Տրանսպորտի վարչության պետը խոստանում է զգալի փոփոխություններ 5-6 ամիս հետո
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հարկադրված էր պատասխանել մայրաքաղաքի տրանսպորտի վիճակին վերաբերող լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնց հիմքում դժգոհությունն էր այստեղ տիրող վիճակից: Սակայն մինչ հարցերին պատասխանելը նա բավականին երկար պատմեց Երեւանում տրանսպորտային նոր ցանցի ներդրման գործընթացի մասին: Ըստ տրանսպորտի վարչության պետիՙ մայիսի 3-ից սկսվել են մրցույթները, եւ միկրոավտոբուսային երթուղիների արդեն կայացած 21 մրցույթներում, որոնցում ընդգրկված են եղել 76 երթուղիներ, հայտնի են 62 հաղթողները, իսկ 14 երթուղիների համար կանցկացվեն լրացուցիչ մրցույթներ:
Նոյեմբերի վերջին կավարտվեն նաեւ ավտոբուսային երթուղիների մրցույթները, սակայն Հենրին Նավասարդյանը չխոստացավ, որ դրանից անմիջապես հետո ամեն ինչ արմատապես կփոխվի, քանի որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի երթուղիներին անհրաժեշտ բոլոր ավտոբուսները ներկրվեն Հայաստան: Ակնկալվում է, որ 160 նոր ավտոբուսներ կներկրվեն Հայաստան հիմնականում Հարավային Կորեայից:
«Ազգի» հարցին, թե երբ նոր ցանցը ամբողջովին գործի, վարչության պետը կարո՞ղ է խոստանալ, որ ներկայիս գերբեռնված եւ ժամանակային մեծ միջակայքով կատարվող փոխադրումներն այլեւս կվերանան, Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց, որ նոր երթուղային ցանցի ամբողջովին գործարկման ավարտին մենք կունենանք բավականին բարեփոխված տրանսպորտային ռեժիմ, եւ այդ զգալի տարբերությունը երեւանցիները կզգան: Իսկ թե դա ե՞րբ կլինիՙ տրանպորտի վարչության պետը խորհուրդ է տալիս սպասել 5-6 ամիս:
Ավտոբուսային երթուղիների մրցույթներից առաջ Երեւանում կար 29 երթուղի, իսկ ներկայումս արդեն գործում են 35 երթուղիներ, այս ամսվա ընթացքում դրանց կավելանան եւս 3-ը: Վարչութան պետը թվարկեց մի շարք թաղամասեր, որոնց տրանսպորտային սպասարկումը բարելավվել են նոր ավտոբուսային երթուղիների գործարկումից հետո` Նորքի զանգվածներ, Հին Նորք, Քանաքեռ, Դավթաշեն:
Ավտոբուսային երթուղիների երթերի միջեւ ժամանակային միջակայքը 10-15 րոպե է, իսկ միկրոավտոբուսներինը` 5-7 րոպե: Ըստ տրանսպորտի վարչության պետի, «Երեւանտրանս» ընկերությունը վերահսկում է, որ այդ միջակայքը պահպանվի: Նրա հավաստիացմամբՙ ավտոբուսների որոշ երթուղիներում ավոտոբուսները ուշացումով են ժամանում, որովհետեւ համալրված չեն անհրաժեշտ շարժակազմովՙ եւ ժամանակի ընթացքում այդ խնդիրը կլուծվի: Երթուղիները պետք է աշխատեն առավոտյան 7-ից մինչեւ երեկոյան 21-ը, իսկ որոշ երթուղիներՙ նաեւ մինչեւ ժամը 23-ը:
Ներկայումս գոյություն ունի նաեւ վարորդների խնդիրը: Ավտոբուսների համար անհրաժեշտ են D կարգ ունեցող վարորդներ: Նման կարգ չունենալու դեպքում քաղաքապետարանը պարտավորվում է վճարել ուսման վճարը եւ ապահովել աշխատանքով: «Ունենք 80 ավտոբուս, որոնք այս պատճառով չեն շահագործվում», ասաց Հենրիկ Նավասարդյանը:
«Ուղեվարձի փոփոխություն առաջիկայում չի սպասվում», հայտնեց տրանսպորտի վարչության պետը: Վարորդների վրա այսպես կոչված գծատերերի կողմից դրվող 30 հազար դրամ օրական պլանը նա մեծ գումար չհամարեց, ասելով, որ առնվազն 25 հազար դրամը դրանից ծախսվում է վառելիքի վրա: «Գուցե հարկերը իջեցվե՞ն շահութաբերություն ապահովելու համար» հարցին էլ բացասական պատասխան տրվեց: Օրական պետական տուրքը կազմում է ընդամենը 1500 դրամ, որը էական դեր չի խաղում, էական ծախսը վառելիքինն է:
«Ազգի» հարցը վերաբերում էր հանգստյան օրերին Երեւանի տրանսպորտի պարզապես խայտառակ վիճակին, երբ երթուղիներում կամ չեն լինում, կամ գրեթե չեն լինում ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ: Հենրիկ Նավասարդյանը խոստացավ խիստ վերահսկողություն իրականացնել հանգստյան օրերի փոխադրումների վրա:
Մնում է միայն հուսալ, որ Երեւանի տրանսպորտի վարչութան պետի խոստումները եւ հատկապես 5-6 ամիս անց զգալի փոփոխություններ ունենալու խոստումը իրականացված կտեսնենք:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ