Ուղիղ մեկ շաբաթ առաջ Երեւանում անցկացվեց հայ-թուրքական գործարար համաժողով, որին մասնակցում էին հիսունչորս թուրք գործարարներ, հիմնականում Թուրքիայի արեւելյան շրջաններից: Այս համաժողովը մի առիթ էր քննարկելու հայ-թուրքական առեւտրատնտեսական համագործակցության վիճակը եւ նրա զարգացման հնարավորությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պաշտոնական հարաբերությունների բացակայության պայմաններում: Համաժողովի մասնակիցները մոտավորապես հաշվարկել են, որ երկկողմ առեւտրի ծավալը տարեկան կարող է հասնել մինչեւ 250 մլն ԱՄՆ դոլարի: Բոլորը գիտեն, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով այս ծավալը ներառված է երրորդ երկրների` Իրանի եւ Վրաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալներում: Ի՞նչ են ակնկալում Հայաստանի հետ համագործակցել ցանկացող Թուրքիայի գործարարները, եւ որքանո՞վ է լսելի նրանց ձայնը իրենց իշխանությունների համար: Ի՞նչ կարելի է ակնկալել այս կապերի ընդլայնումից, եթե մենք հասկանում ենք, որ Թուրքիայի իշխանությունների հայտնի վերաբերմունքը Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցում տեսանելի հեռանկարում չի փոխվելու:
Առեւտուրը որպես կապեր հաստատելու միջոց
Երեւան ժամանած Թուրքիայի գործարարների ճնշող մեծամասնությունը ազգությամբ քրդեր էին եւ ներկայացնում էին ժամանակակից Թուրքիայի արեւելքի քրդաբնակ շրջանները: Դեռ անցյալ տարի այդ կողմերից Հայաստան եկած քուրդ քաղաքական-հասարակական գործիչները Երեւան էին բերել քրդաբնակ քաղաքների քաղաքագլուխների պատգամները` կապեր հաստատել Հայաստանի հետ: Օրինակ` Դիարբեքիրի քաղաքագլուխ, քուրդ ճանաչված քաղաքական գործիչ Օսման Բայդեմիրի անունից այդ մասին էին ասում նրա մերձավոր թիմակիցները: Վանի իշխանությունները մտածում են ավելի սերտ տրանսպորտային եւ զբոսաշրջիկային պատեհություններ ստեղծել հայաստանցիների համար եւ մասնակցել երկկողմ առեւտրական ծրագրերի: Տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներում քրդաբնակ տարածքներ այցելող մեր հետազոտողները եւ արվեստագետները վկայում են, որ այնտեղ հայաստանցիներին լավ են ընդունում եւ ասում են, որ կուզենային համագործակցել: Հայաստանին սահմանակից թուրքական քաղաքների մանր ու միջին գործարարները շարունակում են ակնկալել, որ Հայաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը էլ ավելի կմեծանա: Համաժողովի մասնակիցները եկել են եզրակացության, որ առկա պայմաններում առավել հեռանկարային է միջսահմանային առեւտրի եւ ծառայությունների ոլորտի զարգացումը, եւ արձանագրել են, որ կողմերը կուզենային ներդրումներ կատարել այդ ոլորտներում: Ասում են, որ պաշտոնական Անկարայի այս հարցերին հետեւող շրջանակները ո՛չ արգելել, ո՛չ էլ խրախուսել են այս համաժողովը: Չեն խրախուսել, որովհետեւ ժամանակակից Թուրքիայի քաղաքական իրողություններում դա անելը հեշտ բան չէ, իսկ չեն արգելել, որովհետեւ թուրք գործարարների ցանկությունը մասնակցել այդ համաժողովին` եղել է մեծ եւ վճռական:
Ուշադրությամբ հետեւելով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ծավալվող իրադարձություններին, չենք կարող չնկատել, որ հատկապես տեղական եւ տարածքային մակարդակով ինքնակազմակերպման լուրջ քայլեր կատարող քրդերը բնական ցանկություն ունեն լսելի դարձնելու իրենց տեսակետները տարածաշրջանում եւ նաեւ աշխարհում, եւ նրանց արտաքին քաղաքական ակտիվ քայլերը ներքին քաղաքական աճող ակտիվության նույնպես հասկանալի շարունակությունն են: Այդ պատճառով քրդական խնդիրը որպես թուրքական պետության առջեւ ծառացած ներքին մարտահրավեր լրջորեն ընկալելով, թուրքական կենտրոնական իշխանությունները իրականում փորձում են նաեւ կառավարելի դարձնել այդ ակտիվությունը, որոշակիորեն ուղղորդել եւ ծառայեցնել համապետական շահերին:
Թե որոնք են այդ շահերը կոնկրետ Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանումՙ կխոսենք ստորեւ, իսկ հիմա արձանագրենք, որ աշխարհում եզակի դեպքերից մեկն է, երբ դիվանագիտական հարաբերություններ չունեցող, փակ սահմանների պայմաններում, առճակատման մեջ գտնվող Թուրքիայում Հայաստանի քաղաքացիները սկսել են ընկալվել շատ սովորական եւ բոլորովին ոչ արտառոց, իսկ Երեւան ժամանած թուրք գործարարները, ինչպես եւ նախորդ պատվիրակությունները շատ գոհ են մնացել ընդունելությունից եւ նույնիսկ խոստովանել են, որ չէին սպասում Երեւանը տեսնել այնպիսին, ինչպիսին կա: Սա էլ որերորդ թուրքական խումբն է, որը Հայաստան է գալիս վստահանալու, թե արդյոք քսանամյա թուրքական արգելամիջոցները ծնկի՞ են բերել Հայաստանը, թե՞ ոչ: Վերադառնալով Թուրքիայի արեւելյան շրջանների եւ հատկապես քրդաբնակ քաղաքների ցանկությանըՙ կապեր հաստատել Հայաստանի հետ, նշենք, որ նրանց ամենահամարձակ գաղափարների շարքում են Հայաստանում համատեղ ձեռնարկություններ գրանցելը եւ քրդական առեւտրական ու մշակութային կենտրոններ հիմնելը: Սա այնքան էլ արտառոց բան չի թվում հիմա, երբ Հայաստանում արդեն գրանցված են եւ գործում են մի քանի հայ-թուրքական համատեղ ձեռնարկություններ:
Չարժե գերագնահատել այս գործընթացների նշանակությունը, որովհետեւ, իրենց երկկողմ հարաբերությունների բարելավմամբ շահագրգռված գործարարների վկայությամբ, կենտրոնական իշխանությունների մոտ նրանց ձայնը թույլ լսելի է, եւ դա չի կարող լուրջ փաստարկ լինել պաշտոնական Անկարայի քաղաքական դիրքորոշումները փոխելու համար: Ընդհանրապես Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու դեպքում սպասվող ակնկալիքի հարցում թուրք վերլուծաբանները միշտ շատ զուսպ են եղել: Դեռ «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալման օրերին թուրք վերլուծաբաններից մեկը գրել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունները հաստատելու դեպքում դրանից մեծ շահ ակնկալելն իմաստ չունի, որովհետեւ Հայաստանի բյուջեն մոտավորապես այնքան է, որքան թուրքական «Թուրքսել» հեռախոսային ընկերության բյուջեն: Ասում են, որ հայ-թուրքական համագործակցության զանազան ձեւերը խթանող միջազգային դոնոր շրջանակները հաշվարկել են այն օգուտները, որոնք կարելի է սպասել, եթե սահմանը բացելու որոշում ընդունվի: Օրինակ, ասում են, որ ապրանքների ինքնարժեքի տրանսպորտային բաղադրիչը կարող է էժանանալ մինչեւ 25%-ով: Բայց կհանգեցնի՞ դա ապրանքների ծավալների մեծացմանը` շատ դժվար է ասել: Մեր գործարարները նկատել են, որ նախկինում Թուրքիայից ապրանքներ ներկրող մանր ու միջին ձեռներեցների թիվը կրճատվել է մոտ երկու անգամ, որովհետեւ ձեռներեցների զգալի մասը այժմ ուղեւորվում է Չինաստան եւ ավելի փոքր չափով` Դուբայ: Արդյունաբերողների եւ գործարարների միության բազմափորձ նախագահ Արսեն Ղազարյանը , որն անցած բոլոր տարիներին հսկայական ջանքեր է գործադրել երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, կարծում է, որ «սահմանամերձ առեւտրի եւ զբոսաշրջության ասպարեզներում պետք է սպասել համագործակցության ծավալների աճ: Հիմա կան կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է բարձրացնել, եթե նույնիսկ Թուրքիայի իշխանությունները չեն ուզում բացել սահմանը: Օրինակ` բարելավել մաքսային ռեժիմը հայ գործարարների համար: Եվ ընդհանրապես գտնել Հայաստանի հանդեպ ժամանակին հայտարարված էմբարգոյի ակունքը եւ վերանայել տալ այն: Այս խնդիրների լուծման համար արժե աշխատել, եւ մենք դա անելու ենք»,- ասում է պարոն Ղազարյանը:
Թուրքական քաղաքական ծրագրերը Հարավային Կովկասում
Մեր վերլուծաբանները նկատել են, որ Հարավային Կովկասում Թուրքիան աշխատում է փափուկ, բայց հետեւողականորեն առաջ մղել իր ներկայության մեծացման հարցը: Վրաստանում թուրքական ազդեցությունը նկատելի է անզեն աչքով: Ադրբեջանի հետ քաղաքական եւ ռազմավարական դաշինքի կողքին Թուրքիան հայտարարում է էներգետիկ դաշինք ձեւավորելու մտադրության մասին: Նոր օսմանականության քաղաքականության շրջանակներում Թուրքիան փորձում է հաստատել իր ազդեցությունը հարեւանների վրա եւ վերստին ստանձնել տարածաշրջանային առաջատարի դերակատարություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ձգտելով ավելի մեծ միջնորդական դերիՙ Թուրքիան փաստորեն հայտարարում է իր մտադրության մասին մեր տարածաշրջանում այնպիսի դերակատար լինելու, ինչպիսիք են Ռուսաստանը, Եվրոպական միությունը եւ ԱՄՆ-ն: Ասում են, որ անվստահության մի քանի դրսեւորումներից հետո այսօրվա Թուրքիան կրկին ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում եւ այդ դաշնային հարաբերությունները առավելագույնս փորձելու է ծառայեցնել իր պետական, քաղաքական շահերին, մասնավորապես Մեծ Մերձավոր Արեւելքում ծավալվելու համար:
Երեք տարի առաջ Թուրքիայում անցկացվել էր հասարակական կարծիքի մի հարցում, որի համաձայն թուրքերի կողմից երեք ամենաչսիրված ազգերի ներկայացուցիչներն էին համարվել հայերը, հրեաները եւ ամերիկացիները: Սա չէր խանգարել թուրքական գլխավոր շտաբին Հայաստանը հանել արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցանկից: Մեր տարածաշրջանում թուրքական ծավալման գլխավոր խոչընդոտներից մեկը հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքն է եւ Հայաստանում տեղակայված ռուսական զորախումբը: Իմ հին ընկերներից մեկը, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Լիլոյանը շատ դիպուկ նկատել է, որ «Հայ-թուրքական սահմանի վերաբացման եւ այդ սահմանը «բարեկամության սահման» դարձնելու ծրագրի հետեւում, որին այդքան ջերմեռանդորեն հետամուտ էին ամերիկացիները, բուռն ցանկությունն էր հեռացնել այդ սահմանից ռուս սահմանապահներին, իսկ հետո նաեւ ռուսական զորախումբը եւ դրանով փոխել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական հավասարակշռությունները: Այդ ծրագիրն ուղղված է Հայաստանի դեմ եւ այն երբեք չի իրականանալու», համոզված ամփոփում է Տիգրան Լիլոյանը:
Կբավականացնի՞ արդյոք Թուրքիայի ռեսուրսը որակական ազդեցություն ձեռք բերել Հարավային Կովկասում: Մեր նշանավոր քաղաքական գործիչներից մեկը տարիներ առաջ ասում էր, որ եթե 90-ականների կեսերին թուրքական կապիտալը որոշեր թափանցել Հայաստան, ապա դա կաներ առանց մեծ դժվարությունների: Այսօրվա Հայաստանը կլանելը շատ ավելի դժվար է: Բայց անվիճելի է, որ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու ցանկություն Թուրքիայում ունեն շատերը, պարզապես այդ ցանկություններն անսահմանորեն ավելի փոքր են, քան Ադրբեջանին անվերապահորեն պաշտպանելու այսօրվա Թուրքիայի քաղաքական իշխանության կուրսը:
Թուրքիան, մեր մեծ տարածաշրջանը եւ մենք
Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական կապերի ծավալը անցյալ տարի գերազանցել է 52 մլրդ ԱՄՆ դոլարը: Խոսում են նույնիսկ այն մասին, որ եվրասիականության առաքելության հարցում Թուրքիան ու Ռուսաստանը ունեն նման շահեր: Բայց թույլ եմ տալիս ինձ կանխատեսել, որ այդ ընդհանուր շահերի վրա հիմնված շատ սերտ հարաբերությունների պայմաններում էլ Թուրքիան դառնալու է Ռուսաստանի ոչ թե դաշնակիցը, այլ գլխավոր մրցակիցը մեր մեծ տարածաշրջանում: Չարժե շփոթել եվրասիականության ռուսական տեսլականը եվրասիականության թուրքական տեսլականի հետ: Երկուսի հիմքում էլ պատմական առաքելության ձեւակերպումն է, բայց այդ պատմական առաքելությունն էլ հակառակորդ է պահել նրանց դարեր շարունակ: Տեսանելի հեռանկարում հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքին բանական այլընտրանք չկա: Կարծում եմ, սա անվիճելի ճշմարտություն է: Թուրքերը մեզ խեղճացնելու համար ասում էին, թե ինչո՞ւ խոսենք ձեզ հետ, եթե ձեր հարցերով կարող ենք խոսել ռուսների հետ: Սա մի արեւելյան խորամանկություն է, որն ուզում էր սեպ խրել մեր ու ռուսների միջեւ: Բայց սա նաեւ նշանակում է, որ որոշակի հանգամանքներում ռուսական գործոնը կարող է նպաստավոր լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Օրինակ` մի՞թե Հարավկովկասյան երկաթուղին, որը սպասարկում են ռուսները, չի ուզենա ծավալվել թե՛ դեպի Արեւելք եւ թե՛ դեպի Արեւմուտք: Կամ ռուսական ընկերություններին պատկանող մեր էներգետիկ հզորությունները մի՞թե չէին կարող վաճառվել նաեւ Թուրքիայում: Սրանք հարցեր են, որոնք տարիներ շարունակ հետաքրքրում են խնդրով զբաղվողներին: Առայժմ դրական լուծումներ չեն նշմարվում: Բայց քաղաքական վերլուծողները նաեւ նկատել են, որ մեր տարածաշրջանը գտնվում է շատ դինամիկ գործընթացների փուլում եւ այստեղ յուրաքանչյուր զարգացում հնարավոր է: Արեւմուտքում նույնիսկ քարտեզներ են տպագրվում, որտեղ տարածաշրջանի երկրների թիվն էլ, սահմաններն էլ այլ են: Չարժե ընկնել կոնսպիրոլոգիական տեսությունների մեջ եւ ամենուրեք դավադրություններ փնտրել: Բայց փաստ է, որ պետք է ուշադրությամբ հետեւել տարածաշրջանային գործընթացներին եւ անընդհատ ամրապնդել հայկական պետականությունը:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու