«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2012-10-11 | #179, 2012-10-12 | #180, 2012-10-13


«2013-ԻՆ ՊԵՏՔ Է ՊԱԿԱՍԵՑՆԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ»

Ֆինանսների փոխնախարարը` բյուջե 2013-ի եւ 2014-15 թվականների ծրագրերի մասին

Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեն արդեն հավանության է արժանացել կառավարությունում եւ շուտով կքննարկվի նաեւ Ազգային Ժողովում: Ի՞նչ է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որոշեցինք պարզել նրա անփոփոխ ներկայացնողից` ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից:

- Պրն Սաֆարյան, եկող տարվա պետական բյուջեի հիմնական ցուցանիշները ինչպիսի՞ն են լինելու:

- Պետական բյուջեի ծախսերը 2013-ին կինեն 1 տրլն 153 մլրդ դրամ, որը կազմում է մեր համախառն ներքին արդյունքի 25,3 տոկոսը, ինչը 0,5 տոկոսով ավելի է այս տարվա ծախսերի տեսակարար կշռի համեմատ: Եկամուտները կկազմեն 1 տրլն 31 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի 22,8 տոկոսն է, հարկային եկամուտները` 992,9 մլրդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 21,88 տոկոսը: Սա փաստորեն հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի ավելացում է 1,1 տոկոսով` 2012-ի 20,73 տոկոսի համեմատ: Դրա վրա ազդել են օրենդրական փոփոխությունները` եկամտահարկի եւ սոցվճարների միասնականացումը եւ զինծառայողների եւ ուժային մյուս կառույցների աշխատավարձերի եկամտահարկի արտոնության վերացումը: Վերջինս շուրջ 30 մլրդ դրամից ավելի գումար է կազմում: Սա այն ցուցանիշներից մեկն էր, որի պատճառով հարկեր/ՀՆԱ ցուցանիշը ցածր էր լինում: Այսինքն, պետությունը վերացնում է այդ արտոնությունը, բայց համապատասխան չափով ավելացնում ծախսերը:

- Այսինքն, այդ մարդկանց իրական եկամուտները չեն նվազի:

- Ոչ, իհարկե: Սակայն այս որոշումն ավելի համադրելի է դարձրել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, քանի որ եթե մի երկրի հարկային համակարգում արտոնություններ շատ կան, դա դժվար է համեմատել այլ երկրի հարկային համակարգի հետ, որտեղ այդ արտոնությունները չկան:

- 2012-ի համեմատ հարկային եկամուտները որքանո՞վ են ավելանում:

- 874 մլրդ դրամից հարկային եկամուտները դառնում են մոտ 992 մլրդ դրամ կամ ավելանում են շուրջ 118 մլրդ դրամով: Դրանից եթե հանենք եկամտահարկի արտոնության վերացման ադյունքում 30 մլրդ դրամը, ապա մոտ 80-90 մլրդ դրամ:

- Իսկ այս տարվա լրացուցիչ 102 մլրդ դրամի հարկերը հավաքվո՞ւմ են:

- 9 ամսվա արդյունքներով հարկային եկամուտները ամբողջությամբ կատարված են: Վստահ եմ, որ 4-րդ եռամսյակում նախատեսվածն էլ կկատարվի:

- Առավել հետաքրքրություն են ներկայացնում բյուջեի սոցիալական մասը` աշխատավարձեր, նպաստներ, թոշակներ: Ի՞նչ է նախատեսվում այս առումով բյուջե 2013-ում:

- Նվազագույն աշխատավարձը ավելանալու է եւ կազմելու 35 հազար դրամ, սակայն աշխատավարձերի, նպաստների եւ թոշակների բարձրացում եկող տարի չի սպասվելու: Մենք պետք է պակասեցնենք բյուջեի դեֆիցիտը 51 մլրդ դրամով: 2012-ին 132 մլրդ դրամ դեֆիցիտի փոխարեն, 2013-ին այն պետք է կազմի 119 մլրդ դրամ: Այսինքն, բյուջեի դեֆիցիտը բացարձակ թվով նվազելու է 13 մլրդ դրամով, բայց ֆինանսական աղբյուրների փոփոխությունը լինելու է 51 մլրդ դրամ: Եկող տարի նվազելու են բյուջետային աջակցության վարկերը, որոնք տրամադրում են միջազգային ֆինանսական կազմակերպությունները եւ որոնք փակում են դեֆիցիտի մի մասը: Դրա փոխարեն փաստորեն պետք է ավելանան դեֆիցիտը փակելու ներքին աղբյուրներից ստացվող միջոցները:

- 2013-ին բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ որքա՞ն է կազմելու:

- ՀՆԱ-ի 2,64 տոկոսը, այս տարվա 3,14 տոկոսի փոխարեն:

- Ուրիշ ի՞նչ ծախսեր են կատարվելու լրացուցիչ հարկային եկամուտներից:

- Նշեմ խոշոր ծախսերը: Լրացուցիչ մուտքերի 2,6 մլրդ դրամն ուղղվելու է կրթության, 5 մլրդ դրամ ոստիկանության, 2,7 մլրդ ազգային անվտանգության ծախսերին, որոնց մեջ հիմնական մասը դարձյալ եկամտահարկի փոփոխություններով են պայմանավորված: Գիտության ծախսերն են 1 մլրդ դրամով ավելանալու, համայնքների դոտացիաները` 3,7 մլրդ դրամով, քանի որ այս ոլորտների ծախսերը կարգավորվում են օրենքով: Զգալիորեն ավելանալու են պաշտպանության նախարարության ծախսերը: Գանձապետական պարտատոմսերի սպասարկման ծախսերն ավելանալու են 3,7 մլրդ դրամով, կառավարության կողմից տարբեր ծրագրեր համաֆինանսավորումը` 3,7 մլրդ դրամով, ավելացված արժեքի հարկի հետ վերադարձման ծախսը` 2,4 մլրդ դրամով: 1,4 մլրդ դրամ է նախատեսված երկրի նախագահի ընտրությունների ծախսերի համար: Բացի վերոնշյալից, եկող տարի արտաքին աղբյուրներից ստացված վարկերի մարման գագաթնակետն է լինելու, այդ նպատակով հատկացվելու է մոտ 40 մլրդ դրամ: 2014-2015 թվականներին մարվող գումարը նվազելու է, մեզ հնարավորություն տալով սոցիալական ոլորտում կատարել այն փոփոխությունները, որոնք դրված են նախագահի նախընտրական ծրագրի հիմքում: Դրանցից թոշակների, աշխատավարձերի եւ նպաստների բարձրացումը, 3-րդ երեխային տրվող գումարի կտրուկ բարձրացումը եւ այլ սոցիալական ծախսեր:

- Այդ դեպքում ներկայացրեք, խնդրում եմ, թե 2014-2015 թվականներին ինչպե՞ս են փոխվելու աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ու այլ սոցիալական ծախսերը:

- Դրանց շոշափելի բարձրացում է սպասվում այդ տարիներին: Նվազագույն աշխատավարձը 2014-ին կբարձրանա 28 տոկոսով, հասնելով 45 հազար դրամի, 2015-ին` եւս 22 տոկոսով, հասնելով 55 հազար դրամի: Պետական կառավարման մարմինների աշխատողների միջին ամսական աշխատավարձը ներկայիս 164 հազար դրամի փոխարեն 2014-ին կդառնա 196 հազար դրամ, 2015-ին` 234 հազար դրամ, այդ թվումՙ քաղծառայողների միջին աշխատավարձը ներկայիս 146 հազար դրամի փոխարեն 2014-ին կբարձրանա, կազմելով 173 հազար դրամ, 2015-ին` 231 հազար դրամ: Ուսուցիչների միջին աշխատավարձը 2014-ին կմնա անփոփոխ` 117 հազար դրամ, բայց 2015-ին կավելանա 20 տոկոսով, կազմելով 140 հազար դրամ: Ընտանեկան նպաստների միջին չափը 29 հազար դրամից 2015-ին կհասնի 33 հազար դրամի: 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը 430 հազար դրամից 2014-ին կդառնա 1 մլն դրամ, իսկ 5-րդ եւ հաջորդ երեխաների դեպքում` 1,5 մլն դրամ:

Ինչ վերաբերում է թոշակներին, ապա 31 հազար դրամ աշխատանքային միջին կենսաթոշակը 2014-ին կբարձրանա 27 տոկոսովՙ կազմելով 39 հազար դրամ, իսկ 2015-ին` եւս 15 տոկոսով եւ կկազմի 45 հազար դրամ: Ապահովագրական թոշակի մեկ տարվա արժեքը 450 դրամի փոխարեն 2014-ին կդառնա 600 դրամ, 2015-ին` 700 դրամ:

Հարցազրույցը ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4