Առլինգտոնում գործող Ամերիկայի հայկական միսիոներական ասոցիացիան (AMAA) վերջերս «Ջոն Միրաք» հիմնադրամից 300 հազար դոլարի գրանտ է ստացել, որն օգտագործվելու է, ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի լրատվության, Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանի անվան նոր դպրոց կառուցելու համար Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում: Դպրոցը ունենալու է էլեկտրաէներգիայի եւ բնության պահպանության ուղղվածություն:
«Սա եզակի հնարավորություն է տալիս մեզ, որ մենք նոր միջին եւ ավագ դպրոցներ կառուցենք մինչեւ 2014-ի սեպտեմբերի 1-ը», նշել է այս առթիվ միսիոներական ասոցիացիայի գործադիր տնօրեն Լեւոն Ֆիլյանը: Ավելի քան 500 ուսանողներ, այդ շրջանի տնտեսական դժվարություններ ունեցող ընտանիքներից, օգտվելու են նախատեսված ծրագրից:
Եղեռնից մազապուրծ Ջոն Միրաքի հիմնադրած բարեգործական հիմնարկը գործում է 1972-ից որպես ընտանեկան մասնավոր հիմնադրամ: Տրամադրված նպաստները կամ գրանտները ցարդ օգտագործվել են իրականացնելու տարբեր ծրագրեր ԱՄՆ-ում (Առլինգտոնում), Հայաստանում եւ այլ երկրների հայկական համայնքներում:
Հ. Ծ.