Երկարատեւ ընդմիջումից հետո Երեւանում կրկին անցկացվեց սուսերամարտի միջազգային մրցաշար: Սլավոնական համալսարանի մարզադահլիճում իրենց հարաբերությունները պարզեցին Հայաստանի, Իրանի, Քուվեյթի եւ Վրաստանի 81 սուսերամարտիկներ:
Հայաստանի ներկայացուցիչներից միայն Էմիլ Դանիելյանին հաջողվեց հաղթող դառնալ: Ճկասուսերակիրների մրցավեճում Էմիլը պարտության մատնեց իր բոլոր մրցակիցներին ու կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին:
Մյուս 3 գլխավոր մրցանակներին արժանացան Վրաստանի հավաքականի անդամները: Ճկասուսերակրուհիների պայքարում հաջողությունն ուղեկցեց Թեոնա Գոգլիձեին: Խոցասուսերակիրների տղամարդկանց մրցումներում լավագույնը Միքայել Միքայելյանն էր, իսկ կանանց մրցավեճում հաղթող ճանաչվեց Մարիա Զաքիրչենկոն: Հարկ է նշել, որ Միքայելը երեւանյան դպրոցի սան է եւ ընդամենը 7 ամիս առաջ է բնակություն հաստատել Թբիլիսիում:
Այս մրցաշարը հայ սուսերամարտիկների համար ուժերի հիանալի ստուգատես էր պատասխանատու մրցումներից առաջ: Հաջորդ տարվա փետրվարին Հունգարիայում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը, իսկ մարտին Խորվաթիայում ուժեղագույն սուսերամարտիկները կվիճարկեն աշխարհի առաջնության պարգեւները:
Մինչեւ խոշորագույն այդ մրցաշարերը, նոյեմբերին Երեւանում կանցկացվի սուսերամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով կկազմավորվեն կանանց եւ տղամարդկանց հավաքականները: Դեկտեմբերին Թեհրանում մեր սուսերամարտիկները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցումներին: