«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2012-10-10 | #178, 2012-10-11 | #179, 2012-10-12


ՍԵՎԱՍՏՈՊՈԼՈՒՄ ՎԵՐՍԿՍԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԵԼՖԻՆՆԵՐԻ ՎԱՐԺԵՑՈՒՄԸ

Սեւաստոպոլում վերսկսել են ռազմական նպատակներով դելֆինների պատրաստման հատուկ ծրագրի իրականացումը: Ինչպես ժամանակին արվում էր ԽՍՀՄ-ում, այդ կենդանիներին կսովորեցնեն պայքարել դիվերսանտ ջրասուզակների դեմ, որոնել ականներ, լողալ զենքը գլխին եւ ռազմանավեր պայթեցնել: Սեւծովյան ափին նման ծրագրեր գոյություն ունեցել են 1973-ից, բայց Սեւաստոպոլը Ուկրաինային անցնելուց հետո դրանք կրճատվել են, եւ դելֆիններն օգտագործվել են բուժական նպատակներով, հաղորդում է Newsru.ua կայքէջը: Ներկայումս մարտական կենդանիների մարզումները վերսկսում են. դա ձեռնտու է թե՛ Ուկրաինայի եւ թե՛ Ռուսաստանի համար:

«Ներկայումս Սեւաստոպոլում գտնվող Ուկրաինայի պետական օվկիանարիումում տասը դելֆին-աֆալինների պատրաստում են երկրի ծովուժի հատուկ խնդիրների կատարման համար: Սեւաստոպոլի ջրատարածքում ուկրաինացի զինվորականները կենդանիներին կանոնավորապես սովորեցնում են առարկաներ որոնել ծովի հատակին», ՌԻԱ գործակալության թղթակցին ասել է Սեւաստոպոլի ուժային կառույցների աղբյուրներից մեկը:

1990-ականներին մարտական պատրաստության համար նախատեսված կենդանիներին սկսեցին օգտագործել խաղաղ նպատակներով. մշակվեց հաշմանդամ երեխաների բուժման հատուկ ծրագիր: Դա թույլ էր տալիս փող վաստակել մնացած կենդանիների գոյությունը պահպանելու համար: Մարտական դելֆինների պատրաստման աշխատանքը այն ժամանակ գրեթե գոյություն չուներ:

Աշխարհում մարտական դելֆիններ պատրաստվում են ընդամենը 2 կենտրոններումՙ Սեւաստոպոլում եւ Սան Դիեգոյում (ԱՄՆ): Զինվորականներն այդ կենդանիներին կարող են օգտագործել ամենատարբեր նպատակներով: Օրինակ, դելֆինները կարող են իրենց գլխին ամրացված պայթուցիկով հարձակվել ռազմանավերի վրա: Նրանք նաեւ կարող են հարձակվել դիվերսանտ ջրասուզակների վրա. այդ նպատակով կենդանիների գլուխը զինում են ատրճանակով կամ դաշույնով: Դելֆիններն արդյունավետ են նաեւ որոնողական գործողությունների ժամանակ. նրանց օգնությամբ զինվորականները կարող են հետազոտել ծովի հատակը եւ ականներ հայտնաբերել:

Սեւաստոպոլի ափերի մոտ տեղաբաշխված են ոչ միայն Ուկրաինայի ռազմածովային ուժեր, այլեւ ՌԴ Սեւծովյան նավատորմը: Ուստի տվյալ ջրատարածքում դելֆինների օգտագործումը ձեռնտու է նաեւ Ռուսաստանին: Այս տեսակետն է արտահայտում ՌԴ պաշտպանության նախարարությանն առընթեր հանրային խորհրդի նախագահ, «ծՈՓՌՏվՈսՖվՈÿ ՏոՏՐՏվՈ» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4