«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2012-10-12 | #180, 2012-10-13 | #181, 2012-10-16


«ԿԱՑՆԱՍՊԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ»

Այս վերնագրով հոդված է տպագրել ավստրիական Der Standard-ը: Անցած շաբաթ Բուդապեշտ է այցելել ադրբեջանական տնտեսական մի պատվիրակություն: Այդ համատեքստում, հոկտեմբերի 9-ին, հղում անելով APA լրատվական գործակալությանը, ավստրիական Der Standard-ը մեջբերում է հունգարական Eszak-online ինտերնետային պորտալի հետեւյալ ձեւակերպումըՙ «Հունգարիան վաճառեց ադրբեջանցի կացնասպանին»: Թերթը հիշեցնում է կացնասպան Սաֆարովին արտահանձնելու, հերոսացնելու պատմության մանրամասները, դրան ի հետեւանք Հայաստանի ռեակցիանՙ դիվանագիտական հարաբերությունների խզումը Հունգարիայի հետ: Ըստ միջազգային քննադատությանՙ արտահանձնումով Հունգարիան սրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ-ի պատճառով ստեղծված հակամարտությունը, գրում է թերթը: Հունգարիայի սոցիալիստական ընդդիմությունը հանդիմանեց Վիկտոր Օրբանի աջ պահպանողական կառավարությանըՙ պետական փոխառությունները նավթի եւ գազի պաշարներով չափազանց հարուստ Ադրբեջանին վաճառելու ցանկության համար: Լրատվամիջոցներն էլ շահարկեցինՙ եկամտաբեր տնտեսական գործարք Սաֆարովի ազատ արձակմանն ի հատուցում: Շուտով երկու երկրների միջեւ տնտեսական հստակ պայմանագրեր են կնքվելու, ադրբեջանական տնտեսական պատվիրակության հետ բանակցությունների ավարտին ընդգծել է Հունգարիայի արտաքին կապերի գծով պետքարտուղար Պետեր Սցիյարտոն: Դրանով պետքարտուղարը խոստովանում է, թե Հունգարիան կացնասպանին «դրամի եւ տնտեսական շահեկանության տեսակետից է ազատ արձակել», գրում է ինտերնետային պորտալը: Հունգարական լրատվական MIT գործակալությունը, մեջբերելով պետքարտուղարի խոսքերը, փոխանցում է, թե Հունգարիան դիտարկում է Սաֆարովի հարցը փակված: Ադրբեջանի տնտեսության նախարար Սահին Մուստաֆաեւը ընդգծել է, թե Հունգարիան վարվել է միջազգային իրավունքի հիմունքներից ելնելով: Սաֆարովի արտահանձնումը «մարդասիրական ու արդար» քայլ է, ադրբեջանցի նախարարի եզրափակիչ խոսքն է ներկայացնում ավստրիական Der Standard-ը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4