Հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան Երեւան ժամանած Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները երեկ երեկոյան «Հրազդան» մարզադաշտում իրենց միակ մարզումն անցկացրին: Պարապմունքից առաջ իտալացիների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հանդիպեց լրագրողներին:
Նա գովեստով խոսեց Հայաստանի հավաքականի մասին. «Հանձին Հայաստանի հավաքականի, ունենք մեծ զարգացում ապրող, հարձակման գծում լավ գործող ու ժամանակակից ֆուտբոլ ցուցադրող մարտունակ մի մրցակից, որն ունակ է ավելացնելու նաեւ խաղի ընթացքում եւ անակնկալներ մատուցելու: Դիտել եմ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ վերջին մի քանի հանդիպումները: Շատ հետաքրքրական թիմ է: Կառանձնացնեի հարձակման գծում խաղացող 4 ֆուտբոլիստի, մասնավորապես Հենրիխ Մխիթարյանին, որի մասին ինձ պատմել է նաեւ Միրչա Լուչեսկուն: Նրանք կարող են հանդես գալ եվրոպական ուժեղ ակումբներում»:
Չեզարե Պրանդելին գտնում է, որ առաջիկա խաղում իտալացիներին դժվարին մրցակցություն է սպասվում: Ուստի հաջողության հասնելու համար իտալացիներից անհրաժեշտ կլինի գործել բարձր տեմպով, ժամանակակից ֆուտբոլ ցուցադրել եւ ավելի լավ հանդես գալ, քան ընտրական նախորդ երկու հանդիպումներում: Գլխավոր մարզիչը լավ խաղ է ակնկալում ոչ միայն հավաքականի առաջատարներ Պիռլոյից, Դե Ռոսիից եւ Բալոտելիից, այլեւ թիմի բոլոր ֆուտբոլիստներից: Բալոտելիի հետ նա առանձին զրուցել է այն մասին, թե որ դիրքում պետք է խաղա, ինչ տարածության վրա, ինչպիսի իրավիճակներ կարող են ստեղծվել խաղի ժամանակ:
Պրանդելիի կարծիքով, այսօր Իտալիայի հավաքականում փորձի եւ երիտասարդության լավ համադրություն է ստեղծվել: Դա մարզչի համար շատ կարեւոր է, քանի որ փորձառու ֆուտբոլիստները կարող են իրենց հետեւից տանել երիտասարդներին: Ըստ Պրանդելիի, «Հրազդանում» իտալացիներին շատ դժվարին խաղ է սպասվում: Երկու հավաքականներն էլ հաղթելու մեծ ցանկությամբ են մտնելու խաղադաշտ, ուստի համառ մրցակցություն կծավալվի: Առայժմ իտալացիների մարզիչը դեռ չի որոշել, թե ինչպիսի մարտավարություն է ընտրելու հայերի հետ մրցավեճում: Նրա կարծիքով, միայն խաղից մի քանի ժամ առաջ հնարավոր կլինի վերջնականապես որոշել հավաքականի մեկնարկային կազմն ու մարտավարությունը: