«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2012-10-10 | #178, 2012-10-11 | #179, 2012-10-12


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱԿ-Ի ԱՆԿՅՈՒՆ ԵՎ ՆՇՎԵՑ ԻՍՊԱՆԵՐԵՆԻ ՕՐԸ

Հայկական պետական մանկավարժական համալսարանում երեկ տեղի ունեցավ ՄԱԿ-ի անկյան բացումը, որից հետո ուսանողները, համալսարանի դասախոսները, ՄԱԿ-ի աշխատակիցները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները եւ լրագրողները նշեցին իսպաներենիՙ ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուներից մեկի օրը:

Միջոցառումները կազմակերպվել էին ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության կողմից Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ:

ՄԱԿ-ի ավելի քան հազար անուն հրատարակություն եւ մուլտիմեդիա նյութեր, որոնք ՄԱԿ-ի գրասենյակի կողմից տրամադրվել էին ՄԱԿ-ի անկյանը, կծառայեն երիտասարդներին ՄԱԿ-ի արժեքների եւ գործունեության վերաբերյալ իրազեկելու գործին: Համալսարանի դասախոսներն ու ուսանողները ՄԱԿ-ի անկյունից կօգտվեն նաեւ ՄԱԿ-ի հետ կապված մշակութային եւ կրթական միջոցառումներ կազմակերպելիս:

ՄԱԿ-ի անկյունը բացվեց համաձայն ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջեւ Համագործակցության ծրագրի, որը ստորագրվեց արարողության ընթացքում:

«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը եւ չափազանց ուրախ ենք համատեղ ծրագրեր իրականացնելու կապակցությամբ, ինչը երիտասարդներին ՄԱԿ-ի աշխատանքներում ներգրավվելու եւ կայուն զարգացմանն ու Հազարամյակի զարգացման նպատակների իրագործմանը նպաստելու հնարավորություն է տալիս», ասաց Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը:

ՄԱԿ-ում իսպաներենի օրվան նվիրված միջոցառման ընթացքում հանդիսատեսը վայելեց իսպանական պարեր, իսպանական հոգեւոր երաժշտություն, ֆլամենկո: Համալսարանի ուսանողները նաեւ ներկայացումներ էին պատրաստել Հայաստանում եւ աշխարհում իսպաներենի կիրառության եւ կարեւորության մասին: Միեւնույն ժամանակ, համալսարանի բակում տեղակայված շրջիկ ավտոբուս-գրադարանից ուսանողներին եւ դասախոսներին բաշխվեց ՄԱԿ-ի հրատարակած մեծ քանակությամբ գրականություն:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Կարեւոր է, որ հայաստանցիները սովորեն իսպաներեն, ինչը նրանց համար կբացի սահմանները դեպի իսպանալեզու մշակույթ եւ կօգնի լինել աշխարհի քաղաքացիներ: Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ այն լեզուները, որոնցով խոսում ենք, կարդում կամ գրում, ներգործում են մեր մտածողության եւ գործելակերպի վրա եւ օգնում ավելի լավ հասկանալ, թե որքան կարեւոր է ՄԱԿ-ի բազմալեզվությունն իր բազմաբարդ օրակարգի իրականացմանՙ խաղաղության, բազմազանության, միջմշակութային երկխոսության խթանման հարցում»:

Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարեզ Ռիվերան խոսեց ՄԱԿ-ի օրակարգի իրականացման հարցում իսպաներենի ներդրման մասին եւ երիտասարդների խրախուսեց սովորել այն:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը եւ ռուսերենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից են: ՄԱԿ-ում իսպաներենի օրը նշվում է հոկտեմբերի 12-ին. այդ օրը, որն ավանդաբար հիշատակվում է իբրեւ իսպանալեզու մշակույթի օր, նաեւ համընկնում է Իսպանիայի ազգային օրվան:

2010 թվականից ի վեր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (Նյու Յորք) հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր» նախաձեռնության մեկնարկըՙ լեզվական եւ մշակութային բազմազանության խթանման նպատակով: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակը գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր լեզուների օրերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4