Այն բանից հետո, երբ Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարանները անորոշ ժամանակով հետաձգեցին հայ-թուրքական հայտնի արձանագրությունների վավերացման հարցը, կարգավորման գործընթացը փաստորեն սառեցվեց: Սա ծնում է բազմաթիվ հարցեր, թե արդյոք հնարավո՞ր են դրական տեղաշարժեր, եւ ի՞նչ պայմաններում դրանք կարող են լինել: Հարեւան Թուրքիայի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացներին համակարգված կերպով հետեւողները կվկայեն, որ այնտեղի բուռն անցուդարձը ուզած-չուզած իր վրա է սեւեռում հարեւանների ուշադրությունը, որոնք փորձում են հասկանալ իրենց օգուտներն ու վնասները: Ստորեւ վերլուծենք վերջին ամիսների իրողությունները, որոնք օգնում են մեզ ինչ-ինչ կանխատեսումներ անելու:
Հայաստանն ու Թուրքիան առանց պաշտոնական հարաբերությունների
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չհաստատվեցին, իսկ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ: Չի վերացվել 1993 թ. գարնանը Թուրքիայի կառավարության կողմից հայտարարված էմբարգոն, որն արգելում է ապրանքներ ներկրել Հայաստանից: Քաղաքագետները այս վիճակը կարող են անվանել «թշնամական» կամ «պաշտոնական հարաբերությունների բացակայություն»: Չնայած Թուրքիայի նոր գումարման խորհրդարանը արձանագրությունների վավերացման հարցը պահեց մեծ օրակարգում, սակայն հայտնի է, որ պետության ղեկավարները բազմաթիվ առիթներով կրկնել են խնդրի նկատմամբ պաշտոնական մոտեցումը, ըստ որի արձանագրությունները կարող են վավերացվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Տարբեր ժամանակներում թուրքական պետության ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը թուրք-ադրբեջանական դաշինքին եւ վստահեցրել, որ չեն վտանգելու իրենց դաշնակցի շահերը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Եթե այս հայտնի մոտեցումը վերաձեւակերպենք, ապա կստացվի, որ Թուրքիայի ձգտումըՙ «ավելի մեծ դերակատարություն ունենալ» Ղարաբաղյան կարգավորման մեջ, հանգում է Հայաստանի վրա նոր, լրացուցիչ ճնշման լծակ բանեցնելու փորձին, որի արդյունքում Հայաստանը պետք է ավելի «հնազանդ եւ ճկուն» դառնա: Այլ կերպ բացատրել թուրքական դիվանագիտության ակտիվությունը զանազան միջազգային հարթակներում դժվար է: Եվ չնայած թուրքերը հավաստիացնում են, որ, իբրեւ տարածաշրջանում ազդեցություն ունեցող մեծ պետություն, ուզում են հաշտարար միջնորդի դեր ստանձնել իրենց երկու հարեւանների միջեւ եւ, օրինակ, Անկարան կամ Ստամբուլը դարձնել մի նոր հարթակ երկկողմ ուղղակի հանդիպումների համար, անհնար է հարմարվել այն մտքին, որ նրանք հավասար եւ չեզոք աչքով են նայելու Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչքան էլ որ մեդիատորի դերը պարտավորեցնում է լինել այդպիսին:
Հայ-թուրքական սահմանը փակ է, եւ այլեւս չեն լսվում թուրքերի ու նրանց աջակցող մյուս ուժերի ներկայացուցիչների տարակուսական հորդորները, թե ի՞նչ են անում ռուս սահմանապահները Հայաստանի սահմաններին: Ռուսական եւ հայկական զինված ուժերը համատեղ հսկում են մեր սահմանները եւ, փաստորեն, տեսանելի հեռանկարում ռուսական զենքի նման երաշխավոր դերին որեւէ այլընտրանք ուղղակի չի երեւում:
Բոլորը գիտեն, որ չնայած ժամանակին հայտարարված արգելամիջոցներին, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ անցած բոլոր տարիներին աշխույժ առեւտրական հարաբերություններ են եղել եւ կան, որոնց ընդհանուր ծավալը, տարբեր ոչ պաշտոնական հաշվարկներով, կազմում է մինչեւ 150-200 մլն ԱՄՆ դոլար: Այս թվաբանությունը ճշգրիտ ստուգելը շատ դժվար է, քանի որ առեւտուրը կատարվում է երրորդ երկրների միջոցով, եւ այս թվերը ներառված են, ասենք, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան եւ էլի այլ երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունները պատկերող ցուցանիշների մեջ: Ամեն դեպքում, Հայաստանի գլխավոր ավտոմայրուղիների վրա ամեն օր երեւացող թուրքական բեռնատարների շարասյուները հաստատում են, որ բանուկ առեւտուրը շարունակվում է: Ուշագրավ է նաեւ, որ հայ-թուրքական երկկողմ առեւտրի ամբողջ ծավալը, չնչին բացառությամբ, ներկրում է Թուրքիայից: Այսինքն` ավելացնում է թուրքական արտահանման դրական ցուցանիշը:
Այս տարվա սեպտեմբերին Աղթամարի Սուրբ Խաչ վանքում մի քանի հազար հայեր Հայաստանից, ԱՄՆ-ից եւ Մերձավոր Արեւելքից մասնակցում էին Խաչվերաց տոնի արարողություններին, բազմաթիվ ծանոթներից լսել եմ, որ այդ տոնակատարությունն անցել է պատշաճ մակարդակով, եւ որեւէ դժվարություն չի հարուցվել: Այս տարի ռեկորդային թվով հայաստանցիներ են գնացել Անթալիաՙ հանգստանալու, եւ նույնպես մեծ թվով ծանոթներ ասում են, որ նման մակարդակի հանգիստ Հայաստանում ուղղակի չի կարող կազմակերպվել: Ամենատարբեր առիթներով Հայաստան են ժամանում թուրք քաղաքական ու հասարակական գործիչներ, լրագրողներ, գործարարներ, ովքեր ուշադրությամբ եւ հետաքրքրությամբ ուզում են հասկանալ, թե արդյոք քսան տարվա գործադրված արգելամիջոցները թուլացնում եւ ծնկի՞ են բերում Հայաստանը, թե՞ դա անիմաստ եւ անօգուտ գործելաոճ է:
Նոր օսմանականության քաղաքականությունը գործնականում
Վերջերս թուրքական ընդդիմության առաջնորդներից մեկը արտաքին գործերի նախարար Դավութօղլուին մեղադրել է, որ նա Թուրքիայի բոլոր ժամանակներում ամենաթույլ արտգործնախարարն է, եւ նրա բոլոր քաղաքական նկրտումները, առաջին հերթին քրդական գործոնի զսպման հարցում, անօգուտ են եւ անարդյունավետ: Ինչպես հայտնի է, նոր օսմանականության քաղաքականությունը Թուրքիայի այսօր իշխող վերնախավի գաղափարախոսությունն է, որը տեսլական է ստեղծել տանելու Թուրքիան տարածաշրջանում այնպիսի դերակատարության, որն իր լավ ժամանակներում ունեցել է Օսմանյան կայսրությունը: Այս գաղափարախոսությունը աշխարհում շատ քաղաքագետ-վերլուծաբանների մեջ կարող է գտնել ըմբռնում եւ ունենալ հիմնավորումներ, որովհետեւ շատերն են այսօր աշխարհում կարծում, որ գլոբալիզացիայի դարաշրջանի ավարտը կարող է նշանավորվել տարածաշրջանային նոր «կայսրությունների» ձեւավորմամբ: Խնդիրը Թուրքիայի պարագայում այն է, որ նրա հարեւանները, եւ ոչ միայն Հայաստանը, դառը հիշողություններ ունեն այդ ժամանակների հետ կապված եւ չեն ընկալելու նման թուրքական առաքելությունն իբրեւ դրական ազդեցություն: Սիրիայի հետ վերջին ամիսներին պատահածը ցույց է տալիս, որ Թուրքիայի միջամտությունը այնտեղ չի նպաստում կարգուկանոնի հաստատմանը կամ խաղաղեցմանը, այլ, ընդհակառակը, վիշտ եւ դժբախտություն է բերում սիրիացիներին: Մյուս կողմիցՙ քրդական ուժերի աշխուժացումը ամենուրեք Թուրքիայում ստեղծել է մի վիճակ, երբ, վերլուծաբանների վկայությամբ, այս տարվա ամառն այդ առումով թուրքերն անվանել են վերջին տասնամյակներում ամենավատը:
Թուրքիան փորձում է առաջատարի դերակատարությունը պահպանել Իսլամական համերաշխության կազմակերպությունում եւ հատկապես Թյուրքալեզու երկրների համագրծակցության կազմակերպությունում: Որովհետեւ հենց այդ տիրույթում է պաշտոնական Անկարան տեսնում իր ազդեցության ծավալման հնարավորույթունը: Բայց վերջին տարիներին բոլոր դիտորդների համար նաեւ ակնհայտ է դառնում, որ նույնիսկ թուրք-ադրբեջանական դաշինքը չի դարձնում այդ կազմակերպությունները միաբեւեռ եւ անվիճելի ձգողունակ: Ընդհակառակը, օրինակ, Ղազախստանի եւ Ուզբեկստանի զարգացման պարագայում ակնհայտորեն ձեւավորվում են թյուրքալեզու աշխարհի ձգողության նաեւ այլ բեւեռներ: Հայ-թուրքական սահմանը չնայած փակ է, բայց արեւելքում Թուրքիայի ամենակայուն եւ ամենահանգիստ սահմանն է, եւ արդեն երկար տարիներ է, ինչ թուրքական որեւէ չարախոս նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող կասկածել, թե նաեւ այդ սահմանով են ներսուդուրս անում քուրդ զինյալները: 2009 թ. առաջին անգամ քննարկվեց եւ հաջորդ տարի պաշտոնապես Թուրքիայի արտաքին սպառնալիքների ցուցակից հանվեց Հայաստանը, ինչը նշանակում է, որ Թուրքիայում այսօր իրապես բացառում են Հայաստանի կողմից որեւէ ագրեսիայի հնարավորություն: Նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին, որովհետեւ պաշտոնական հարաբերությունների չկարգավորված իրավիճակը փաստորեն սպառնալիք է ստեղծում մեզ համար այդ կողմից, ինչը ձեւակերպված է ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգում: Թուրքիային չեն շտապում ընդունել Եվրոպական միություն եւ անընդհատ պատահում են զանազան բաներ, որոնք նոր դժվարություններ են հարուցում պաշտոնական Անկարայի առջեւ այդ ճանապարհին: Ասում են, որ մեր դարի կեսերին Թուրքիայի բնակչությունը կարող է անցնել 120 մլն-ի սահմանագիծը: Թուրքիան աշխարհի 16-րդ կամ 17-րդ տնտեսությունն է եւ շարունակում է զարգանալ: Ինչպես ասում են թուրք հետազոտողները, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրը չի մտնում թուրքական քաղաքական առաջնահերթությունների օրակարգի առաջին տասնյակ: Հետեւաբար դժվար է կանխատեսել, որ զանազան մեծ ու փոքր մտահոգությունների շրջանում այս խնդիրն ինքն-իրեն հանկարծ կկարեւորվի: Ընդհանրապես, նեոօսմանականության դոկտրինի քննական վերլուծությունը տարբեր երկրներում դեռ առջեւում է: Ինձ հայտնի միակ ընդհանուր գնահատականը, որ առայժմ տրվել է դրան, հնչել է պաշտոնական Երեւանի կողմից, երբ Հայաստանի Հանրապետության նախագահը Կիպրոսում արտասանած իր հայտնի ելույթում հիշեցրեց, որ Օսմանյան կայսրության ժամանակներից մռայլ հիշողություններ ունեն շատ ժողովուրդներ եւ առաջին հերթին հայ ժողովուրդը, որը Հայոց ցեղասպանության զոհ դարձավ: Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ մեր պետությունը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը երբեք նախապայման չի դարձրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, չնայած վերջին տասնչորս տարիներին երբեք այս խնդիրը չի հանել իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից:
Ի՞նչը կխթանի հայ-թուրքական նոր երկխոսությունը
Ուսումնասիրելով «ֆուտբոլային դիվանագիտության» ամբողջ ընթացքը, նկատեցինք, որ կուտակվեց մի քանի հազար էջ ադրբեջանական քաղաքական ու հասարակական գործիչների հարցազրույցներից ու հայտարարություններից, որոնք մեկ սպառնագին, մեկ աղիողորմ կոչ էին անում Թուրքիայինՙ չբարելավել հարաբերությունները Հայաստանի հետ Ադրբեջանի հաշվին: Ահա թե ինչու հայտնվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հայտնի նախապայմանը թուրքական դիվանագիտությունում այն բանից հետո, երբ թվում էր, թե գործընթացի կարգավորման հովանավորներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հորդորներից հետո այդ նորմալացումը շատ մոտ է: Թուրքական առաջնորդները Բաքվում հայտարարում են, որ Թուրքիա-Ադրբեջան քաղաքական ու ռազմական դաշինքին կարող է ավելանալ նաեւ էներգետիկ սերտ համագործակցությունը, այսինքն` Թուրքիան իր բարիքը կստանա ադրբեջանական գազի եւ նավթի շահագործումից: Ի՞նչը կարող է այս պայմաններում նոր լիցք հաղորդել կարգավորման սառած գործընթացին եւ շարժել մեռյալ կետից: Մեկ տարի առաջ թվում էր, թե դա կարող է լինել Արեւմուտքի նոր հետեւողական հորդորը: Ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Ֆրանսիայում չեն պակասել հայտարարությունները, որ պետք է գործնական քայլեր անել հայ-թուրքական սահմանը բացելու եւ երկու հարեւանների միջեւ հարաբերությունները վերջապես կարգավորելու ուղղությամբ: Սակայն Թուրքիան համարում է իրեն տարածաշրջանային հզոր տերություն եւ չի պատրաստվում այս հարցում որեւէ զիջման գնալ: Գոնե մինչեւ այժմ: Ընդհակառակը, Թուրքիայի տնտեսության վերլուծությունը ցույց է տալիս, որ իր տնտեսական պոտենցիալի հետեւողական ազդեցությունը մեծացնելու ճանապարհով նա հավակնում է տարածաշրջանում այնպիսի ազդեցություն ձեռք բերել, որը կստիպի բոլոր հարեւաններին ավելի լուրջ հաշվի նստել իր տարածաշրջանային նկրտումների հետ: Թե ինչպե՞ս կծավալվի Թուրքիան, օրինակ, Հարավային Կովկասում, կախված է այն բանից, թե ի՞նչ չափով դա նրան թույլ կտա Ռուսաստանը, որը մինչեւ այժմ շատ զգայուն է եղել մեր տարածաշրջանում Արեւմուտքի կողմից հավասարակշռությունները խախտելու փորձերի հարցում: Բայց եթե այդ բանը թույլ չի տրվել անգամ գերհզոր ԱՄՆ-ին կամ Եվրոպական միությանը, ինչո՞ւ պետք է դա թույլ տրվի Թուրքիային: Իրանի մրցակցային հնարավորություններն ավելի համեստ են թվում, սակայն պաշտոնական Թեհրանը նույնպես դժվար թե հաշտվի ամբողջ Հարավային Կովկասը հեշտ ու հանգիստ թուրքերին մատուցելու գաղափարի հետ: Ահա այս պայմաններում ուրվագծվում է մի տեսլական, ըստ որի հայ-թուրքական սահմանի վերաբացման հնարավորությունը Արեւմուտքի զգույշ նահանջի պարագայում իրատեսական է թվում մեր տարածաշրջանում եվրասիական գործընթացների ծավալման, ասել կուզի` Ռուսաստանի ազդեցության մեծացման դեպքում: Այլ կերպ ասած, Հայաստանը կստանա տնտեսական եւ քաղաքական մանեւրի մի նոր հնարավորություն տարածաշրջանում, եթե Ռուսաստանը համաձայնի դրան աջակցել: Մնացած բոլոր դեպքերում պետք է սպասել մեկ այլ կատալիզատորի, որը դեռ պարզ չէ, ավելի նպաստավո՞ր, թե՞ ավելի աննպաստ պայմաններ կստեղծի Հայաստանի համարՙ հաստատելու Թուրքիայի հետ առանց նախապայմանների եւ արժանապատիվ հարաբերություններ:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու