Շահեն Խաչատրյանիՙ խմբագրություն կատարած հերթական այցելության առիթը Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարների հետ կապված իր վերաբերմունքի արտահայտությունն էր: Նկարչիՙ կյանքի վերջին տարիներին (1971-74 թթ.) արված որմնանկարներից մի քանիսը, որոնք երկրաշարժից հետո անմխիթար վիճակում էին, հանրությանը հայտնի է արդեն, թե ինչպես հնարավոր եղավ վերականգնել: Իտալացի վարպետների օգնությամբ դրանք հանվեցին պատերից, ենթարկվեցին անհրաժեշտ մասնագիտական միջամտության եւ տեղադրվեցին Երեւանի օդանավակայանում, Կառավարության շենքում:
Այդ որմնանկարներիՙ մինչեւ երկրաշարժը արվեստաբանի կողմից արված բարձրորակ լուսանկարները պահպանվում են իր արխիվում, իսկ արհավիրքից հետո նա առանձնահատուկ հոգատարությամբ հետեւել է որմնանկարների պահպանությանը: Հիրավի աննկարագրելի ու անկաշառ է Շահեն Խաչատրյանի սերը հայ մշակույթի, հայ գեղանկարչության հանդեպ: Ահավասիկՙ ի՜նչ դրվատանքով է նա ներկայացնում Ազատան գյուղի մշակույթի տան վերանորոգման արդյունքում Մինաս Ավետիսյանի որմնանկարի ամբողջական դիտելիության հանգամանքը: Պատմում է, որ հաճախ լինում է նաեւ Մարմաշենում, որտեղ մշակույթի տան վերանորոգչական աշխատանքները շուտով կավարտվեն եւ այցելուներին այստեղ եւս կդիմավորի Մինաս Ավետիսյանի մեկ այլ որմնանկար: Երկուսն էլ հայրենի բնաշխարհի, գյուղական կյանքի պատկերներ ենՙ հեղինակին բնորոշ գույների տաք մթնոլորտով:
Արվեստաբանը հույս ունի, որ այս երկու գյուղերըՙ Գյումրիից հարավ գտնվող Ազատանը եւ արեւմուտքիցՙ Մարմաշենը, Մ. Ավետիսյանի որմնանկարների շնորհիվ դեպի իրենց կձգեն արվեստասերների եւ հյուրերի բազմաթիվ հոսքերՙ դառնալով երկրի դիտարժան վայրերից մեկը: «Կարեւորը, որ Մինաս Ավետիսյանի այդ երկու որմնանկարները չհանվեցին եւ մնացին իբրեւ նկարչի ծննդավայրիՙ Շիրակ աշխարհի գեղեցկության խորհրդանշան»:
Մ. Բ.