«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2012-10-05 | #175, 2012-10-06 | #176, 2012-10-09


ՁԱԽՈՂՎԵՑ ՆԱԵՎ ԱՍԱԴԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Այդ իսկ պատճառով էլ Էրդողանը կառչում է Աքչակալեի «հրետակոծությունից»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Հոկտեմբերի 3-ին Ուրֆայի վիլայեթի Սիրիային սահմանամերձ Աքչակալե գյուղաքաղաքի վրա ընկել էր հրետանու արկ, որի պայթյունից սեփական տան բակում զոհվեցին մի կին իր երեք երեխաներով եւ կնոջ բարեկամուհին: Վարչապետ Էրդողանի կառավարությունը «Թուրքիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն կատարելու» համար իսկույն մեղադրեց նախագահ Բաշար Ասադի վարչակարգին, պատճառաբանելով, թե սիրիական կողմը խախտում է միջպետական սահմանի անձեռնմխելիությունը:

Մինչդեռ Թուրքիայի սիրիական սահմանին հարող շրջաններում «Ազատ Սիրիայի բանակի» տեղակայմամբ սահման հասկացությունը վաղուց արդեն վերացել էր երկու երկրների միջեւ, սահմանի սիրիական հատվածում վերահսկողությունն անցել էր այս բանակի գրոհայիններին, պահակակետերում գրոհայինների անվտանգությունն ապահովում էին թուրք զինծառայողները, մաքսատան շենքի վրա ծածանվում էր «Ազատ Սիրիայի բանակի» դրոշը եւ սահմանամերձ շրջաններում գրոհայիններն ամեն օր բախվում էին սիրիական կառավարական զորքերի հետ:

Դեռ ավելին, թուրքական NTV-ի տվյալներով, հրետանու արկը նպատակակետից շեղվել էր 2,5 կմ, ինչը միանգամայն անսովոր է հրետանավորների համար, իսկ Իդլիբը թուրքական կողմի պնդմամբ, որտեղից իբր հրետակոծել են Աքչակալեն, ավելի քան 250 կմ հեռու է այս գյուղաքաղաքից, այսինքնՙ անհասանելի հրետանու խոցման համար:

Այս ամենը չխանգարեց, որ նույն օրըՙ հոկտեմբերի 3-ի երեկոյան, ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ հրավիրի, միջադեպին, բացի Սպիտակ տնից, արձագանքի նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, վերջինին այնուհետեւ միանան Եվրոմիությունն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, դատապարտելով նախագահ Ասադի վարչակարգին: Սակայն դատապարտողները չմոռացան ողջամտության կոչ անել ինչպես սիրիական, այնպես էլ թուրքական կողմին:

Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ հոկտեմբերի 4-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսը, Էրդողանի կառավարության պահանջով մեկ տարի եւս երկարաձգեց այդ երկրում ռազմական գործողություններ իրականացնելու թուրքական զինված ուժերի լիազորությունը: Արտերկիր հասկացությունը տվյալ դեպքում Հյուսիսային Իրաքի հետ ներառում էր նաեւ Սիրիային, ուստի կառավարության պահանջագիրը Մեջլիսում ընդունվեց ձայների 326 կողմ, 129 դեմ հարաբերակցությամբ, որին դեմ էին քվեարկել Ժողովրդա-հանրապետական եւ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունների պատգամավորները:

Հատկանշական է, որ Սիրիայի հարցում վարչապետ Էրդողանի կառավարության որդեգրած դիրքորոշմանը միանշանակ հավանություն են տալիս նաեւ ինչպես «Արդարություն եւ բարգավաճում», այնպես էլ Ազգայնական շարժում կուսակցությունների ոչ բոլոր պատգամավորները, այլապես կառավարության պահանջագրի օգտին քվեարկողների թիվը կլիներ 377, այլ ոչ թե 326:

Ինչ վերաբերում է սահմանամերձ վիլայեթների բնակչությանն ու ալավիներին, ապա պետք է ասել, որ բնակչությունը, ի տարբերություն Էրդողանի կառավարության, դատապարտում է ոչ թե Ասադի վարչակարգին, այլ «Ազատ Սիրիայի բանակին», իսկ ալավիները միջդավանանքային կռիվների սանձազերծումից հեռու մնալու պահանջով զգուշացնում են թուրքական կառավարությանը, ինչպես հոկտեմբերի 7-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ:

Գալով ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի, նաեւ Թուրքիային հասցեագրված ողջամտության կոչին, դրա հիմքում, ըստ ամենայնի, նախագահ Ասադի վարչակարգը տապալելու հարցում Անկարայի անզուսպ սանձարձակությունն է, որի առանձնահատկությունը թերեւս Սիրիայի հետ լարվածությունը հետեւողականորեն սրելու միջոցով արտաքին միջամտության համար նախադրյալներ ստեղծելու նկրտումներն են:

Այլ կերպ, Թուրքիան ինքնուրույն նախաձեռնությամբ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու հնարավորություն չունի, այդ իսկ պատճառով էլ նախաձեռնություն է ցուցաբերում, որ այդ գործողությունների մեջ ներգրավվի ՆԱՏՕ-ին, ինչպես փորձեց ներգրավել հունիսի 22-ին թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումից հետո, ապա նաեւ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին:

Թեեւ ռազմական ներխուժման պարտադիր պայմանը, այդ թվումՙ ՆԱՏՕ-ի համար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումն է, որտեղ Ռուսաստանը եւ Չինաստանը մերժում են Սիրիայի դեմ արտաքին որեւէ միջամտություն, սակայն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի խնդիրը սոսկ այս տերությունները չեն, այլ 16 առանձին խմբերից կազմված սիրիական ընդդիմության խայտաբղետությունը, «Ազատ Սիրիայի բանակի» շարքերի համալրումը տարբեր կարգի վարձկաններով, մոջահեդներով, արկածախնդիրներով, վարձու մարդասպաններով, սրանց անհուսալիությունը եւ հատկապես Իրան-Իրաք-Սիրիա առանցքի ձեւավորման հավանականությունը: Ակնհայտ է, որ նախագահ Ասադի վարչակարգին սատարող Ռուսաստանն ու Չինաստանը կսատարեն այս առանցքին:

Էրդողանի կառավարությունն իհարկե գիտի այս իրողությունները: Սակայն բոլոր հարեւանների հետ առկա խնդիրները զրոյական մակարդակի իջեցնելու դիրքորոշման ձախողումից հետո, ձախողել է նաեւ Ասադի վարչակարգիՙ սեփական նախաձեռնությամբ տապալելու դիրքորոշումն ու ի չիք է դարձրել այս նախաձեռնության մեջ ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին ու ԵՄ-ին ներգրավելու հաշվարկները: Դրանով նա նպաստել է Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի օրինակով քրդական մեկ այլ ինքնիշխանության ձեւավորմանը հյուսիսարեւելյան Սիրիայում:

Թուրքիան այլեւս չի կարող վերականգնել կորցրածը: Սակայն երկարաձգելով արտերկրում ռազմական գործողություններ իրականացնելու թուրքական զինված ուժերի լիազորությունները, այնուամենայնիվ ի վիճակի է իշխանափոխության դեպքում մասնակցել Սիրիայում նոր իշխանությունների ձեւավորմանն ու սպառնալիքի տակ պահել հյուսիսիարեւելյան Սիրիայի քրդերին, նախահարձակ միջոցներով կանխարգելել այնտեղ քրդական ինքնավարության ձեւավորումը:

Այլ կերպ, թուրքական զինված ուժերի հետ կապված պահանջագիրը Սիրիայի հնարավոր իշխանափոխության յուրատեսակ պատրաստությունն է, իսկ Աքչակալեի միջադեպը Մեջլիս ներկայացված այս պահանջագրի հիմնավորումը: Ահա թե ինչու հայտագրին դեմ քվեարկող քաղաքական շրջանակները հարցնում են. «Եթե չլիներ Աքչակալեի միջադեպը, մի՞թե խորհրդարանը հավանություն կտար կառավարության պահանջագրին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4