«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2012-10-06 | #176, 2012-10-09 | #177, 2012-10-10


ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

Սփյուռքահայ խմբագիրներն ամփոփում են լրագրողական 6-րդ համահայկական համաժողովը

Սփյուռքահայ լրագրողների համար կազմակերպվող համաժողովները միայն դրական ազդեցություն ունեն, քանի որ այդ կերպ հնարավոր է շփումներ հաստատել եւ փոխանակել կուտակված փորձն ու նոր ծանոթություններ հաստատել:

Սփյուռքի նախարարության կազմակերպած լրագրողների համահայկական 6-րդ համաժողովից հետո նման տեսակետ են հայտնում սփյուռքահայ խմբագիրները: Նրանք մամուլի ազգային ակումբում գոհունակությամբ նշում են, որ այս տարի հնարավորություն են ունեցել շփվելու նաեւ վարչապետի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ, եղել են նաեւ Ազգային ժողովում:

Այս տարվա համաժողովը, որն անցկացվել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խորագրով», նոր գաղափարներ է հուշել սփյուռքահայ խմբագիրներին, թե ինչպես իրենք պետք է անդրադառնան այդ տարելիցին ու ինչպես կցանկանային, որ հայկական մամուլն անդրադառնար թեմային:

Տաշքենդում հրատարակվող «Դեպի ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր Գեորգի Սահակովը կարեւոր է համարում, որ ոչ թե հայկական մամուլն անդրադառնա Հայոց ցեղասպանության թեմային, այլ խնդիրն առավել շատ լուսաբանվի արտասահմանյան պարբերականներում: Կարեւորագույն եզրակացությունը, որին հանգել են համաժողովի մասնակիցները, այն է, որ ցեղասպանության ճանաչումից առավել կարեւոր է հատուցման գաղափարը, որը նույնպես պետք է լուսաբանվի մամուլով:

Անդրադառնալով Սփյուռքում թերթ հրատարակելու խնդիրներին, Պրահայում լույս տեսնող «Օրեր» անկախ ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանն ասաց, որ սփյուքում լրագրողների եւ խմբագիրների համար գլխավոր խոչընդոտ է ֆինանսական խնդիրը: «Բացի դրանիցՙ մեր առջեւ ծառացած է ամսագրի տարածման հարցը, քանի որ Պրահայում փոստը թանկ է, իսկ ամսագիրը տարածում ենք միայն այդ տարբերակով», ասում է նա:

Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը պատմում է, որ բացի թերթից այսօր հետեւողական աշխատանք են տանում կայքի որակն ու մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

«Կայքի գործունեությամբ փորձում ենք արաբերենով հակահարված տալ այն ապատեղեկատվությանը, որն ադրբեջանական մամուլից է հնչում»:

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթն ամենահին հայկական պարբերականն է: Խմբագիր Արա Քոչունյանը նշում է, որ թերթն անդրադառնում է հիմնականում հայ համայնքին առնչվող թեմաներին եւ հայ-թուրքական հարաբերություններին:

Համաժողովին մասնակցել է նաեւ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը : Նրա մտորումները հիմնականում Հայաստան-Սփյուռք հարաբերություններին են վերաբերում:

«Հայաստան-Սփյուռք համագործակցությունը համահունչ եւ կատարյալ չէ», ասում է նաՙ հավելելով, որ բոլոր ոլորտներում այդ հարաբերությունները պետք է բարելավվեն, իսկ Հայ դատի եւ պահանջատիրության հարցումՙ առաջնահերթ: Թեպետ նախարարությունը կամրջի դեր է կատարում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, սակայն, Սասունյանի գնահատմամբՙ կան հարցեր, որոնք անկատար են եւ ճիշտ չեն արվում:

«Նման բացթողումների առաջնային պատճառներից մեկն այն է, որ Սփյուռքի հետ ամուր կապերի զարգացման բավարար գործընթաց Հայաստանը չի տանում եւ չկան համապատասխան միջոցներ: Պատճառներից է նաեւ թյուր կարծիքը, թե սփյուռքը մեկ միասնական միավոր է»:

Նա առաջարկում է Սփյուռքումՙ յուրաքանչյուր համայնքից քվեով ընտրված ներկայացուցիչների մի կառույց ձեւավորել. շուրջ 100 երկրներից 350 պատգամավոր, կունենանք Սփյուռքի խորհրդարան:

«Երբ ունենանք նման մի կառույց, Հայաստանի եւ Արցախի կառավարությունները կկարողանան կապեր հաստատել վերջինիս հետ, եւ կհամադրվեն հայ ժողովրդի երեք հատվածների աշխատանքները»:

Միաժամանակ Սասունյանը մտահոգված է, որ սփյուռքահայ համայնքները տարանջատված են տարբեր հասարակական եւ քաղաքական կառույցներից, եւ խոստովանում է, որ միավորման գործընթացը շատ դժվար կլինի:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4