«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2012-10-03 | #173, 2012-10-04 | #174, 2012-10-05


«ԴԱԴԱԴԱԴԱՆ ՏԵՆԿՈՆ» ՑՆՑԵՑ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԻՆ

Մեկնարկեց «Հայ ֆեստ» թատերական փառատոնը, որն այս տարի տոնում է իր 10-ամյակը: «Հայ ֆեստ-2012»-ի շրջանակում Հայաստան են ժամանել 25 թատերական եւ պարային խմբեր` 18 երկրից:

Փառատոնի բացման օրը Ճապոնիայի «Դադադադան Տենկո» թատերական խումբը ցնցեց հանդիսականին անկրկնելի երաժշտական ներկայացմամբ, որի ապացույցն էին հանդիսատեսի բուռն ծափահարություններն ու ոգեւորությունը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Ազգի» հետ զրույցում ասաց, որ շատ բարձր է գնահատում փառատոնի դերը, որ տասը տարին շատ լուրջ կենսագրություն է. «Դահլիճն այսօր վկայում է, որ սպասված փառատոն է, որից մենք միշտ ակնկալում ենք նորություն: «Դադադադան Տենկո» ներկայացման վարպետությունը, որը մենք տեսանք բեմի վրա, ուղղորդիչ դեր է խաղում. յուրաքանչյուր ձեւի մեջ պետք է ունենալ բարձր մակարդակ, որակ եւ ինքնատիպություն»: Նախարարի խոսքովՙ փառատոնից ակնկալիքներն արդարացան:

«Հայ ֆեստը» նպատակ ունի Երեւանը դարձնել մեծ թատերաբեմ, որտեղ ամեն մի քաղաքացի կգտնի իր թատրոնը:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը «Ազգին» հայտնելով իր տպավորությունները ասաց. «Փառատոնի առթիվ Հայաստան ժամանած «Դադադադան Տենկո» ներկայացումը հրաշալի տպավորություն թողեց ինձ վրա, ուղղակի վիրտուոզներ են, ես ուղղակի ցնցված եմ: Ափսոսում եմ, որ հայ հանդիսականն այդպես էլ ծափահարել չսովորեց, եթե այս ներկայացումը Մոսկվայում ցուցադրվեր, ապա հանդիսականը չէր թողնի դերասաններին դահլիճից դուրս գալ»: Իսկ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ անդրադառնալով փառատոնին ասաց. «Ես չափազանց փոքր մարդ եմ թատերարվեստում, որպեսզի ունենամ վառ դրսեւորումներով կարծիք, բայց ըստ իս` որպես քաղաքացի, քանի դեռ կա այս փառատոնը, ես ինձ վստահ եմ զգում թատերական ասպարեզում, քանի որ գիտեմ, միշտ կա հետաքրքրական, կարեւոր մի բան նայելու եւ սովորելու: Այս փառատոնը իրենով միշտ բերում է նոր շունչ, թարմ օդ եւ մեծ ուսումնական գործընթաց»: Ն. Հովհաննիսյանը եւս հիացած էր փառատոնի բացման ներկայացմամբ. «Այն, ինչ մենք տեսանք, մեծ սիրով իմ ուսանողներին կփոխանցեմ, թե ինչպես են դերասանները միմյանց զգում, միմյանց հետ ապրում եւ արարում»: Դերասանուհին փառատոնին մաղթեց հարյուր անգամ տասնամյակ:

Փառատոնի կազմակերպմանն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4