Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընտրական մրցաշարում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց` «Հրազդանում» 1-3 հաշվով զիջելով Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի ընտրանուն: Մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց իրացնել ստեղծած գոլային մի քանի հիանալի պահերը, իսկ ահա իտալացիներն օգտվելով մեր պաշտպանների կոպիտ սխալներից, վստահ հաղթանակ տոնեցին:
Իտալացիները շատ ակտիվ սկսեցին հանդիպումն ու առաջին 15 րոպեներին իրենց կամքն էին թելադրում դաշտի տերերին` ստիպելով նրանց մեծ ուժերով պաշտպանվելու: Նրանք հաճախակի էին եզրերով ճեղքում մեր պաշտպանությունն ու վտանգավոր պահեր ստեղծում Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասին: Հատկապես թույլ էր մեր պաշտպանության աջ թեւը, որտեղ հանդես եկող Վալերի Ալեքսանյանը չէր հասցնում վնասազերծել մրցակցի արագաշարժ խաղացողներին ու հնարավորություն էր տալիս սպառնալ մեր դարպասին: Ընդհանրապես այս խաղում իր համար անսովոր դիրքում հանդես եկած Ալեքսանյանը շատ վատ խաղաց: Դեռ լավ էր, որ հյուրերը հաճախ հայտնվում էին խաղից դուրս վիճակում, այլապես կարող էին դեռեւս խաղասկզբում մի քանի անգամ հասնել հաջողության:
Արդեն 5-րդ րոպեին Բերեզովսկին ստիպված էր դրսեւորել իր վարպետությունը` Պիռլոյի տուգանային հարվածից հետո գնդակը հանելով անկյունային: Սակայն 6 րոպե անց նա անկարող էր որսալ նույն Պիռլոյի 11մ նշակետից կատարած դիպուկ հարվածը, որը նշանակվել էր Հրայր Մկոյանի ձեռքով խաղի համար:
Բաց թողած գոլից հետո դաշտի տերերն աստիճանաբար ուշքի եկան ու սկսեցին սպառնալ մրցակցի դարպասին: Հիշարժան էր Արաս Օզբիլիսի տուգանային հարվածը, որից հետո Բուֆոնը դժվարությամբ հեռացրեց գնդակը: Իսկ 27-րդ րոպեին իր անհատական բարձր վարպետությամբ պարզապես փայլեց մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որը գրեթե դաշտի կենտրոնից սլացիկ անցումով շրջանցեց մրցակցի պաշտպանին ու գրավեց անխոցելի Բուֆոնի դարպասը:
Այդ գոլը վստահություն հաղորդեց մեր ֆուտբոլիստներին, որոնք հավասարեցրին խաղն ու սկսեցին ավելի հաճախակի գրոհել: Իսկ ընդմիջումից հետո խաղադաշտում պատկերը փոխվեց: Այժմ արդեն դրության տերը հայ ֆուտբոլիստներն էին, որոնք կարծես վերագտել էին իրենց բնորոշ ագրեսիվ խաղն ու ստիպել էին իտալացիներին մեծ ուժերով պաշտպանվելու: Դաշտի տերերը գոլային մի քանի հիանալի պահեր ստեղծեցին եւ եթե Մանոյանը, Մխիթարյանն ու Մովսիսյանը դրանք իրացնեին, ապա դժվար թե իտալացիները խուսափեին պարտությունից: Սակայն ցավոք այդպես էլ գնդակը չհայտնվեց Բուֆոնի պաշտպանած դարպասում: Իսկ ահա իտալացիները կրկին օգտվելով մեր պաշտպանների անփույթ խաղից, 2 անգամ հաջող իրացրին տուգանային հարվածներն ու Դե Ռոսին եւ Օսվալդոն գլխի հարվածներով վճռեցին հանդիպման ելքը:
Նախորդ 2 հանդիպումների համեմատ մեր հավաքականի խաղն առջեւի գծում անհամեմատ բարելավվել էր: Իր բարձր կարգը կրկին հաստատեց Հենրիխ Մխիթարյանը, Արաս Օզբիլիսն էլ բավականին ակտիվ էր, իսկ ահա Յուրա Մովսիսյանը ոչնչով աչքի չընկավ: Իսկ մեր պաշտպանությունը պարզապես ձախողեց խաղը ու հավաքականի պարտության գլխավոր մեղավորն էր: