«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2012-10-10 | #178, 2012-10-11 | #179, 2012-10-12


ՆԿԱՐՉԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻՆ, ԸՍՏ ՍՈՒՔԻԱՍ ԹՈՐՈՍՅԱՆԻ

Կյանքի անցողիկության գիտակցումն է թերեւս պատճառը, մարդու մտային, հոգեւոր ժառանգության պահպմանման բնազդի: Հին մարդը ժայռապատկերների, նշանագրերի, պատկերագրերի, հիերոգլիֆների, սեպագրերի ձեւով էր թողնում իր պատմությունը: Մարդն ուզում է իր հետքը թողնել: Հետո եկողները այդ հետքը փորձում են գտնել, կարդալ, սովորել կամ հերքել: Մեր պատմության մեջ ամենամեծ հետքը թողել է Մեսրոպ Մաշտոցը. հայոց գրերը մեր ազգային ինքնության հիմնաքարն են, մեր հոգեւոր ինքնության անձնագիրը, որ հնարավորություն տվեց մեզ` ավելի վստահ նայելու ապագային, անցնելու հաջորդող հազարամյակների միջով: Գիրը բանալի-խորհրդանիշ է, կամարող, կապող միջոցՙ այսօրը անցյալին ու ապագային: Իզուր չէՙ բոլոր ժամանակներում առկա գեղարվեստական ներբողագրությունը մեծագույն այս երեւույթին:

5-րդ դարասկզբի մեսրոպյան երկաթագրերը գեղարվեստորեն ձեւափոխության, կերպափոխության ենթարկվել են տարբեր ժամանակներում: Տառը, գիրը իբրեւ կերպար ընկալելու, այն նկարչորեն արտահայտելու եւ ամբողջական հայոց այբուբենը պատկերային-գունային ձեւի մեջ ներկայացնելու փորձ է արել գեղանկարիչ-երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը: Մեր այբուբենի տառերը իր մտապատկերի, երեւակայության մեջ ստացել են նոր կերպար եւ իմաստային ներբերանգներ ձեռք բերել: Այդ կերպարը նախ եւ առաջ հնչյունային ասոցիատիվ ներգործության, դրաՙ արվեստագետի անհատական ընկալման եւ զգացողության արդյունք է: Ինքըՙ նկարիչը ստեղծագործողի երկու հիմնական հատկանիշ է տարբերակումՙ ինտուիտիվ եւ, այսպես ասած, հաշվարկող: Զուտ նկարչական տեխնիկան կամ վարպետությունը անհաղորդ կարող է դարձնել ստեղծածը, երբ ներքին զգացողությունը բացակայում է, այսինքնՙ երբ այնտեղ դատարկություն է:

Յուրաքանչյուր տառ ունի իր աշխարհը, իր գույնը, իր պատմությունը եւ նկարչի պատկերային մատուցմամբ որոշակի էներգետիկայի կրողն է: Սուքիաս Թորոսյանի ցուցահանդեսը (Մշակույթի նախարարության եւ «Ազգ» օրաթերթի աջակցությամբ), որ կբացվի հոկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին, Նկարչի տան 2-րդ հարկի սրահումՙ «Հայկական տառերի կերպարը» խորագրով, նվիրված է հայոց գրատպության 500-ամյակին եւ պատահական չէ ընտրված հենց Թարգմանչաց տոնի օրը:

Նրա հետ զրուցում ենք մինչեւ ցուրահանդեսի բացումը, մեր խմբագրատանըՙ չնայած էքսպոզիցիան, նկարների ամբողջականությունը, դրանց հաղորդած էներգետիկ դաշտը չտեսած-չզգացած, դժվար է ներկայացնել այն տեւական աշխատանքը, որ կատարել է նկարիչն իր մտային որոնումներում եւ իրագործումներում, եւ առավել եւսՙ կարծիք հայտնել:

- Ինչպե՞ս մտահղացավ շարքի գաղափարը եւ ինչպե՞ս գտաք յուրաքանչյուր տառի կերպարը:

- Սկիզբը դժվար էր. գաղափարը կար, սակայն արտահայտության ձեւը չէի գտնում: Հարկավոր էր գտնել բանալին, առաջին 4 տառերից հետո բացվեց ճանապարհը:

- Ավելի կարեւորը գրավոր մշակույթի նշանակությո՞ւնն էր, թե՞ տառի ձեւը, դրա էսթետիկական ընկալումը:

- Դրանք միասնական են, մի ամբողջություն: Դարերի ընթացքում շատ այբուբեններ, գրեր անհետացան, վերացան, որովհետեւ թերի էին, կիսատ եւ բավարար չէին արտահայտում տվյալ ժողովրդի հոգեւոր պահանջը, 4-5 գիր միայն դիմակայեցին հազարամյակներին եւ մնացին: Հայկական տառերը շատ խոր արմատներ ունեն: Մինչեւ մաշտոցյան գյուտը, գաղափարագրեր, պատկերագրեր մենք ունեցել ենք վաղ անցյալում: Մեր լեզվի հնչյունային համակարգն արտահայտող սիմվոլիկան, այսինքնՙ գրերը, 5-րդ դարում հանճարեղորեն գտնվեցին, ինչը եւ ապահովեց նրանց դարերի ընթացքը:

Ինչ վերաբերում է այբուբենի ստրուկտուրալ կերպարին, Մաշտոցի ստեղծած երկաթագրերին, որոնք այդ շրջանում գլխագրեր էին միայն, հատուկ են խորությունները. կամարաձեւության սկզբունքը գերիշխում է: Ընդհանուր այս նկարագրից շեղումներ շատ քիչ են: Ինչպես օրինակ Ջ-ն: Նկարելիս, այդ կորությունները անընդհատ նույն ռիթմով կրկնության են մղում, դիզայներական մոտեցմամբ շատ ավելի հետաքրքրական է, երբ տարբեր հարթություններ կանՙ կլոր, եռանկյունաձեւ, քառակուսի, ինչպեսՙ լատիներենը: Հին հունարենին բնորոշ թեք, ծռված ձեւերը հետագայում, դարերի ընթացքում որոշ փոփոխության ենթարկվեցին, մշակվեցին, մեր այբուբենը մնաց նախնական ձեւով: Իմ կարծիքով, հայերեն գիրը շատ ավելի ձեռագրային է, այդ կորությունները հեշտացնում են ձեռագիր գրելը:

- Ի՞նչ մոտեցում եք կիրառել տառը կերպավորելիս:

- Յուրաքանչյուր այբուբեն ունի ընկալման իր առանձնահատկությունը: Երբ հայերեն ես մտածում, հայերեն գիրը, իհարկե, ձեռք է բերում այլ նշանակություն եւ իմաստ: Դա իր հետ բերում է պատմություն, ժամանակների զգացողություն, հարազատություն: Սակայն, իհարկեՙ նախ եւ առաջ հնչյունային ասոցիացիան է, որ վերածվում է պատկերային ըմբռնման: Փորձել էր պետք գտնել այբուբենի ստրուկտուրային գաղտնիքը, որովհետեւ ձեւաստեղծումը չէր կարող լինել պատահական. այդ նշաններն են փոխանցում համապատասխան զգացողությունը: Ավելի հստակ լինելու համար մի քանի օրինակ բերեմ. Չ տառը ժխտողական զգացողություն է առաջացնում եւ բավական դժվարությամբ կերպավորվեց: Փորձում էի երկդիմության վիճակ հաղորդել, բայց հետո գտնվեց ավելի պարզ ձեւՙ ներկայացրեցի պարզապես սեւի մեջ:

Հետաքրքրական էր Ա տառի կերպավորումը: Տարբեր այբուբեններում առաջին տառը սրբացված է: Լատիներենում այս տառի եռանկյունաձեւ լինելը խորհրդանշում է տղամարդկային սկիզբը, իսկ V-ն, օրինակ, որ ձեւով դրա հակառակն էՙ կանացիության. դրանց միակցության պատկերը դառնում է Դավթի վեցթեւանի աստղըՙ հրեական խորհրդանիշը:

Հայկական Ա-ն թասաձեւ է, տիեզերական երեւույթի արտահայտություն է ասեսՙ ներքեւ թեքված ելուստով: Այսպիսին է ինձ համար այդ տառի վիզուալ եւ իմաստային ասոցացիան: Է-ն ավելի խորիմաստ է, քան մեր առաջին տառը, կամ համարժեք են: Այս տառը եռանկյունու մեջՙ ներքնամասում ավելի կորաձեւ, վերումՙ խաչանման եմ պատկերել: Եռանկյունու սիմվոլիկան նույնպես հնագույն ծագում ունի, տարածված էր հատկապես հոգեւոր ճարտարապետության մեջ:

- Կարելի՞ է սա համարել հին սիմվոլների վերաիմաստավորում:

- Մենք ընդամենը ժամանակին եղածը, մոռացված հինը կրկնում ենք: Գուցե մեր ենթագիտակցության մեջ դրված ինչ-որ բան փորձում ենք մաքրե՞լ:

- Գուցեՙ վերհիշե՞լ:

- Գուցե: Ամեն պարագայում ձգտում ենք կատարյալին:

- Ցուցահանդեսի բացման օրը հատո՞ւկ եք ընտրել:

- Տարին ամբողջությամբ հայ գրատպությանը, գրավոր մշակույթին է նվիրված, դրա խորհուրդն է կրում: Բայց այդ օրվա խորհուրդը ինձ համար շատ կարեւոր է: Ընտրեցի Թանգմանչաց տոնի օրը, որովհետեւ հայոց համար գիրը անմիջապես կապված է եղել թարգմանության հետ: Հայերեն առաջին թարգմանությունը Աստվածաշունչ մատյանն էր, օտար պատմական կարեւոր մի քանի սկզբնաղբյուրներ պահպանվել են հայերեն թարգմանություններով միայն: Բացի այդ, Թարգմանչաց տոնը անմիջականորեն կապվում է ինչպես Մեսրոպ Մաշտոցի, նաեւ Ոսկեդարի մեր պատմիչների, մեր հետագա գրիչների անվան հետ:

- Այդ պատճառո՞վ տառերի կերպարավորումից բացի, Ձեր այս նկարաշարում նաեւ պատմական անհատների կերպարներ կան:

- Այո: Դավիթ Անհաղթը, որ նաեւ հրավիրատոմսին է պատկերված, հունական ոճի մեջ է ներկայացվածՙ որպես այդ մշակույթի կրողներից մեկը. նա փիլիսոփայական գործեր է նաեւ թարգմանել: Ինքը ազատ է, ծնկներին` խոշոր, ծանր աղյուս. սա իմ զգացողությունն է: Եղիշենՙ գրիչը եւ թուրը միաժամանակ գործածող, հին պատմագիրների ընդհանրական կերպարն է մարմնավորում: Նարեկացու կերպարը բոլորովին տարբեր խորհրդանիշ է կրում. մարդկության մեղքերն իր միջով անցկացրած մեծ խորհրդապաշտը խավարի միջից լույսն է բերում: Ինքը մեղքը չի զատում, այսպես ասած, մերժում է մեղքը մեծ ու փոքր հարաբերությունների մեջ դնել եւ շատ կտրուկ է բնորոշումներում, նկարչական լեզվով ասածՙ միայն սեւն ու սպիտակն է օգտագործում, սակայն մարդկային հոգու բազմաձայնության, բազմերանգության առեղծվածի ինչպիսի՜ հարուստ գույներ է ստեղծում:

Հարցազրույցը` ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4