«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2012-10-11 | #179, 2012-10-12 | #180, 2012-10-13


ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ 2020-Ը

Հայ-ռուսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթականՙ 14-րդ նիստը երեկ տեղի ունեցավ Երեւանում, որի ավարտից հետո հանձնաժողովի համանախագահներՙ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը երկու փաստաթուղթ ստորագրեցին:

Առաջինը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջկառավարական հանձնաժողովի հերթականՙ 14-րդ նիստի արձանագրությունն է, երկրորդը` երկու երկրների միջեւ մինչեւ 2020 թ.-ը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը:

Խոսելով մինչեւ 2020 թվականի համագործակցության ծրագրի մասին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ այն ներառում է երկու երկրների տնտեսությունների բոլոր ոլորտները, «նշված է, թե ինչ ռազմավարությամբ պետք է հասնենք մեր նպատակներին»: Ըստ վարչապետիՙ ծրագրում ընդգրկված են տնտեսական, մշակութային, սոցիալական, հումանիտար եւ այլ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

Մաքսիմ Սոկոլովն իր հերթին նշեց, որ անցած տարվա ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 1 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա 8 ամսվա ընթացքում հասել է արդեն 800 միլիոն դոլարի: «Ինչ վերաբերում է Հայաստանում կատարված ռուսական ներդրումներին, ապա վերջին 20 տարիների ընթացքում նրանց ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 3 միլիարդ դոլար, որոնցից Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի ներդրումը կազմել է 2,5 միլիարդ դոլար»: Այս տարվա ընթացքում ռուսական ներդրումների ցուցանիշների, ըստ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի, արդյունքների մասին ճիշտ կլինի խոսել տարվա ավարտից հետո:

Գազի գինը կլինի փոխընդունելի

Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ տրված հարցին Մաքսիմ Սոկոլովը պատասխանեց, որ բանակցությունները շարունակվում են, եւ ինքը վստահ է, որ կհասնեն փոխընդունելի լուծման:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4