Հարցազրույց Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ
Հայ-իտալական միջպետական հարաբերությունները այնքան էլ հեշտորեն չեն տրվում, քանի որ այս երկրում բավական ակտիվ աշխատում է ադրբեջանական լոբբին, Իտալիան Ադրբեջանից 8,5 մլրդ դոլարի նավթ եւ մի շարք այլ ապրանքներ է գնում: Սակայն վերջին երեք տարին ակտիվ աշխատանք է ծավալում նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպանատունը, որի ջանքերի շնորհիվ Իտալիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում կասեցվեց ադրբեջանական նավթադոլարների ազդեցությամբ ծնված «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ տարածքներում» բանաձեւը:
Այդ եւ մի շարք այլ խնդիրների մասին «Ազգը» զրուցեց Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ, ում հետ զրույցը սկսեցինք դիվանագտական աշխատանքի խոչուխութերի մասին խոսակցությամբ նախ.
- Իրեն հարգող յուրաքանչյուր երկրում արտաքին գերատեսչությունը սովորաբար զբաղեցնում է ամենահեղինակավոր եւ կենտրոնական շինությունը: Դա տուրք չէ այդ երկիր այցելող օտար պատվիրակություններին, այլ առաջին հերթին հարգանքի վերաբերմունք է սեփական արտաքին ճակատում աշխատող բարձրակարգ մասնագետների նկատմամբ, մարդկանց, որոնք ներկայացնում են իրենց երկիրն ու ժողովուրդը, դա պետական վերաբերմունք է դիվանագիտական գործունեության նկատմամբ, որը «մարդկային հարաբերությունների բարձրագույն արվեստն է»: Կցանկանայի, որ ՀՀ ԱԳՆ համակարգը նույնպես արժանանար առավել հոգատար ու հարգալից վերաբերմունքի պետության կողմից: Հակառակ դեպքում 21-ամյա անկախության ընթացքում մենք նորից կանգնած չէինք լինի երրորդ անգամ մի շենքից մյուսը տեղափոխվելու իրական հեռանկարի առջեւ:
Պետք է նաեւ հիշել, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքանության արտացոլումն է: Անհնար է արտաքին ճակատում լուրջ հաջողություններ արձանագրել առանց պետության ներսում ընթացող դրական զարգացումներ ու բարեփոխումներ ապահովելու:
- Իտալիայի մեր դեսապանատունը երկու անձ է սպասարկում` դեսպանը եւ մի դիվանագետ, մինչդեռ Ադրբեջանն այդ երկրում մեծ լոբբիինգ է իրականացնում, շատ մեծ փոխադարձ շահեր կան, որոնց պետք է դիմակայի մեր դեսպանատունը: Այդ իրավիճակում ինչպե՞ս եք աշխատում:
- Իտալիան կարեւոր երկիր է Եվրոմիությունում, եւ տնտեսությամբ երրորդ երկիրը լինելով` իր ձայնն ունի մեզ համար կենսական Մերձավոր Արեւելքի, Բալկանների, Միջերկրական ծովի տարածաշրջանում: Միջազգային եւ տնտեսական համագործակցության ներուժ կա Հայաստանի եւ Իտալիայի հարաբերություններում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին` Իտալիան Ադրբեջանի հետ 8,5 միլիարդի առեւտուր ունի` նավթ է ներմուծում հիմնականում: Բայց վերջին մեկ տարում իրավիճակը շատ ավելի բարդացավ հայերիս աշխատանքի համար, որովհետեւ հիմա քննարկվում է Ադրբեջանից Թուրքիայով, Հունաստանի եւ Ալբանիայի միջոցով դեպի Իտալիա ուղղվելիք գազամուղի վերաբերյալ նախագիծը, ու Նաբուկկոյի հետ միասին զույգ գազամուղերի ճանապարհի ընտրության համար Ադրբեջանը փորձում է խաղացնել տարբեր երկրների, այդ թվում` եւ Իտալիային: Իտալիայի արտգործնախարարը եւ Էկոնոմիկայի նախարարը հայտարարում են, որ իրենց համար ռազմավարական ծրագիր է գազատարի անցկացումը, սա նպաստելու է սեփական աղբյուրների դիվերսիֆիկացիային եւ Ռուսաստանից կախվածության նվազմանը:
- Վերադառնանք ԼՂՀ-ի վերաբերյալ աննպաստ բանաձեւին:
- Հուլիսին Իտալիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ ներկայացվեց մի բանաձեւ`«Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ տարածքներում», որը քննարկման պետք է դրվեր հուլիսի 26-ին: Դեսպանության ջանքերով 4 օրվա ընթացքում այնպիսի մի կազմակերպված իրադրություն ստեղծվեց (արձակուրդային շրջան, պառլամենտը գնում էր արձակուրդ), որ կարողացանք կասեցնել բանաձեը: 4 օրվա մեջ 38 հանդիպում եմ ունեցել բոլոր քաղաքական խմբակցությունների հետ, ու հուլիսի 26-ին արտաքին հարցերի հանձնաժողովը որոշեց, որ քննարկման չի դնելու այդ բանաձեւը, որովհետեւ թերի է: Իմ հանդիպումներում այնպիսի սկզբունքային հարցեր ենք բարձրացրել, որ անգամ Իտալիայի խորհրդարանի հայտնի դեմքերը ասում էին, որ սա սկզբունքի եւ շահի ընտրության հարց է: Եվ հասկանալի է, որ շատ դժվար է կատարել այդ ընտրությունը, երբ Եվրոպան շատ վատ տնտեսական վիճակում է, ու նաեւ քաղաքական խնդիր է դառնում` երկրի շահերը պետք է հաշվի առնվեն: Հարցն իհարկե չի փակվել` հետաձգվել է, գործընթացը շարունակություն կունենա երեւի, հիմա հրավիրվում են փորձագետներ, որոնք իրենց կարծիքները պետք է հայտնեն բանաձեւի վերաբերյալ հետագա որոշումը կայացնելու համար: Խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում այդ բանաձեւի կասեցումից 8 օր հետո 42 պատգամավոր, հասկանալով, որ նախորդ բանաձեւը հաջողություն չունեցավ արտաքին հանձնաժողովում, զուգահեռ երկրորդ գործընթացը սկսեցին եւ մի նոր, ավելի խայտառակ բանաձեւ բերեցին, ուղղակի պատմական փաստերի խեղաթյուրմամբ` «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»: Այդ 42-ի հետեւում կանգնած է ադրբեջանական նավթային լոբբին: 5 օր առաջ հեռախոսազանգ ստացա Իտալիայից, որն ասաց, թե այս բանաձեւը օրակարգ չի մտնի, քանի որ զուգահեռ գործընթաց կա արտաքին հանձնաժողովում, մինչեւ այնտեղ փորձագիտական գնահատականներ չտրվեն` չեն կարող այլ գործընթաց սկսել: Այսինքն` մեր դեսպանությունը եւ մյուս կառույցները պետք է անընդհատ աշխատեն այս ուղղությամբ:
- Այսօր Հայաստան է ժամանում հայ-իտալական պատգամավորական խումբը` այցի նպատակի մասին կուզեի պատմեք:
- Երբ երեք տարի առաջ դեսպան նշանակվեցի Իտալիայում, ստեղծեցինք հայ-իտալական պատգամավորական խումբ` 19 հոգուց, որի պատգամավորների թիվն այսօր աճել, 56 է դարձել: Այսօր խմբի 18 պատգամավոր ժամանելու է Հայաստան, այցը վաղուց ծրագրված էր: Խունբը հանդիպելու է երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի հետ, ԱԳՆ-ում է հանդիպում նախատեսված, Վեհափառի հետ նույնպես: Պատվիրակության մեջ ընդգրկված իտալացի պատգամավորներն այնպիսի մարդիկ են, որոնք հասկանում են հայկական կողմի խնդիրները եւ իրենց գործունեության ուղենիշ են ընտրել սկզբունքները, եւ ոչ թե շահը: Բարեկամության խմբի հետ պատրաստել ենք մի օրենքի նախագիծ, որը ապրիլի 24-ը Իտալիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր կհայտարարի պաշտոնապես: Հիշեցնեմ, որ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատը 2000 թվականին ընդունեց բանաձեւ` որը համերաշխություն հայտնեց Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւին` հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հետ կապված: Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, որտեղ նաեւ ցեղասպանության շարունակականությունն է ցույց տրվում` հասած 1988-ի Սումգայիթի, Կիրովաբադի հայկական ջարդեր:
- Իսկ հոկտեմբերի 18-ին Հայաստան է ժամանում Իտալիայի պաշտպանության նախարարը, այդ մասին խոսենք:
- Արդեն երկու տարի դեսպանությունն աշխատում է այդ շատ կարեւոր այցելության վրա, որը կայանալու է հոկտեմբերի 16-18-ը: Աշխատանք է տարվել, որ ստորագրվելիք փաստաթղթի մակարդակը բարձրացվի մինչեւ միջկառավարական համաձայնագիր, սա նաեւ առաջին համաձայնագիրը կլինի, որ Իտալիան կստորագրի ԱՊՀ որեւէ երկրի հետ: Համաձայնագրով ռազմական համագործակցություն է նախատեսվում տարբեր ուղղություններով` ռազմարդյունաբերությունից մինչեւ տեղեկատվության փոխանակում, կադրերի փոխանակում եւ վերապատրաստում:
- Ընդհանրապես ո՞ր ուղղություններն է կարեւորում մեր դիվանագիտությունը Իտալիայի հետ աշխատանքում:
- Դեսպանությունը մի կարեւոր գիծ է վերցրել այս երեք տարիների ընթացքում, որ կարողանանք իտալական պետության շահագրգռվածությունն առաջացնել`Հայաստանը դիտարկելու որպես Հարավային Կովկասում իրենց շահերի հիմնական հենարան, պատմական եւ մշակութային համատեղ ընդհանրությունների հետ մեկտեղ` ունենալու համար նաեւ իտալացիների հասարակակական համակրանքը: Հայաստան այցելող զբոսաշրջիկների 20 տոկոսը մեր պաշտոնական վիճակագրությամբ իտալացիներ են, դրան մենք հասանք այս վերջին տարիների ընթացքում: Զբոսաշրջային 5-6 ոլորտում մենք շնորհանդես կազմակերպեցինք Իտալիայի տարբեր քաղաքներում, որտեղ մասնակցեցին իտալական 500-ից ավել տուրիստական գործակալություններ: Հայաստանը իտալացիների համար ավետյաց երկրի, միստիկ երկրի աուրան ունի, իտալացիք շատ հետաքրքրված են Հայաստանով, եւ աստիճանաբար տեսնում եմ` ո՞նց է աճում այդ հետաքրքրությունը:
Դեսպանատան աշխատանքի կարեւոր ուղղություն էր տնտեսական համագործակցությունը Եվրոմիությունում մեծագույն տնտեսական պոտենցիալ ունեցող երկրի հետ: Վերջին օրերին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էր Հռոմ այցելել: Վերջին լավ նորությունն էլ ասեմ` անցյալ տարի մեր առեւտրաշրջանառությունն աճեց 40 տոկոսով, 6 ամսվա կտրվածքով մենք 100 տոկոսանոց աճ ունենք: Առեւտրաշրջանառության ծավալը մոտենում է 300 մլն դոլարի տարեկան, ու դա դեռ մեծ ծավալ չէ: Իտալիայից առնում ենք ամեն ինչ` քարի մշակման սարքավորումներից սկսած, գյուղատնտեսական մշակման սարքերից` մինչեւ կոշկեղեն, տեքստիլ արտադրանք եւ այլն: Հայկական շուկայում 60 իտալական ընկերություն ունենք, որոնք աշխատում են իտալական կապիտալով` կա՛մ ամբողջությամբ, կա՛մ համատեղ: Դեսպանության գործունեության թիրախը Հայաստանում իտալական ներդրումներ ապահովելն ու արտահանումը խթանելն է:
- Անցած տարի Հայաստանի նախագահն այցելեց Իտալիա...
- Անցյալ տարվա ընթացքում Հայաստանի նախագահի երկու այց է եղել Իտալիա, հունիսին մեր նախագահը ներկա գտնվեց Իտալիայի վերամիավորման 100-ամյակին` Ջորջիո Նեապոլիտանոյի հրավերով, այնուհետեւ դեկտեմբերին Հռոմ եւ Վատիկան, այնուհետեւ Վենետիկ: Գիտեք` Վենետիկում գրատպության 500-ամյակն էր, եւ այդ առիթով այդ այցը կազմակերպվեց: Մենք դրան տվեցինք քաղաքական հնչեղություն: Այցը լայնորեն լուսաբանվեց այն աստիճան, որ մեր հարեւանները ստիպված եղան տարբեր պատրվակներով մտածել` ինչպես հակակշռեն: Նախագահի այցի ընթացքում մենք խաչքար տեղադրեցինք Հռոմի սրտում հենց, չնայած այնտեղ որեւէ բան տեղադրել չի կարելի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանման տիրույթում է: Իտալիայի քաղաքապետարանը որոշում կայացրեց բացառություն անել հայկական խաչքարի համար` միլիոնավոր տուրիստներ դա կարող են տեսնել: Հազարամյակով կապեր ունենալով Հռոմի հետ` ոչ մի մշակութային հետք չէր պահպանվել, այս խաչքարը լրացնում է բացը` որպես բարեկամություն եւ հիշողություն: Անցյալ տարի դեկտեմբերին տեղի ունեցած Հայաստանի նախագահի այցի ժամանակ Իտալիայի հանրապետություն մեր դեսպանությանը հաջողվեց ոչ միայն ապահովել Իտալիայի նախագահի բարձր հովանավորությունը, այլ նաեւ հասնել նրան, որ ուղերձի մեջ Իտալիայի նախագահն հստակ ընդգծեց Հայաստանի եւ հայ ժողովրդի մեծագույն ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ: Մշակութային միջոցառումների շարքը, որ եղավ նախագահի այցի ժամանակ, նաեւ նպաստեց հետագայում Իտալիայի պառլամենտում կատարվողի մեղմմանը` ստեղծելով մի այնպիսի մթնոլորտ, որը մտածելու տեղիք տվեց իտալացիներին: Իհարկե, շատ վստահ չի կարելի լինել, որ վաղն էլ սկզբունքները կընտրվեն, եւ ոչ թե շահերը, սակայն դրա համար էլ միշտ աչալուրջ պետք է լինել ոչ միայն Իտալիայում, այլեւ Եվրոպական յուրաքանչյուր երկրում, քանի որ ուժն է միշտ որոշիչ եղել, ու մեզնից է կախված մեր հաջողությունը, եւ անգամ` ներքին քաղաքականությունից է կախված արտաքին քաղաքականը:
- Ինչ վիճակում է հայկական համայնքը:
- Երեք հազար հայ է մնացել երկրում, բայց բավական կազմակերպված: Այս տարի 21 տարվա մեջ առաջին անգամ աջակցոււթյան ծրագրով պատվիրակություն է մեկնել ԼՂՀ` դեսպանության ուղղորդմամբ, հիմա ունենք նաեւ «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ Իտալիայում, եւ ամեն տարի իտալահայությունը մոտավորապես հարյուր հազար եվրոյի ծրագիր պետք է իրականացնի:
- Ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու այսօր Մատենադարանում:
- Իտալիայից մենք կարող ենք սովորել մշակութային ժառանգության պահպանում. այսօր Մատենադարանի հետ իտալական կողմը (իտալիայի ձեռագրերի վերականգնման եւ հիվանդությունների ախտորոշման կենտրոնական ինստիտուտի ներկայացուցիչը) ստորագրելու է համաձայնություն, որով նախատեսվում է մասնագետների վերապատրաստում Իտալիայում, որոնք որ կվերադառնան Մատենադարան եւ կօգտագործեն իրենց գիտելիքները: Հայ ուսանողներին կրթաթոշակներ են տրամադրվելու, որ Իտալիայում հինգ-վեց տարի սովորեն` ինչպես են Իտալիայում պահպանում ձեռագրերը: Նաեւ` փորձագետների փոխանակում է նախատեսված: Վերջնական նպատակ կարող է լինել Մատենադարանում այդպիսի կենտրոն-ինստիտուտ ունենալը:
Մի նախաձեռնության մասին էլ պատմեմ` Դադիվանք երկրորդ այցելությունն է լինելու, բացել ենք Դադիվանք հիմնադրամ, որը զբաղվելու է հայկական Դադիվանքի վերականգնման գործով: Խումբն ամբողջությամբ իտալացիներից է կազմված: Այսօր իրենք գալու են եւ կմեկնեն Դադիվանք: Պատրաստվելու է նախագիծ, որը մեզ համար ունի կարեւորագույն նշանակությունՙ հետագայում նաեւ դպրոց է հիմնվելու, որը կսովորեցնի ուսանողներին` ինչպես վերականգնել հուշարձանները: Անցած տարի առաջին գիրքը ԼՂՀ-ի վերաբերյալ իտալերենով տպագրեցինքՙ Նիկոլայ Հովհաննիսյանի ԼՂՀ-ի մասին գիրքը:
Մոտակա ժամանակներում կլինի տուրիզմի նախարարի այցելությունը Հայաստան, նա պետք է դիտարկի Հայաստանի ոլորտային հնարավորությունները: Իսկ նոյեմբերին ունենք Իտալիայում հնագիտության ամենամեծ ցուցահանդեսը` կոչվում է «Հնագիտության զբոսաշրջային ցուցահանդես»: Անցյալ տարի դա Թուրքիայում էր կազմակերպվել, այս տարի Իտալիայի Պալերմոյի շրջան, Պեստում է: Մեկշաբաթյա ցուցահանդես է, որտեղ աշխարհի 98 երկիր է ներկայացված լինում, ծրագիրը պատրաստում է մշակույթի նախարարությունը, մենք պատվո հյուրն ենք դառնալու եւ կենտրոնական ստենդը լինելու է Հայաստանինը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նկար 1. Հայաստանի եւ Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառումներից մեկում