«Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն» գազային տնտեսության պետ Մհեր Ջանվելյանը, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քրոջ ամուսինն է եւ նրա միջնորդությամբ ու աջակցությամբ է ստանձնել այդ պաշտոնը, կարող է հայտնվել սկանդալի կենտրոնում: Պատճառն այն է, որ Ջանվելյանի արդեն նախկին աշխատակիցները հավաստիացնում են, որ նա ոչ միայն ստալինյան ռեժիմ է մտցել կազմակերպությունում, այլեւ նրանցից գումարներ է պահում:
Հասարակական գործիչ, բնապահպան Սիլվա Ադամյանն էլ երեկվանից «Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն» գազային տնտեսության նախկին աշխատակից է:
Մինչ աշխատանքից հեռացնելը մի քանի անգամ հրավիրել են տնօրենի սենյակ եւ պահանջել, որ աշխատանքից ազատման դիմում գրիՙ պատճառաբանությամբ, թե հասարակական գործունեությունը խանգարում է գազի ծառայության աշխատանքներին:
«Բայց եթե ես դիմում գրեի, կստացվեր, որ պարտություն եմ կրում, եւ մինչեւ վերջին րոպեն ընդդիմացել եմ, մինչեւ նա զեկուցագիր գրեց, եւ գազի ծառայության անվտանգության աշխատակիցները եկան եւ ստիպեցին, որ բացատրագիր գրեմ, թե ինչու եմ հարազատ դստեր հարսանիքին պատրաստվելու համար խնդրել 3 օր աշխատանքի չներկայանալ»:
Ադամյանն ասում է, որ բացատրագիրը գրել է, սակայն միեւնույն ժամանակ տեղեկացրել, որ դատի է տալու տնօրենին:
Նա պատմում է, որ խնդիրները սկսվեցին մայիսի 30-ին, երբ «Երեւան գազ» ընկերության տարածքային ծառայության աշխատակիցներին հավաքեցին եւ հայտարարեցին, որ 100 դոլարով պետք է կրճատվի աշխատավարձը:
Դա նշանակում է, որ իրենց աշխատավարձը կրճատվել է 25-30 տոկոսով:
Աշխատակիցների տրամաբանական հարցինՙ ինչո՞ւ, պատասխան չի եղել: Կուլիսային զրույցներից տեղեկացել են, թե իբր պատճառն այն է, որ հսկիչները չեն կարողանում բնակիչներին լավ ստիպել, որ գազի գումարը վճարեն:
Դրանից օրեր անց կազմակերպության 40 աշխատակիցներ կառավարության շենքի դիմաց էին: Նրանք բողոքի ակցիայի ժամանակ պատմել էին, որ սա առաջին դեպքը չէ, երբ խախտվում են իրենց իրավունքները: Բացի դրանիցՙ աշխատակիցներին ստիպում են աշխատել հանգստյան օրերին, նաեւ արձակուրդինՙ առանց վարձատրության: Սակայն այս ամենին աշխատակիցները երկար ժամանակ աչք են փակել, քանի որ ապրել է պետք, իսկ այսօր Հայաստանում աշխատանք գտնելը, մեղմ ասած, այնքան էլ հեշտ չէ: Ինչ վերաբերում է այն խոսակցությանը, թե հսկիչները չեն կարողանում գումար հավաքել, իրենք կառավարության շենքի դիմաց պատմում էին, որ պատճառը ոչ թե իրենց վատ աշխատանքն է, այլ բնակչության տնտեսական վատ պայմանները, որ չեն կարողանում վճարել հարկերը:
Սիլվա Ադամյանը պատմում է, որ կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած ցույցից հետո Ավանի թաղապետը հավաքում է ՀՀԿ անդամ բոլոր կանանց եւ ստիպում աշխատանքից ազատման դիմում գրել: Ադամյանը հիշում է, որ այդ օրվանից իրենց աշխատավայրում տիրող վախի մթնոլորտը կրկնապատկվել է: Ջանվելյանի մարդիկ բողոքողների նկատմամբ հետապնդումներ են իրականացնում, վախեցնում, որ լռեն: Ավելի ուշ, ինչպես Ադամյանն է ասում, տնօրենը ժողով է հրավիրել: Բնապահպանը բառ առ բառ հիշում է, թե ինչ է ասել տնօրենն իր ելույթում: «Սա ձեզ համար Եվրոպա չէ, սա Հայաստանն է, եթե դեմոկրատական արժեքներ եք ուզումՙ մեկնեք Եվրոպա»:
Ադամյանը վստահ է, որ վերոնշյալ հրապարակային մեղադրանքներից հետո գործազուրկ կդառնա նաեւ ամուսինը, որը երկար տարիներ աշխատել է «Երեւանգազ»-ում: Սակայն դա չի խանգարի, որ իրենք շարունակեն պայքարել իրենց իրավունքների համար: Ադամյանը հավելում է, որ դիմելու է նաեւ նախագահինՙ տեղեկացնելու, որ երկրի ամենախոշոր կազմակերպություններից մեկում ոտնահարում են մարդկանց իրավունքն ու նպաստում կոռուպցիայի տարածմանը: Մեր փորձերըՙ զրուցելու Մհեր Ջանվելյանի հետ, ապարդյուն անցան: Գործավարուհին ասաց, որ տնօրենը տեղում չէ, եւ չգիտիՙ երբ կլինի:
Հ. Հ.