Այս անգամ արդեն Հյուսիսային Իրաք զորք մտցնելու առումով
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսը քննարկել եւ հավանություն էր տվել արտերկիր զորք ուղարկելու կառավարության լիազորությունը մեկ տարով երկարաձգելու հայցին: Մեջլիսի այդ նիստը հակառակ ընդդիմության առարկումներին, դռնփակ էր անցկացվել: Ինչո՞ւ: Թեեւ արտոնագիրը «արտերկիր զորք ուղարկելու» ձեւակերպումն ուներ, իրականում սակայն վարչապետ Էրդողանի կառավարության խնդիրը եղել է ոչ թե արտերկիրն առհասարակ, այլ կոնկրետ Սիրիան: Թերեւս այդ պատճառով էլ Ժողովրդա-հանրապետական եւ քրդերի «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունների պատգամավորները դեմ են քվեարկել:
Հատկանշական էր նիստի մասին ինֆորմացիան, որը մամուլում այնպես էր մատուցվում, թե կառավարության հայցը արտերկիր ասելով նկատի ունի Հյուսիսային Իրաքը, միաժամանակ ենթադրվում է նաեւ Սիրիան: Հոկտեմբերի 11-ին, սակայն, կառավարությունը մեկ այլ հայցով վերստին դիմեց Մեջլիս եւ արտերկիր զորք ուղարկելու եւս մեկ տարվա արտոնություն ստացավ: Այս անգամ Մեջլիսի նիստը բաց էր, որովհետեւ արտոնությունը կառավարությանը տրվում էր Հյուսիսային Իրաքի համար:
Թերեւս կառավարության հայցին դեմ քվեարկեցին «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները միայն: Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների կողմ քվեարկելը ամենեւին չի ենթադրում, որ հայցի քննարկումները հարթ են անցել Մեջլիսում: Ազգայնական շարժում կուսակցության ներկայացուցիչ Օքթայ Վուրալը, ինչպես երեկ նշել էր «Ջումհուրիեթը», հոկտեմբերի 13-ին Անկարայում PKK-ի ահաբեկչության դեմ նախատեսվող հանրահավաքը չեղյալ հայտարարելու համար դատապարտել է Էրդողանի կառավարությանը, ապա ասել է, որ արտերկիր զորք ուղարկելու արտոնությունը տրվում է ոչ թե ահաբեկչական կազմակերպության հետ բանակցելու, այլ ահաբեկչության դեմ պայքարելու համար:
Այնուհետեւ նա, դիմելով կառավարությանն, ավելացրել է. «Դուք արտոնություն եք պահանջում, որ չեզոքացվի PKK-ի ահաբեկչական կազմակերպությունը: Բայց ինչպե՞ս, երբ ինքներդ կողմ եք այդ կազմակերպությանը: Այս երկրում 2002-ին ամենուրեք վտանգավոր էր PKK-ի համար, հիմա արդեն այդ վայրերը վերածվել են անվտանգ գոտու: 2002-ին ահաբեկիչները սարերում էին միայն, իսկ հիմա քաղաքի կենտրոնում առեւանգում են կառավարիչներին, ուսուցիչներին: Երեկ ահաբեկիչների պարագլուխը Իմրալիի բանտարկյալն էր (Օջալան), այսօր նրանց պարագլուխն է դարձել զինված ուժերի գլխավոր շտաբի պետը»:
Վուրալին հետեւել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Փերվին Բուլդանը: Նա ցավալի է համարել «պատերազմի պատրաստության» բնույթ կրող արտոնագրի քննարկումը Մեջլիսում եւ շարունակել է. «Մի՞թե երկիրը դարձրել եք բարեկեցության, խաղաղության, անվտանգության օրրան: Ոչ: Հարյուրամյա բնաջնջման, ժխտողականության եւ պատերազմի քաղաքականությունները միմիայն զրկանքներ են պատճառել մեր ժողովրդին: Չկարգավորվածության (քրդական հարցի) պայմաններում միանգամայն տրամաբանական է, որ սպանությունները սովորական դառնային Թուրքիայում: Մի կողմից խոսում եք «քրդերի հետ եղբայրության» մասին, իսկ մյուսՙ ժխտում եք «մայրենի լեզվով ուսուցման» իրավունքը: Մայրենի լեզվի իրավունք որքան դուք ունեք, այնքան էլ մենք (քրդերը): Մեծարգո վարչապետից պահանջում ենք, որ անհապաղ վերսկսի արյունահեղ գործընթացին վերջ տվող բանակցությունները (PKK-ի հետ)»:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության անունից ելույթ է ունեցել Այթուն Չրայը: Նա ասել է. «Երբ Սիրիան խորտակեց մեր ինքնաթիռը, որի հետեւանքով 2 զոհ տվեցինք, մեծարգո վարչապետի բերանը ջուր էր բռնել: Աքչակալեի հրետակոծությունից հետո, սակայն, որը կարելի էր կանխել, իսկույն նա դիմեց Մեջլիս, որ պատերազմի արտոնագիր ստանա: Այնքան աճապարանքով, որ քննարկումներն անցկացվեցին առավոտյան` տեղիք տալով մտորումների, թե կեսօրին պատերազմական գործողություններ ենք ծավալելու: Վարչապետի եւ կառավարության գործողությունները վստահություն չեն ներշնչում, որովհետեւ, երբ Իրաքում տոպրակ էին հագցրել մեր զինվորների գլխին, դուք դարձել էիք կատու: Չկարողացաք ստիպել Իսրայելին, որ ներողություն խնդրի «Մավի Մարմարայի» տախտակամածում սպանված մեր 9 քաղաքացու համար: Գնալով մեկուսանում ենք: Մեր վարչապետը խուճապի մեջ է: Սիրիան Թուրքիայի համար ազգային խնդիր չէ, սակայն առկա արտգործնախարարի պատճառով ազգային աղետ է դառնում: Կարծես բավական չէր Սիրիային խառնելը, հիմա էլ ինքնաթիռի միջադեպով Ռուսաստանի հետ ենք ընդհարվում: Համենայն դեպս առաջիկա գարնանը պարտավոր ենք շարժվել Հյուսիսային Իրաք: Եթե սպասելու եք ուրիշների «շարժվելու» հրամանին, ապա իմացեք, կխեղդվեք նահատակների արյան մեջ»:
Ելույթների բովանադակությունը ցույց է տալիս, որ Մեջլիսի հոկտեմբերի 11-ի նիստում Էրդողանի կառավարության հայցի քննարկումները, անկախ դրական արդյունքից, քրդական հարցում Թուրքիայի որդեգրած դիրքորոշման, ինչպես նաեւ Սիրիայի նկատմամբ վարած ագրեսիվ քաղաքականության դատապարտման բնույթ են ստացել: Դա պատահական չէ: Թերեւս պայմանավորված է PKK-ի հետ կռիվներում թուրքական զինված ուժերի ընկրկումով (որն սպառնում է քրդական հարցը սեփական տարբերակով լուծելու Թուրքիայի հնարավորություններն ու երկիրը հետզհետե մղում դեպի մասնատում), ինչպես նաեւ Սիրիայի հարցում թուրքական պետության նույնիսկ դաշնակիցներից մեկուսացվածությամբ: