«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2012-10-09 | #177, 2012-10-10 | #178, 2012-10-11


«ԳՅՈՒԼԱՐԳԵՅԹ». Ի՞ՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ «ՍԱՌՑԱԼԵՌԱՆ ԵՐԵՎԱՑՈՂ ՄԱՍԸ»

Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովան երեկ ԶԼՄ-ների համար տարածել է հայտարարություն, որով խնդրել է «այլեւս չանդրադառնալ» իրեն: Աղմկոտ սկանդալի մեջ հայտնված նախկին խորհրդարանականը տեղեկացրել է, որ չունի «սենսացիոն տեսահոլովակ» եւ չի պատրաստվում «հրաժարվել նախաքննության մարմնի հետ համագործակցությունից»: Ահմեդովայի հայտարարության մեջ կար մի արտառոց ընդգծում. նա իրեն շարունակում է համարել իշխող կուսակցության անդամ, թեեւ ավելի վաղ «Ենի Ազարբայջան»-ի գործադիր քարտուղարն ասել էր, որ նա «կորցրել է վստահությունը եւ չի կարող լինել մեր շարքերում», ինչից հետո մամուլը գրել էր, որ Գյուլար Ահմեդովան հեռացվել է ԵԱ-ից:

Ահմեդովայի հայտարարությունը ժամանակի առումով գրեթե համընկավ Ադրբեջանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Էլշադ Աբդուլլաեւի տարածած տեղեկատվությանը, որով հերքվում է նախկին պատգամավորի բնակարանում խուզարկություն անցկացրած լինելու մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը: Այստեղ ուշագրավն այն է, որ Ահմեդովան անուղղակիորեն ակնարկել էր իր կողմից նույնպես կոմպրոմատային տեսահոլովակներ տարածելու հավանականությունը, ուստի բացառված չէ, որ նրա բնակարանում դատախազությունը փնտրած լինի նյութեր, որոնց տարածումը կարող է իշխանություններին ավելի ծանր կացության մեջ դնել:

Trend գործակալությունը նշված գործով որոշ պարզաբանումներ է ստացել Բաքվի քաղաքային դատախազությունից, որն էլ իրականացնում է նախաքննությունը: Հայտնի է դարձել, որ Գյուլար Ահմեդովայի, նախկին Միջազգային համալսարանի ռեկտոր Էլշադ Աբդուլլաեւի եւ մի երրորդ անձի մասնակցությամբ տեսահոլովակների տարածման փաստով հարուցվել է քրեական գործ` Ադրբեջանի քրօր-ի 178.3.2., այն է` «խարդախություն, այսինքն` ուրիշի ունեցվածքին տիրանալը կամ ուրիշի ունեցվածքին տիրանալու իրավունքի ձեռքբերումը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով խոշոր չափի վնաս հասցնելը, հոդվածով: Գյուլար Ահմեդովան հարցաքննվել է... որպես վկա:

Քրօր-ի մեջբերված հոդվածի տրամաբանությամբ, գործով պետք է լինի անձ, որը խաբեությամբ տիրացել կամ փորձել է տիրանալ ուրիշի ունեցվածքին կամ ձեռքբերել դրան տիրանալու իրավունք կամ վստահություն չարաշահելու միջոցով հասցրել խոշոր չափի վնաս, եւ անձ, ում ունեցվածքին տիրացել են խաբեությամբ կամ ում վստահությունը չարաշահելու ճանապարհով հասցվել է խոշոր չափի վնաս: Տեսահոլովակի նյութերից պարզ է, որ Գյուլար Ահմեդովան Էլշադ Աբդուլլաեւից ստացել է 500 000 դոլար կամ մանաթ, բայց նույնքան էլ պահանջում է, որպեսզի «Ալիեւի կազմած ցուցակը կոտրելով» վերջինիս դարձնի պատգամավոր: Խոսակցությանը ներկա է նաեւ մի երրորդ անձ` կին, որը ենթադրաբար Գյուլար Ահմեդովայի օգնականն է:

Եթե Գյուլար Ահմեդովան հարցաքննվել է որպես վկա, ապա ո՞վ է խաբեությամբ տիրացել Էլշադ Աբդուլլաեւի փողերին, ո՞վ է նրանից եւս նույնքան գումար պահանջել, ո՞վ է նախկին ռեկտորին հորդորել «այսուհետեւ աշխատել Ռամիզ մուալլիմի համար»: Ըստ երեւույթին, հենց այստեղ էլ «ծածկվում է սառցալեռը»: Խոսքը Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի մասին է, որ վերջերս հանդես էր եկել շատ կտրուկ հայտարարությամբ, թե տեսահոլովակում իր անվան հիշատակումը «լավ մտածված սադրանք է»: Ընդ որում, նա «սադրանքի» թիրախ դիտել էր տվել ոչ թե իրեն, այլ` «իշխանությանը»: Իսկ թե ո՞ւմ է պատկանում Ադրբեջանում իշխանությունը, ոչ ոքի համար գաղտնիք չէ:

Ադրբեջանական մամուլում եղան եւ շարունակվում են ակնարկները, թե «տեսահոլովակի տարածման թիկունքում կանգնած է նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների աշխատանքը կոորդինացնող վարչության պետ Ֆուադ Ալեսքերովը, որ Ռամիզ Մեհթիեւի պաշտոնի վրա վաղուց աչք ունի»: Միաժամանակ, սակայն, նույն աղբյուրները չափազանց զգուշորեն ենթադրում են, որ Ալեսքերովը «առանց ազդեցիկ հովանավորների հազիվ թե համարձակվեր գրոհել Ռամիզ Մեհթիեւի ուղղությամբ»:

Որոշ ենթադրությունների համաձայն, Ռամիզ Մեհթիեւի դեմ կոմպրոմատային պատերազմ են մղում Փաշաեւները` Մեհրիբան Ալիեւայի հայրական ընտանիքը: Վերջինս բավարարված չէ իշխանության մեջ ներկայացվածությամբ եւ բիզնես քվոտաներով: Բավական տեւական ժամանակ է, ինչ, մասնավորապես, խոսվում է Հաֆիզ Փաշաեւին` Մեհրիբան Ալիեւայի հորեղբորը ԱԳ նախարար նշանակելու մասին: Իսկ Ռամիզ Մեհթիեւի հետ կոնֆլիկտը խորացել է այն բանից հետո, երբ վերջինս համոզել է Իլհամ Ալիեւին` անցկացնելու սահմանադրական հանրաքվե, որով վերացվել է երրորդ ժամկետով նախագահ ընտրվելու արգելքը: Մինչ այդ լրջորեն քննարկվել է նախագահի պաշտոնին Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը առաջադրելու տարբերակը:

«Գյուլարգեյթը», այսպիսով, խորանալու դեպքում իշխող վարչախումբը կարող է բախվել «սառցալեռան չերեւացող մասի»` Ռամիզ Մեհթիեւի կոշտ հակազդեցությանը: Այդ է թերեւս պատճառը, որ ընտրվել է տարբերակ, որի դեպքում Գյուլար Ահմեդովային մեղադրանք չի առաջադրվի, իսկ քրեական գործը կձգձվի, քանի որ Էլշադ Աբդուլլաեւի` Ադրբեջանից դուրս գտնվելու պատճառով «անհնար կլինի առերեսում կազմակերպել» նրա եւ Ահմեդովայի միջեւ: Հաշվարկն այն է, որ ընդդիմությունը չի կարողանալու օգտագործել հարմար առիթը եւ կոնսոլիդացնել դժգոհ ընտրազանգվածը Իլհամ Ալիեւի դեմ նախագահի պաշտոնի համար պայքարում, եւ «գյուլարգեյթն» աստիճանաբար մոռացվելու է:

Դա հավանական է, եթե Իլհամ Ալիեւին հաջողվի զսպել Փաշաեւներից վրեժխնդիր լինելու` Ռամիզ Մեհթիեւի հավանական գործողությունները: Այնպես որ, հնարավոր է` ամեն ինչ սկսվի ոչ թե փողոցից, ինչից երկյուղում է Իլհամ Ալիեւը, այլ հենց իշխանության ներսից:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4