Ավստրիական «Die Presse»-ն սեպտեմբերի 27-ին գրում է, թե իր երկրի կառավարությունը ցանկություն ունի թափ հաղորդելու Կենտրոնական Ասիայի երկրների հետ առեւտրաշրջանառությանըՙ կենտրոնական դեր վերապահելով նավթի կարեւորագույն մատակարար Ղազախստանինՙ այդ երկիր ներմուծելով մեքենաներ եւ դեղորայք:
Ըստ թերթիՙ Կասպիցի տարածաշրջանը խոստումնալից էՙ երիտասարդ ազգերը վերելքի ճանապարհին են, ժողովրդավարական առաջընթաց կա, տարեկան մոտ հինգ տոկոս տնտեսական աճ է նկատվում: Այդուհանդերձ շուրջ 81 միլիոն մարդ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում տառապում են կոռուպցիայի, ավտորիտար ռեժիմների եւ Կասպիցի շուրջը Չինաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի եւ Ամերիկայի հետաքրքրությունների բախման պատճառով: Ավստրիական կառավարությունն ուզում է մինչեւ 2015 թվականը տարածաշրջանի հետ առեւտրի ծավալները կրկնապատկել:
Վիեննայում կայացած Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ավստրիացի 100 գործարարների մասնակցությամբ մի կոնֆերանսում այս նպատակի մասին ծանուցել է Ավստրիայի տնտեսության նախարար Ռայնհոլդ Միթթերլեհները: Նրա գնահատմամբՙ տարածաշրջանն «ապագայում զգալի պոտենցիալ ունի»: Առեւտրի ծավալի 1,5 միլիարդը Ավստրիայից ուղղվում է դեպի արեւելք եւ հիմնականում փոխանակվում հումքի եւ նավթի տեսքով: Ղազախստանը Ավստրիայի կարեւորագույն նավթամատակարարն է: 2011-ին Ավստրիան 4,4 միլիարդի նավթ է ներմուծել, որից մոտ 1,4 միլիարդը ներկրվել է Ղազախստանից: Տնտեսության հետազոտական ինստիտուտի անցկացրած վիճակագրությունը ներկայացնում է նաեւ մյուս երկրներիՙ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ստվերային առեւտրի պատկերը: Հիշյալ երկրներից շուրջ 100 միլիոնի ապրանք է ներկրվել Ավստրիա: Արտահանվող ապրանքների առումով ամենամեծՙ մոտ 200 միլիոն արժողությամբ ապրանք է ներմուծվել 2011-ին Ղազախստան: Տարածաշրջանի բոլոր երկրների համար արտահանման կառուցվածքը նույնն է, բացառություն է կազմում Հայաստանը, գրում է ավստրիական լրատուն:
Արտահանումը խիստ կենտրոնացած է արդյունաբերական բարձրակարգ ապրանքների վրա, նշում է տնտեսության հետազոտական ինստիտուտի փորձագիտական եզրակացությունը: Մեքենաներ ու փոխադրամիջոցներ, ինչպես նաեւ քիմիական ապրանքներ: Ինստիտուտին զարմացրել է հայրենի դեղարդյունաբերության հանրաճանաչ լինելու հանգամանքը Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում:
Հայաստանի պարագան առանձահատուկ է, գրում է թերթը: Հայտնի է, որ անցյալ տարի Ավստրիայից 20,7 միլիարդ եվրոյի ոսկի է արտահանվել: Որեւէ մեկը չգիտիՙ ումից կամ ուր, նշում է «Դի փրեսսեն» ու շարունակումՙ մի կարելիություն կա. հնարավոր է Հայաստանի կենտրոնական բանկը գաղտնաբար իր պահուստներն ավելացրել եւ ոսկին ավստրիական բանկերից է ստացել:
Տարածաշրջանում մեծ հարցական է մնում քաղաքական կայունությունը: Նախորդ տարիներին խորհրդային նախկին հանրապետություններում փոխակերպումներ են եղել «ավտորիտար արդիականացման» ձեւով, մեկնաբանում է տնտեսության հետազոտական ինստիտուտը, ապակայունացնող մյուս գործոնը համարելով տարածաշրջանում գերտերությունների հետաքրքրություններով պայմանավորված կրկին ու կրկին բորբոքվող հակամարտություները:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա