«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2012-10-09 | #177, 2012-10-10 | #178, 2012-10-11


«ՄԻԿԱՆ» ՍԿՍՈՒՄ Է ՄՐՑԱՎԵՃԸ

Այսօր Իսրայելի Էյլաթ քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Այս տարի Հայաստանը կմասնակցի միայն կանանց մրցաշարին, որտեղ մեր երկիրը կներկայացնի «Միկան»: Մեր թիմի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, հնդիկ շախմատիստուհի Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը, վրացի Լելա Ջավախիշվիլին ու Աննա Հայրապետյանը: Մրցաշարին կմասնակցեն կանանց 8 թիմեր, որոնք շրջանաձեւ մրցակարգով կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Կանանց «Միկա» թիմը բավականին հաջող է հանդես եկել Եվրոպայի ակումբային առաջնությունում: 2005-ից այդ մրցումներին մասնակցած «Միկան» մեկ անգամ նվաճել է չեմպիոնի տիտղոսը, 3 անգամ հայրենիք է վերադարձել բրոնզե մեդալներով:

«Միկայի» ամենամեծ հաջողությունը գրանցվել է 2006-ին Ավստրիայի Ֆուեգեն քաղաքում անցկացված մրցաշարում, որտեղ մեր շախմատիստուհիները նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Շվեյցարական մրցակարգով, 11 թիմերի մրցավեճում «Միկան» 7 մրցախաղերում վաստակեց 12 միավոր ու գրավեց 1-ին տեղը: Մեր թիմը տոնեց 5 հաղթանակ, 2 հանդիպում ավարտեց ոչ-ոքի: «Միկայում» հանդես էին գալիս Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը, Մայա Չիբուրդանիձեն եւ Նինո Խուրցիձեն:

Հաջորդ տարի Թուրքիայի Կեմեր քաղաքում անցկացված մրցաշարում «Միկան» դարձավ բրոնզե մրցանակակիր: 7 հանդիպումներում «Միկայի» շախմատիստուհիները տոնեցին 5 հաղթանակ, 2-ում պարտվեցին ու 10 միավորով գրավեցին 3-րդ տեղը: Բրոնզե մեդալների արժանացան Էլինա Դանիելյանը, Մայա Չիբուրդանիձեն, Նինո Խուրցիձեն, Լիլիթ Մկրտչյանն ու Լիանա Աղաբեկյանը:

Հաջորդ 2 մրցաշրջաններում «Միկային» չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել: 2008-ին Հունաստանի Կալիթեա քաղաքում անցկացված մրցաշարում «Միկան» գրավեց 5-րդ տեղը, իսկ հաջորդ տարի Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում մեր շախմատիստուհիները զբաղեցրին 9-րդ տեղը: Ի դեպ, նույնպիսի արդյունք նրանք ցույց էին տվել 2005-ին, երբ նորամուտն էին նշել Եվրոպայի ակումբային առաջնությունում:

Վերջին 2 տարիներին «Միկան» կրկին հաջող հանդես եկավՙ դառնալով բրոնզե մրցանակակիր: 2010-ին բուլղարական Պլովդիվում «Միկան» 14 հնարավորից վաստակեց 9 միավոր: Բրոնզե մեդալների արժանացան Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը:

Անցյալ տարի «Միկան» կրկնեց իր բրոնզե հաջողությունը: Թիմի կազմում էին Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, չինացի Ժու Չենը եւ Լիլիթ Մկրտչյանը: «Միկան» տոնեց 5 հաղթանակ, 2-ում պարտվեց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4