Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել «Սիվիլիթասից» փաստաթղթեր առգրավել: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ. Համբարձումյանի առգրավում կատարելու մասին որոշման մեջ, որի օրինակը տրամադրվել է Սիվիլիթաս հիմնադրամին, նշված է. «Առգրավել «Սիվիլիթաս» հիմնադրամում առկաՙ ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» եւ «Պոլիմեր Մատերալս Ինք» կորպորացիաների կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության միջոցովՙ 577897 ԱՄՆ դոլար եւ 11 494 000 դրամ, իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի միջոցովՙ 1427000 ԱՄՆ դոլար հիմնադրամին հատկացնելու, այդ գումարները հիմնադրամի կողմից տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվումՙ հոգաբարձուների խորհրդի որոշումները, նշված խորհրդի նիստերի արձանագրությունները, գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ հանձնագրերը կամ հայտարարությունները, ինչպես նաեւ բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են կապ ունենալ վերը նշված երկու գործարքների հետ (բացառությամբ վարչակառավարչական ծախսերը հիմնավորող հաշվապահական փաստաթղթերի)»:
Ըստ հաղորդագրության` երեկ ԱԱԾ քննիչները այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամՙ առգրավելու Վարդան Օսկանյանին եւ Սիվիլիթաս հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը:
Մի ուրիշ, առավել քան հետաքրքրական տեղեկություն էր երեկ տարածել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը ` որոշ իմաստով էլի կապված Օսկանյանի գործի հետ. Գագիկ Ծառուկյանը երեկ ընդունել էր ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, եւ, ըստ հաղորդագրության, կողմերը զրուցել են մեր երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ: Խոսք է գնացել նաեւ Օսկանյանի մասին. ԱՄՆ դեսպանն ասել է, որ խիստ մտահոգված է կատարվածով եւ ամենայն ուշադրությամբ հետեւում է բոլոր զարգացումներին, բացի այդ` կատարվածը լուրջ հարված է արդարադատությանն ու ժողովրդավարական արժեքներին (երեւում է` այդ խիստ մտահոգությունը ստիպել էր երեկ նույնությամբ կրկնել օրեր առաջ իր արած հայտարարությունը Օսկանյանի գործով մտահոգության մասին): Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային մտահոգում է նաեւ այն հանգամանքը, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում: Գագիկ Ծառուկյանն էլ նշել է. «Իմ հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը: Կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ընթացքում ես անձամբ եմ հանձնարարել խմբակցության պատգամավորներին հանդես գալ խիստ եւ սկզբունքային հայտարարություններով եւ ելույթներով», ասել է ԲՀԿ նախագահը` խոստանալով հետեւողական է լինել, որպեսզի գործն անաչառ քննություն ունենա եւ կայացվի օբյեկտիվ որոշում:
Մ. Խ.