«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2012-10-12 | #180, 2012-10-13 | #181, 2012-10-16


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՂ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱ՞Ծ Է

Այսօր Բաքվում աշխատանքն է սկսում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովը: Այդ նպատակով Ադրբեջանի մայրաքաղաքում են կազմակերպության անդամ մի շարք երկրների առաջնորդներ: Նախապես ծանուցվել էր, որ Բաքու կմեկնի նաեւ ՌԴ նախագահ Պուտինը, սակայն այդ տեղեկատվությունը չհաստատվեց:

Գագաթաժողովի նախօրեին Բաքվում հանդիպել են կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները: Ինչպես միշտ, Ադրբեջանի «արդարացի դիրքորոշմանն» աջակցություն են հայտնել Թուրքիան եւ Պակիստանը: Իրանի ԱԳ նախարարը բավականացել է նկատել տալով, որ իր երկիրը «միջազգային կառույցներում միշտ պաշտպանել է Ադրբեջանին»:

Բաքվի գագաթաժողովի «աղը», սակայն մի շատ նուրբ հանգամանքի մեջ է: Բանն այն է, որ, ինչպես «Անկարայի դիվանագիտական աղբյուրներին» հղում կատարելով գրել է ադրբեջանական «Զերկալո»-ն, միջոցառմանն «առաջին անգամ ներկա կգտնվի «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» (չակերտները մերն են- Վ.Ա.) արտաքին գործերի նախարարը»: Վերջինս, ըստ նույն լրատվամիջոցի, «Թուրքիայի պատվիրակության հետ է ժամանել Բաքու»:

Առաջին անգամն է, որ մամուլում տեղեկատվություն է հայտնվում Կիպրոսի հյուսիսում ինքնահռչակված թուրքական ռեժիմի պաշտոնական ներկայացուցչի` Ադրբեջանի մայրաքաղաքում գտնվելու մասին: Ավելի վաղ կողմերի հարաբերությունների թեման մամուլի համար գրեթե փակ էր. Պաշտոնական Բաքվի համար անցանկալի էր հրապարակայնացնել Կիպրոսի թուրքական հատվածի` միջազգային հանրության կողմից ճչանաչված վարչախմբի հետ կապերը:

Թեեւ, իհարկե, հայտնի է, որ Ստամբուլի միջոցով Բաքուն օդային հուսալի կամուրջ է ստեղծել «ՀԿԹՀ»-ի հետ, իսկ հազարավոր ադրբեջանցի երիտասարդներ բարձրագույն կրթություն են ստանում այդ «երկրի» համալսարաններում: Անցյալ տարի «ՀԿԹՀ»-ում էր գտնվել Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունը` մասնակցելու «հիմնադիր նախագահ» Ռաուֆ Դենքթաշի հուղարկավորությանը: Այդուհանդերձ, Կիպրոսի հյուսիսում թուրքական ռեժիմը պաշտոնապես ճանաչելուց Բաքվի իշխանությունները մինչեւ վերջերս ձեռնպահ էին մնում:

Անցյալ տարի Իլհամ Ալիեւն այդ առթիվ թուրք լրագրողներից մեկի հարցին ուղղակի պատասխանել էր, որ «մինչեւ չլուծվի ԼՂ հարցը, Ադրբեջանը չի կարող գնալ նման քայլի»: Այսօր, ինչպես կարելի է ենթադրել, Իլհամ Ալիեւը միեւնույն կլոր սեղանի շուրջը կնստի «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ»: Բացառված չէ, որ վերջինս կարժանանա նաեւ Իլհամ Ալիեւի առանձին ընդունելությանը:

Դա, իհարկե, «ՀԿԹՀ»-ի ֆորմալ ճանաչում չէ, բայց այդ ճանապարհին արված լրջագույն քայլ է: Մանավանդ` միջազգային գագաթաժողովի կոնտեքստում: Ըստ երեւույթին, թուրք-ադրբեջանական համատեղ ջանքերով «ՀԿԹՀ»-ի արտգործնախարաը կներկայացվի նաեւ թուրքախոս այլ երկրների համարժեք պաշտոնյաներին: Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ Ադրբեջանի համար ԼՂ խնդիրն արդեն լուծված է: Այն է` պաշտոնական Բաքուն այլեւս հույս չունի, որ «ստատուս քվոն կփոխվի», եւ նրան մնացել է ընտրել «ՀԿԹՀ անկախության ճանաչումը»: Թե՞ դա թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական լկտիությունն է` ի պատասխան միջազգային հանրության չափազանց մեծ «ըմբռնողականության»:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4