«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2012-10-12 | #180, 2012-10-13 | #181, 2012-10-16


ՆԱՎԹԱՅԻՆ «ԱՍԵՂՆ» ԱՐԴԵՆ «ԿԱՅՖ» ՉԻ՞ ՏԱԼԻՍ

Կառավարության նիստում Իլհամ Ալիեւի անհավասարակշիռ ելույթը, մանավանդ` BP-ի հասցեին հնչեցրած կոշտ քննադատության մասով, վկայում է, որ Ադրբեջանի «տնտեսական թռիչքի» մասին խոսակցությունները պարզապես քարոզչություն են: Անկախ աղբյուրները ներկայացնում են բոլորովին այլ պատկեր: Այսպես, Ադրբեջանի աշխատունակ բնակչության 40 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ, սակայն վերջինիս մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում չի գերազանցում 5 տոկոսը: Վերջին օրերին Ադրբեջանում հացը թանկացել է, թեեւ ավելի վաղ կառավարությունը հայտարարել էր, որ «հետխորհրդային շրջանում առաջին անգամ հանրապետությունը հասել է հացահատիկի ինքնաբավության»:

Անցած 5 տարիներին բյուջետային ոլորտում աշխատավարձը կազմել է միջինը 150-200 մանաթ, մինչդեռ «ոչ հարուստ ապրելու համար յուրաքանչյուր ընտանիքի ամսական պետք է 2 500 դոլար», ինչպես ցույց են տալիս, մասնավորապես, քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեի անցկացրած հարցումները: Կառավարող կուսակցությունը հայտարարել է, որ 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրելու է Իլհամ Ալիեւի թեկնածությունը: Մերձիշխանական լրատվամիջոցները խոսում են «եկող տարվանից թոշակները կրկնապատկելու» կառավարության մտադրությունից: Նման հավակնոտ քայլի դիմելու համար իշխանությունը որեւէ այլ աղբյուր չունի, քան նավթի արտահանումից ակնկալվող եկամուտները:

Այս ֆոնի վրա միանգամայն հասկանալի է դառնում նավթի արդյունահանման ծավալների կրճատման շուրջը Իլհամ Ալիեւի սուր անհանգստությունը: Ամենայն հավանականությամբ, խնդիրը չափազանց բարդ է: Այսպիսի եզրակացության կարելի է գալ ծանոթանալով Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւի դիտարկումներին, որ նա արել է «Caspian oil and gas trading and transportation» 6-րդ խորհրդաժողովի շրջանակներում: Ըստ Ալիեւի, նավթի արդյունահանման ծավալների կրճատումը «BP-ն բացատրում է նրանով, որ անցկացվում են տեխնիկական միջոցառումներ, կանգ են առնում արդյունահանող պլատֆորմները, իրականացվում են վերանորոգման աշխատանքներ»:

Նախարարի գնահատմամբՙ «մի կողմից դա բնական է, բայց մյուս կողմից էլ յուրաքանչյուր հանքավայր պետք է շահագործվի ըստ գիտական մշակումների, դրա համար հարկ է որոշարկել կանխատեսումը` ինչի հետեւանքով է տեղի ունենում անկումը եւ դրա դեմ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել»: Այս մշուշոտ ձեւակերպումների ենթատեքստում Նաթիգ Ալիեւը փաստորեն BP-ին առնվազն կշտամբում է «անհետեւողականության» համար: Նա ասել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը «հարկ է ուժեղացնել վերահսկողությունը»: Սա արդեն բացահայտ մեղադրանք է BP-ի հասցեին: «Երբ պլանավորվում է արդյունահանման մի մակարդակ, իսկ մենք տեսնում ենք նշանակալի թվեր, որ խիստ տարբերվում են պլանավորվածից, ապա դա նշանակում է, որ կամ ծրագիրը ճիշտ չի կազմվել, կամ էլ միջոցառումները, որ ձեռնարկվել են նավթարդյունահանումը կայունացնելու համար, բավարար չեն»: Նախարարը թերեւս առաջին անգամ պաշտոնապես հնչեցրել է, որ «Ազերի-Գյունեշլի-Չիրաղ» հանքի պաշարները ժամանակին գնահատվել են «511 մլն տոննա, եւ ենթադրվել է, որ կայուն արդյունահանման դեպքում տարիներ շարունակ տարեկան ծավալները կարող են կազմել 35 մլն տ, բայց հետո, երբ հանքավայրի պաշարները մեծացվել են (երեւի կանխատեսվել է, որ դրանք ավելի մեծ են- Վ.Ա.), ապա պլանավորվել է նույնիսկ, որ տարեկան արդյունահանումը կարող է հասցվել 65 մլն-ի»:

Սա, ըստ երեւույթին, այն թիվն է, որով բոլոր հաշվարկները կառուցել է Իլհամ Ալիեւը: Տարեկան այդ ծավալի նավթարդյունահանումը, որից ակնկալվել է 75:25` հօգուտ Ադրբեջանի հարաբերակցությամբ եկամուտների բաշխում, գուցե իրոք թույլ կտար «փակել տնտեսության սեւ խոռոչները» եւ որոշակի սոցիալական խնդիրներ էլ լուծել: Սակայն, ինչպես կառավարության նիստում Իլհամ Ալիեւն է ասել, այս տարի նավթի արդյունահանման ծավալները չեն գերազանցի 32 մլն տ-ի սահմանները: Այսինքն, Ադրբեջանի կառավարությունը կունենա ակնկալած եկամուտների կեսից պակաս գումարներ: Դա է պատճառը, որ Նաթիգ Ալիեւը BP-ին հորդորում է «փորել նոր նավթահորեր»:

Միջազգային կոնսորցիումը Ադրբեջանում ներդրել է 28 մլրդ դոլար եւ արդեն իսկ ստացել 73 մլրդ շահույթ: Զուտ տնտեսական իմաստով BP-ն իր շահն ստացել է: Եվ, ամենայն հավանականությամբ, այլեւս չի ցանկանում լրացուցիչ ներդրումներ անել: Բացառված չէ, որ ադրբեջանական նավթի պաշարների մասին «կանխատեսումները» միայն քաղաքական են եղել: Այսինքն, անցած տարիների նավթարդյունահանման ծավալները հենց այն են, ինչ իրականում կա Կասպից ծովի ադրբեջանական հատվածի ընդերքում: Իսկ այն, ինչի մասին երազում է Ադրբեջանի կառավարությունը, գուցե իրականության մեջ գոյություն չունի՞: Այսինքն, հնարավոր չէ «տարիներ շարունակ տարեկան 65 մլն նավթ արդյունահանել»: Իսկ դա նշանակում է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական կոլապսի հեռանկար մի երկրում, որը շուրջ 10 տարի «նավթային ասեղի վրա կայֆ է բռնում»:

Ադրբեջանի համար, այսպիսով, մոտենում է սթափության պահը: Բայց իշխող վարչախումբը կունենա՞ ուժ` թոթափելու «նավթային ասեղից» կախվածությունը, թե՞... BP-ի եւ հարեւան երկրների, հատկապես Թուրքմենստանի, հասցեին հնչեցվող սպառնալիքները թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանը «թմրամոլի» հիվանդագին սրվածությամբ գնում է իրավիճակի ապակայունացման: Քանի որ «նավթային ասեղն արդեն կայֆ չի տալիս»:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4