«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2012-10-03 | #173, 2012-10-04 | #174, 2012-10-05


ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՐԵՆԴ

Այս հարցն էր քննարկվում «Ֆրութֆուլ Արմենիա» 8-րդ համաժողովում

Երեկ Երեւանում բացվեց «Ֆրութֆուլ Արմենիա» 8-րդ համաժողովը: Այն նվիրված էր Հայաստանում խաղողագործության եւ գինեգործության զարգացման հարցերին: Համաժողովին մասնակցում էին միջազգային հեղինակություն վայելող խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ, մարկետոլոգներ Ֆրանսիայից, Արգենտինայից, Ավստրալիայից եւ այլ երկրներից: Հիմնական թեման հայկական գինու աշխարհում ճանաչելի ապրանքանիշՙ բրենդ դարձնելու հնարավորության հարցն էր երեք բաղադրիչների շուրջը` որակյալ խաղողի մշակում, բարձրորակ գինու արտադրություն, արտահանման եւ վաճառքի ճիշտ կազմակերպում:

Համաժողովին մասնակցեց եւ ելույթ ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանը : Ըստ վարչապետիՙ խաղողագործությունը եւ գինեգործությունը մեր երկրի գյուղատնտեսության մեջ իրենց ուրույն տեղն ունեն: Սակայն 1990-95 թվականներին այս բնագավառում արձանագրվել էին լուրջ կորուստներ: Շուրջ 65 տոկոսով կրճատվել էին խաղողագործության արտադրանքի ծավալները մթերող կազմակերպությունների եւ գործարանների չգործելու պատճառով:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղողագործության զարգացման համար մենք ունենք մեծ ներուժ: Ուրախալի է, որ այս ոլորտում կան նոր եւ լուրջ ներդրումներ: Այսօրվա վիճակագրական տվյալները վկայում են, որ խաղողի պահանջարկը մոտակա տարիների ընթացքում գերազանցելու է առաջարկը: Միաժամանակ, ավելի է խստացվելու խաղողի որակի հարցը, ինչն ստիպելու է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին:

Այստեղ էլ կարեւորվում է խաղողագործությունը ժամանակակից մեթոդներով կազմակերպելու խնդիրը», ասաց վարչապետը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանինՙ այս բնագավառում ներդրումներ կատարելու եւ Հայաստանում խաղողի ժամանակակից այգիներ հիմնելու համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4