Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանում գումարվող 87-րդ ընդհանուր ժողովի պատվիրակներն ու հյուրերը, գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի, հոկտեմբերի 14-ին մեկնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Եռօրյա այցելության ընթացքում ՀԲԸՄ պատվիրակները կծանոթանան ԼՂՀ սոցիալ-տնտեսական կյանքին, ՀԲԸՄ-ի կողմից իրագործված ծրագրերին, հանդիպումներ կունենան հասարակայնության հետ եւ կայցելեն Շուշի ու Գանձասար:
Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ պատվիրակների հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ կառավարության անդամների հետ, որտեղ քննարկվեցին տարիների ընթացքում համատեղ իրագործված եւ ապագա ծրագրերը: ՀԲԸՄ-ի 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Ստեփանակերտում հայտարարվեց նաեւ ՀԲԸՄ նոր կրթական կենտրոնի ստեղծման մասին: Կենտրոնը կներառի Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժինը: Այս ծրագրով Լեռնային Ղարաբաղի ուսանողները հնարավորություն կունենան հաճախելու արդիական մեթոդներով անցկացվող մասնագիտական դասընթացներինՙ անգլերեն լեզվի կատարելագործման ու Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդունելության քննությունների (TOEFL) նախապատրաստության գծով: Այդ ծրագրով դասընթացներ կանցկացվեն նաեւ կառավարման, տուրիզմի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտների գծով:
ՀԲԸՄ նոր կրթական կենտրոնում կգործի նաեւ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը արվեստի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ունեցող Արցախի երիտասարդությանը կտրամադրի յուրատեսակ ուսումնական փորձառություն:
Այցելության ավարտին ՀԲԸՄ-ի պատվիրակները ներկա կգտնվեն Լեռնային Ղարաբաղի կամերային նվագախմբի համերգին: Նվագախումբը 2004 թ. ստեղծվել է ՀԲԸՄ-ի անմիջական նախաձեռնությամբ ու վայելում է նրա հովանավորությունը:
ՀԲԸՄ-ն սփյուռքում հետեւողականորեն աջակցել է Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի ճանաչմանը եւ Արցախի տնտեսության վերականգնմանը: ՀԲԸՄ-ն աջակցել է նաեւ ԼՂՀ կառավարության պաշտոնյաների վերապատրաստման հատուկ դասընթացների ծրագրին: ՀԲԸՄ Արցախի վերաբնակեցման ընդհանուր ծրագրի շնորհիվ վերականգնվել ու վերաբնակեցվել է Հադրութի շրջանի Նորաշեն գյուղը: Անցած տարիներին միությունը ԼՂՀ-ում իրականացրել է մարդասիրական, կրթական եւ մշակութային բազմաթիվ ծրագրեր` բնակելի շենքերի ու դպրոցների շինարարություն ու վերանորոգում: Միության բարերարներն ու անդամները մասնակցել են Արցախի հզորացմանն ուղղված համահայկական ծրագրերին: