«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2012-10-10 | #178, 2012-10-11 | #179, 2012-10-12


ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՁԳՏԵԼՈՒ ԵՆՔ ՎԵՐԱԳՏՆԵԼ ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ԽԱՂՆ ՈՒ ՀԱՂԹԵԼ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻՆ»

Հավաքականի նոր ավագը Ռոման Բերեզովսկին է

Այսօր հիրավի մեծ ֆուտբոլի օր է Երեւանում: Ժամը 21-ին վերանորոգումից հետո նոր տեսք ստացած «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում կտրվի 2014-ի աշխարհի առաջնության Հայաստան-Իտալիա ընտրական մրցախաղի մեկնարկը: Իր 20-ամյա կենսագրության ընթացքում Հայաստանի հավաքականը մրցավեճի է բռնվելու աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականներից մեկիՙ աշխարհի քառակի (1934, 1938, 1982, 2006-ի) եւ Եվրոպայի (1968-ի) չեմպիոն, մայրցամաքի ներկայիս փոխչեմպիոն Իտալիայի ընտրանու հետ: Հանդիպման նկատմամբ հետաքրքրասիրությունը չափազանց մեծ է: Պատահական չէ, որ «Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի 10-ի երեկոյան իտալացիներին դիմավորել էր երկրպագուների հոծ բազմություն, որոնցից շատերը եկել էին «Յուվենտուսի» մարզաշապիկներով ու ցուցապաստառներով:

Խաղի նախօրեին կայացավ մրցող հավաքականների գլխավոր մարզիչների ասուլիսը: Առաջինը լրագրողներին հանդիպեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը :

«Ֆուտբոլիստները մեծ տրամադրվածությամբ են նախապատրաստվում իտալացիների հետ խաղին, որը մեծ տոն է մեզ համար: Հավաքի հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն էլ կազմ ու պատրաստ են հանդիպմանը: Առաջին մարզման ժամանակ թեթեւ վնասվածք էր ստացել Արթուր Սարկիսովը: Հիմա նրա մոտ ամեն ինչ նորմալ է: Հավաքականի միակ նորեկը շիրակցի Կարեն Մուրադյանն է, որն իր խաղաոճով նմանվում է Կառլեն Մկրտչյանին: Լավ հեռանկար ունեցող ֆուտբոլիստ է: Ամեն ինչ կախված է իրենից: Երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներից շատերին հնարավորություն է ընձեռվել լինել ազգային հավաքականի անդամների հետ ու տեսնել, թե ինչ է կատարվում հավաքների ժամանակ: Նրանց համար դեռեւս վաղ է ազգային հավաքականի հիմնական կազմում ընդգրկվելը», ասաց Վարդան Մինասյանն ասուլիսի սկզբում:

Անդրադառնալով հավաքականի առջեւ ծառացած կադրային որոշ խնդիրներին, Մինասյանը նշեց, որ արդեն իր համար որոշել է մեկնարկային կազմի 10 խաղացողներին: 11-րդը հայտնի կդառնա անցկացվելիք մարզումից հետո: Ինչ վերաբերում է հավաքականի նոր ավագին, ապա թեւկապը հանձնվել է մեր ընտրանու ամենատարեց ու փորձառու խաղացողինՙ 38-ամյա Ռոման Բերեզովսկուն, որը 1996-ից է պաշտպանում ազգային թիմի դարպասը: Մինասյանը նշեց, որ Բերեզովսկին իր խաղով ու հավաքականում ունեցած ներդրումով վաստակել է ավագի թեւկապը կրելու իրավունքը:

Գլխավոր մարզիչը նշեց, որ մտադրվել էր առաջնության վերջին տուրից հետո եւս մեկ ֆուտբոլիստի հրավիրել հավաքական, սակայն դրա կարիքը չզգացվեց: Նա նշեց, որ եթե լրագրողները նկատի ունեին բրազիլացի Ալեքսին, ապա վերջինս հավաքականի թեկնածուների թվում է եւ հավանաբար հրավիրվի հաջորդ խաղին:

Վարդան Մինասյանը բարձր է գնահատում մրցակցին. «Մշտապես հետեւել եմ Իտալիայի հավաքականի հանդիպումներին: Իսկ երբ մրցակիցներ դարձանք, ավելի շատ սկսեցի հետաքրքրվել իտալական ֆուտբոլով: Իտալիայի հավաքականը միշտ էլ շատ լավ է պատրաստված տակտիկապես: Իսկ ներկայիս հավաքականը նաեւ ստեղծագործ ֆուտբոլ է ցուցադրում: Չեզարե Պրանդելիին համարում եմ Իտալիայի ֆուտբոլի պատմության մեջ լավագույն մարզիչներից մեկը, քանի որ տակտիկապես շատ ուժեղ եւ գրագետ մարզիչ է ու կարողանում է խաղի ընթացքում տարբեր լուծումներ գտնել: Իտալիան մշտապես ուժեղ է եղել, թեեւ ավելի շատ պաշտպանողական ֆուտբոլ է խաղացել: Սակայն ներկայիս հավաքականը հարձակողական ոճով է գործում: Իհարկե, բոլոր հավաքականներն էլ ունեն իրենց թույլ կողմերը, որոնցից պետք է օգտվել: Հավաքականի կազմում առանձնանում են Բուֆոնը, Պիռլոն, Բալոտելին եւ մի քանի այլ խաղացողներ: Սակայն Իտալիայի հավաքականն առանձնանում է թիմային լավ խաղով: Մրցակցի ուժը թիմային ոգու մեջ է»:

Իսկ ինչպե՞ս են պատրաստվում մեր ֆուտբոլիստները հաղթել նման ուժեղ հավաքականին: Վարդան Մինասյանը խոստովանեց, որ շատ դժվար է լինելու իտալացիներին հաղթելը: Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն վերագտնել նախորդ տարվան բնորոշ մեր հավաքականի կրակոտ ու արդյունավետ խաղը, այլեւ մարզական բախտ ունենալ: Մարզիչը հավաստիացրեց, որ ամեն դեպքում կփորձեն հաջող հանդես գալ ու հաղթանակած հեռանալ «Հրազդան» մարզադաշտից: Մինասյանն իր սաներից առաջին հերթին լավ խաղ է ակնկալում: Նա դժգոհ է նախորդ 2 խաղերում մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղի որակից, որը հեռու է անցյալ տարվա խաղից:

Վարդան Մինասյանը նշեց, որ շատերի կարծիքով մեր հավաքականի պաշտպանությունն է թույլ. «Սակայն եթե նայում ենք վիճակագրությանը, մեր դարպասին նախորդ 2 հանդիպումներում շատ քիչ հարվածներ են կատարվել: Համարում եմ, որ հարձակման գծում մեր խաղը չստացվեց: Հիմա պետք է ճիշտ հաշվեկշիռ գտնենք պաշտպանության եւ հարձակման միջեւ: Յուրաքանչյուր թիմ խաղում է այնքան, որքան մրցակիցն է թույլատրում: Բացառված է, որ վատ խաղով կարողանաս հաջողության հասնել իտալացիների հետ մրցավեճում»:

Մինասյանն իր կարծիքը հայտնեց նաեւ այն փաստի առնչությամբ, որ մեծ թվով ֆուտբոլասերներ էին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել Իտալիայի հավաքականին. «Ինձ համար հայ երկրպագուները միայն այն 200-ը չեն, որոնք դիմավորել են իտալացիներին: Դա նրանց իրավունքն է: Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում: Ինձ համար երկրպագուներն առաջին հերթին նրանք են, ովքեր հաճախում են մարզադաշտ կամ հեռուստացույցի առջեւ երկրպագում ու աջակցում են մեր հավաքականին: Եթե ցանկանում են աջակցել, ապա թող տոմս գնեն ու վաղն այցելեն «Հրազդան»: Մենք ֆուտբոլասերների աջակցության կարիքը շատ ենք զգում: Նորմալ եմ վերաբերվում նաեւ խաղը «Հրազդանում» անցկացնելու որոշմանը, քանի որ հանդիպման նկատմամբ հետաքրքրասիրությունը շատ մեծ է: Արդեն 2 մարզում ենք անցկացրել «Հրազդանում» ու պիտի ասեմ, որ խոտածածկը ոչնչով չի տարբերվում «Հանրապետականից»: Այնպես որ խաղադաշտին հարմարվելու խնդիր չկա»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4