«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2012-10-03 | #173, 2012-10-04 | #174, 2012-10-05


ՄԵՆՔ ՇԱՏ «ԸՆԹԵՐՑԱՍԵՐ» ԵՆՔ

Այս տարի մեծ շուքով նշում ենք Երեւանի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելը: Ցնծացինք, հպարտացանք, ծափահարեցինք, մեր ուրախությունն ամրագրեցինք հրավառությամբ: Դե իհարկե, չէ՞ որ մենք ընթերցասեր ազգ ենք, կարդալ շատ ենք սիրում...

Շրջեցի գրախանութներով, եղա գրքի մասնավոր վաճառասրահներում, զրուցեցի անցորդների, ուսանողների, մեր «ընթերցասեր» հասարակության հետ: Հետաքրքրական կարծիքներ լսեցի, ծանոթացա մարդկանց բողոքներին ու դժգոհություններին, հնչեցին նաեւ գոհունակության խոսքեր:

Տեղյակ ենք այսօր, թե ինչ է կատարվում գրքի շուկայում: Գրախանութում պարզեցինք, որ հիմնականում վաճառվում է մասնագիտական գրականություն, պահանջարկ կա նաեւ դպրոցական դասագրքերի, քանի որ անցել են այն բարի ու հին ժամանակները, երբ դրանք անվճար էին: Ո՞ւր ենք հասել, ինչ ցնծության մեջ ենք, առաջին դասարանցիներին այս տարի գրքերն անվճար տրամադրվեցին:

Եվ եթե այսօր մասնագիտական գրականության պահանջարկը կա, ցավոք, նույնը չես ասի գեղարվեստական գրականության մասին: Ստեղծագործությունները դրված են վաճառասեղաններին, եւ ոչ ոք չի մոտենում:

Համակարգչային դարաշրջանի սերունդ ենք: Ինչո՞ւ ժամանակ վատնենք, եթե կարող ենք օգտվել համակարգչից, հնարամիտ մտավորականների «գյուտից»ՙ սեղմագրերից: Բայց մոռանում ենք, որ անշունչ էկրանը խանգարում է շփվել գրքի հետ եւ զգալ գրքի հոտը:

Գրքի մասնավոր վաճառակետերում նույնպես բողոքներ լսեցինք: Մեր դասականների ստեղծագործությունները նույնիսկ երեք հարյուր, չորս հարյուր դրամով չեն վաճառվում: Հետաքրքրվեցինք նաեւ մեր ժամանակակից գրողների ստեղծագործություններով: Նրանց ստեղծագործություններն էլ չեն գնում: Իսկ մենք սազն առել ու մեզ ենք գովում, թե կարդում ենք, միջոցառումներ ենք կազմակերպում ամբողջ տարին եւ գրքի տոնն ենք նշում:

Որքա՜ն հանճարեղ հեղինակների գործեր են մնում վաճառասեղաններին ու այդպես էլ չեն գտնում իրենց ընթերցողին:

ԹԵՀՄԻՆԵ ԱՆՏԱՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4