խնամել են տուն-ինտերնատի եւ տնօրենի բարեկամների խոշոր եւ մանր եղջերավոր անասունները: Համաձայն գլխավոր դատախազության ներկայացրած տվյալների, հիվանդներն ամիսներ շարունակ գտնվել են տուն-ինտերնատից 30 կմ հեռավորության վրա, պահել են 70 գլուխ խոշոր եւ 130 գլուխ մանր եղջերավոր անասնուններ, նրանց արածեցրել են, կթել, անասնագոմը մաքրել:

Ավելին, պարզվել է, որ Նվեր Հովհաննիսյանը յուրացրել է նաեւ կազմակերպությանը հատկացված 3.100 լ բենզինըՙ տուն-ինտերնատին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս:

Դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ 132.2- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերովՙ պաշտոնեական դիրքն օգտագործելով մի քանի անձանց աշխատանքային շահագործման ենթարկելու հատկանիշով: Ոստիկանության փոխանցմամբՙ Նվեր Հովհաննիսյանը ձերբակալված է:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4