«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2012-10-11 | #179, 2012-10-12 | #180, 2012-10-13


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ԱՄՈՒՐ, ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

Երկար տարիներ ապրելով եւ աշխատելով Ռուսաստանում եւ տեսնելով ու հասկանալով Ռուսաստանում բնակվող հայերի խնդիրները ու նաեւ ունեցած, բայց չօգտագործված ներուժը` գործարար Արա Աբրահամյանը ստեղծեց Ռուսաստանի հայերի միություն հասարակական կազմակերպությունը, ինչը կարճ ժամանակ անց կարողացավ վերածվել ոչ միայն Ռուսաստան-Հայաստան բարեկամական կապերի ամրապնդմանը նպաստող կազմակերպության, այլեւ համառուսաստանյան ազդեցիկ հասարակական կազմակերպության, արժանանալով ՌԴ նախագահ Պուտինի բարձր գնահատականին: «Ստեղծելով Ռուսաստանի հայերի միությունը, այդպիսով միավորելով Ռուսաստանում ապրող բոլոր հայերին, մենք մտածեցինք, որ նման կերպ ու նույն սկզբունքով մենք կարող ենք միավորել ամբողջ աշխարհի հայերին. ու ստեղծվեց Համաշխարհային հայկական կոնգրեսը», երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Երեւան է ժամանել մասնակցելու Համաշխարհային հայկական կոնգրեսի` հոկտեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում կայանալիք երկրորդ համագումարին: Կոնգրեսի առաջին համագումարը կայացավ 2003-ին Մոսկվայում, բնականաբար այս ընթացքում հայության առջեւ ծառացել են նոր մարտահրավերներ, հետեւաբար անհրաժեշտ են համահայկական միակ կազմակերպության կողմից նոր ծրագրի մշակում, գործունեության նոր առաջնահերթությունների մշակում, անշուշտ պահպանելով առանցքային նպատակները, օրինակ` հայապահպանությունը:

Հոկտեմբերի 15-ին կայանալիք համագումարում Կոնգրեսը իր հիմնական, առանցքային նպատակի` հայապահպանության եւ համազգային խնդիրների շուրջը աշխարհասփյուռ հայության միասնականության ապահովման առումով առանձնացրել է կազմակերպության գործունեության հետեւյալ ուղղությունները` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում, հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանում, ինչպես նաեւ Հայաստանի ու Արցախի հզորացում:

«Ես պետականությունը հասկացող մարդ եմ»

Բնականաբար գործունեության նման ոլորտներ ունեցող կազմակերպությունը, այն էլ համահայկական լինելով, պետք է ակտիվ համագործակցության մեջ լինի հայրենի պետության իշխանությունների հետ: Արա Աբրահամյանը նշեց, որ հատկապես Սփյուռքի նախարարության բացվելուց հետո «մենք Հայաստանի իշխանությունների հետ ակտիվ համագործակցության մեջ ենք, ունենք համատեղ բազմաթիվ ծրագրեր` արդեն իրականացված եւ դեռ ծրագրված»: Աբրահամյանը շեշտեց, որ իրենց հիմնական նպատակներից է Հայաստանի տնտեսության աճի խթանումը, երկրում գիտական ու ստեղծագործական կյանքի աշխուժացումը: Այս առումով Աբրահամյանն ընդգծեց իրենց ամենամյա մրցանակաբաշխությունները` Գիտությունների ազգային ակադեմիայի եւ ստեղծագործական բոլոր միությունների հետ համատեղ: Բացի սրանիցՙ չմոռանանք ՀՀԿ-ի եւ ՌՀՄ-ի մշտական աշխատանքը` բանակի ու կրթական հիմնարկների հետ, մասնավորաբար, պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս երկու ոլորտներում Կոնգրեսն ու ՌՀՄ-ն իրակականացնում են անվճար համակարգիչների տրամադրման ծրագրեր եւ այլն: «Մենք միտված ենք Հայաստանում միջին բիզնեսի զարգացմանը, տնտեսության աճի ապահովմանը», ասաց Աբրահամյանն ու ընդգծեց. «Ես պետականություն հասկացող մարդ եմ, հենց այդ պատճառով էլ մենք միշտ եղել ենք ու կանք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, նա մեր պետության նախագահն է...»:

Պետականության առումով, մասնավորապես կապված նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի հետ, Արա Աբրահամյանը, նախ հերքեց, որ ինքն այս կապակցությամբ հայտարարություն է արել, մինչդեռ հայկական ԶԼՄ-ներում օրեր առաջ Աբրահամյանի անունով Օսկանյանի գործին վերաբերող հայտարարություն է տարածվել, ապա ասաց. «Սա շատ վատ է, մեզ պատիվ չի բերում: Բայց մենք կարծում ենք, որ հարցը իրավական է, ու երբ իրավապահները կվերջացնեն, մենք կգնահատենք»: Աբրահամյանը բացառեց, որ այս առումով իր հանդեպ իշխանությունները ճնշում են բանեցրել. «Կարծում եմ ճնշվող մարդու տպավորություն չեմ թողնում», ասաց Աբրահամյանը: Իսկ հայկական մամուլում Աբրահամյանի անվան հետ կապված այլ հրապարակումների, օրինակ, նրա ու Լիբիայի նախկին առաջնորդ գնդապետ Քադդաֆիի կապի առումով, Կոնգրեսի նախագահը նշեց. «Այո, ես մտերիմ հարաբերություններ ունեի Քադդաֆիի հետ, բայց այդպես ստացվեց: Չեմ կարող ասել, որ ես իմ բիզնեսը Լիբիայում կորցրեցի, պարզապես իմ ներդրումներն այնտեղ սառեցված են: Ասեմ, որ ես այսօր էլ Լիբիայի ժողովրդի բարեկամն եմ, իսկ Քադդաֆին լավ գիտեր հայ ժողովրդին ու մեր խնդիրները...»: Կոչ անելով բոլորին` «միասնական ու համերաշխ աշխատելու, ինչո՞ւ ոչՙ նաեւ քննադատելու, բայց միայն առաջ գնալու նպատակով, կառուցողական», Արա Աբրահամյանն ընդգծեց. «Այսօր չկա մի մարդ, ում ես կամ իմ կազմակերպությունները մեկ դոլար անգամ պարտք ենք»:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում եւ դատապարտում

Ինչպես վերը նշեցինք, Կոնգրեսի առաջիկա համագումարում առանձնացվել են կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններ, որոնցից մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն է: Այս առումով, հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ու այս տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախանշած ծրագրերին ու գաղափարախոսությանը համահունչ, պետական մարմինների հետ համատեղ, Կոնգրեսն իրականացնելու է համալիր գործունեության ծրագիր: Ըստ այդմ նախատեսվում է համընդհանուր լոբբիինգի կազմակերպմանն ու իրացմանն ուղղված գործողությունների միասնական ծրագիր: Կոնգրեսն իրականացնելու է միջոցառումներ, որոնք միտված են ոչ միայն մեր պատմական հիշողության ամրապնդմանը, այլեւ միջազգային հանրությանը հայ ժողովրդի պահանջատիրության ներկայացմանը: Այս ծրագրով նախատեսվում է միջազգային առաջավոր ԶԼՄ-ներում գիտնականների, փորձագետների, հասարակական, քաղաքական գործիչների ելույթների ու հրապարակումների կազմակերպում: Դրանք պետք է արտացոլեն ոչ միայն այդ ոճրագործության ողբերգությունը, այլեւ առավել չափով ուղիներ նախանշեն դրա հետեւանքների հաղթահարման առումով: Բացի սրանիցՙ ծրագրով նախատեսվում է նաեւ ակտիվ աշխատանք սփյուռքահայ հայկական հասարակական կառույցների հետ` Հայոց ցեղասպանության պատմական փաստի լուսաբանման, ներկայացման, ինչպես նաեւ զանգվածային միջոցառումների կազմակերպման առումով, տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների կողմից հանցագործության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված գործունեություն: Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքներում, հիշեցնենք Կոնգրեսի նախաձեռնած «Անմեղ նահատակի հիշատակին» նախաձեռնությունը, որը շարունակական ընթացք ունի եւ որով նախատեսվում է մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Հայաստանի ողջ տարածքում տնկել 1,5 մլն ծառ: Նախատեսվում է նաեւ «Միջազգային իրավունքը եւ 21-րդ դարի մարտահրավերները. հայացք Հայաստանից» միջազգային գիտագործնական կոնֆերանսի անցկացում, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կարող են քննարկվել Ցեղասպանության ճանաչման եւ հետեւանքների հաղթահարման միջազգային-իրավական պատասխանատվության հարցերը, ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմելու նպատակահարմարությունը, որում կհիմնավորվի Թուրքիայի կողմից հայ ժողովրդին քաղաքական եւ նյութական փոխհատուցման պահանջը: Կձեւավորվի նաեւ հայ իրավագետ-միջազգայնագետների խումբ, որի առաքելությունը պետք է լինի տարբեր երկրներում եւ միջազգային կառույցներում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հետեւանքների վերացման իրավական հիմքերի ապահովումը, ինչպես նաեւ, աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման նպատակով ներկայացնել առաջարկություններ տվյալ ոլորտում միջազգային իրավունքի զարգացման համար:

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնահարցի արդարացի լուծում

Այս ոլորտում էլ Կոնգրեսը նպատակ ունի իրագործել միասնական գործողությունների ծրագիր: Այդ փաթեթը, մասնավորաբար, պետք է ընդգրկի` Սփյուռքի հայկական կառույցներում միասնական դիրքորոշման ձեւավորմանն ուղղված ծրագիր` հիմանխնդրի ամբողջական եւ ճշգրիտ, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան հայեցակարգի ձեւավորման նպատակով: Փաթեթում ներառված են նաեւ գործողություններ Սփյուռքի կառույցների կողմից տեղի իշխանությունների հետ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում` հիմախնդրի պատշաճ ներկայացմանը, պրոպագանդային եւ լոբբիինգին ուղղված:

Հայապահպանության առումով, ինչը ՀՀԿ-ի հիմնական առաքելությունն է, Կոնգրեսը մտադիր է իրականացնել շարունակական ծրագրեր ինչպես Հայաստանում` համապատասխան պետական մարմինների հետ համագործակցաբար, այնպես էլ Սփյուռքում` հայկական համայնքային կառույցների ներգրավմամբ: Այս համապատկերում Կոնգրեսը ունի շարունակական ծրագրեր` սփյուռքահայ երիտասարդության ընդգրկմամբ, որոնք նախատեսում են, օրինակ, ամառային ճամբարների կազմակերպում` Հայաստանում եւ Արցախում, ինչը կնշանակի նաեւ Հայաստանի եւ Արցախի ծանոթացում սփյուռքահայ երիտասարդների հետ:

Եվ վերջապես նախատեսվում է ստեղծել «Ներդրումային ծրագրերի կենտրոն»: Այն կլինի տնտեսական մեծածավալ ներդրումային ծրագիր մշակող կառույց, որը կգործի ՀՀ կառավարության հետ համագործակցաբար` հաշվի առնելով Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու առաջնահերթությունները:

Նշենք նաեւ, որ հոկտեմբերի 15-ին կայանալիք համագումարում Կոնգրեսը գործունեության ծրագիրը հաստատելուց, նախորդ գործունեության ծրագրի հաշվետվությունը տալուց բացի կընտրի նախ նախագահ, գլխավոր խորհուրդ, գլխավոր խորհրդի նախագահություն եւ վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4