«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2012-10-12 | #180, 2012-10-13 | #181, 2012-10-16


ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը որպես վկա երեկ կանչվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: ԲՀԿ-ական նախկին նախարարը հարցաքննության է հրավիրվել Ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ըստ դատախազությունում նախապատրաստված նյութերիՙ պարզվել է, որ 2005-ին, այնուհետեւՙ 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացվող աշխատանքները նախ կազմել են 305000000, այնուհետեւՙ 709641000 դրամ: Նախաքննության տվյալներովՙ գրադարանի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Աշխատանքներն իրականացնող ՍՊ ընկերություններից կազմված կատարողական ու ավարտական ակտերում օգտագործված նյութերի եւ ապրանքների ծագումն ու բնութագիրը փոփոխելու կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Իսկ համապատասխան պաշտոնատար անձինք ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերն ու հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ եւ պատշաճ կատարված լինելու մասին դրական եզրակացությունները:

Պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս: Հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4