Աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը դեկտեմբերի 17-ին կժամանի Հայաստան, ներկա գտնվելու դեկտեմբերի 18-ին կայանալիք «С новым годом, Мамы» ֆիլմի պրեմիերային: Ֆիլմի մանրամասների մասին «Ազգին» պատմեց «Արմենիա փրոդաքշնի» գլխավոր պրոդյուսեր, ֆիլմի համապրոդյուսեր Վալերի Սահարյանը :
«Կինեմատոգրաֆիան ես համարում եմ կախարդանք, որն ըստ իս մարդկության ամենամեծ ձեռքբերումներից է: Շուրջ 5-6 տարի է դանդաղ քայլեր եմ կատարում կինոարտադրության ոլորտում, քանի որ իմ առջեւ դրված խնդիրը շատ մանրակրկիտ է` սովորել կինոարտադրության համակարգը ներսից: «С новым годом, Мамы» կինոնկարը ինձ համար հանդիսանում է դեբյուտ ընտանեկան կյանքի ժանրում: Առաջիկա տարիներին «AP films»-ը կուրախացնի կինոհանդիսատեսին մեծ աղմուկ բարձրացնող պրեմիերաներով, համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ, սակայն այդ մասին քիչ ավելի ուշ` «վախենում եմ աչքով տամ»: Ավելի լավ է խոսենք մեր պրեմիերայի մասին: Անցյալ տարի «Armenia music awards» մրցանակաբշխությանը, որը տեղի ուենցավ ապրիլի 7-ին, մենք ինքներս մեզ հարց տվեցինք, թե ինչպիսի՞ նվեր մատուցենք կանանց, եւ լավագույն «նվերը» Ալեն Դելոնն էր, մարդ ում սիրում են բոլորը», եւ Վ. Սահարյանը ավելացրեց. ««Enjoy muveis» կազմակերպությունը որոշեց «Мамы» ֆիլմի շարունակությունը նկարահանել` «С новым годом, Мамы» վերփոխված անվամբ, եւ ցանկություն կար այդ ֆիլմում նկարահանել Ալեն Դելոնին: Ֆիլմի ստեղծագործական խմբի կազմում մտերիմ ընկերներս են` Սարիկ Անդրեասյանը, Արտյոմ Մաքսիմենկոն, Դմիտրի Գրաչովը, Կլիմ Պոպլավսկին, Անտոն Բորմատովը, պրոդյուսերներն են Ղեւոնդ Անդրեասյանը, Գեորգի Մալկովը: Ինչպես գիտեք մի քանի տարի առաջ Ալեն Դելոնը պաշտոնապես հայտարարեց, որ էլ ոչ մի ֆիլմում չի նկարահանվելու, սակայն ընկերներս նորից Ա. Դելոնին դիմեցին ֆիլմում նկարահանվելու առաջարկով, որին ի պատասխան դերասանի մենեջերը պատասխանել էր. «Մենք այլեւս ֆիլմերում չենք նկարահանվում»: Հետո ընկերներս հիշեցին, որ ոչ վաղ անցյալում Ալեն Դելոնը ներկա է գտնվել իմ կազմակերպած «Armenia music awards» մրցանակաբաշխությանը եւ դիմեցին ինձ: Ալեն Դելոնի հետ բանակցություններից հետո «Արմենիա փրոդաքշնը» ստացավ դերասանի համաձայնությունը` նկարահանվել «С новым годом, Мамы» ֆիլմում»:
Հատկանշական է, որ Ալեն Դելոնը ֆիլմում նկարահանվում է անվճար, թե ո՞րն է պատճառը, ճշտեցինք Վ. Սահարյանից. «Ամենակարեւորն այն է, թե ինչպես ես անում հրավերը: Սակայն կարեւորագույն դեր խաղաց ֆիլմի սյուժեն: Ա. Դելոնը մի մարդ է, որը մեծարում է մորը, նա գիտի, թե ինչպես մեծարել եւ սիրել կնոջը: Կարդալով սցենարը նա ասաց, որ այն հետաքրքրական է: Նման մեծ աստղերն ունեն այլ արժեհամակարգ, իսկ Ա. Դելոնն այժմ անում է այն, ինչն իրեն հետաքրքիր է, հոգուն եւ սրտին մոտ է, բայց ոչ գումարի համար»:
Նշենք, որ Ալեն Դելոնը «С новым годом, Мамы» ֆիլմում խաղում է հենց իր կերպարը` դերասան Ա. Դելոն: Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է Ռուսաստանում, ինչպես նաեւ Ֆրանսիայում: Ֆիլմի հերոսներից մեկը, որին մարմնավորում է Պավել Վոլյան, փորձում է իրականացնել իր մոր բաղձալի երազանքը` տեսնել դերասան Ալեն Դելոնին: Հերոսը կազմակերպում է այցելություն Փարիզ, որտեղ էլ նրա մայրը պատահական հանդիպում է աշխարհահռչակ դերասանին:
Ալեն Դելոնից բացի, ֆիլմում խաղալու են` Կոնստանտին Կրյուկովը, Պավել Վոլյան, Իրինա Ռոզանովան, Մակսիմ Մատվեեւը, Եկատիրինա Վիլկովան, Սվետլանա Իվանովան, Մակսիմ Վիտորգանը, Գարիկ Խառլամովը, Տատյանա Վասիլեւան, Լուիզա-Գաբրիելա Բրովինան եւ այլք:
Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր: Մոսկվայում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, հայաստանյան պրեմիերայից հետո, որին եւս կմասնակցի Ալեն Դելոնը:
Վալերի Սահարյանը բոլորին հրավիրում է նայել ֆիլմը եւ վստահեցնում է, որ ոչ ոք չի զղջա: Ինչպես «Ազգի» զրուցակիցն ասաց, այս ֆիլմը Նոր տարվա լավագույն նվերներից է, որը մարդիկ կարող են մատուցել իրենց ընկերներին, քույրերին, մայրերին եւ հենց իրենց:
Ֆիլմի բյուջեն կազմում է 6 միլիոն դոլար (ներառյալ գովազային-մարքեթինգային ծախսերը):
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ