«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2012-10-12 | #180, 2012-10-13 | #181, 2012-10-16


ՀՐԵԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ «ԹՈՒՐՔԱԿԱՆ» ԱՆՎԱՆՄԱՄԲ

Երեւանում է «Խոռ Տուրեցկովո» արտ-խումբը, որը համերգով հանդես եկավ «Մեցցո» ակումբում: Երգչախմբի արմատները մոսկովյան սինագոգից են: Արտ-խմբի հիմնադիր Միխաիլ Տուրեցկին ավարտել է Սվեշնիկովայի անվան երգչախմբային ուսումնարանը եւ Գնեսենի անվան ինստիտուտը: Մ. Տուրեցկին Ռուսաստանի, Ուկրաինայի, Օսեթիայի, Ինգուշեթիայի ժողովրդական արտիստ է: Իսկ Ամերիկայի երաժշտական մշակույթի ակադեմիայի կողմից պարգեւատրվել է «Ոսկե թագ» շքանշանով: «Խոռ Տուրեցկովո» արտ-խմբի արտիստները երաժշտական կոմպոզիցիաներ են կատարում ավելի քանի 10 լեզվով, ընդ որում առանց ֆոնոգրամայի, այդ թվումՙ ակապելլա: Խումբն իր ձայնով կարողանում է փոխարինել նվագախմբի:

«Խոր Տուրեցկովո» արտ-խմբի հիմնադիր Միխաիլ Տուրեցկին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Շատ հաճելի է նման մասշտաբային միջոցառման մասնակիցը լինել: Մեզ մոտ` որպես անհատական համերգ սա առաջին դեպքն է Երեւանում, այն կարելի է անվանել երգի պրեմերիա: Ես ինձ հարց եմ տալիս, ինչո՞ւ, ո՞րն է պատճառը, որ համերգային ծրագրով մինչ այս Հայաստանում հանդես չենք եկել: Հնարավոր է, որ այս դեպքում ազգանունս է պատճառը` քաղաքականապես անհաջող»: Մ. Տուրեցկին անդրադառնալով ազգանվան արմատներին ասաց. « Մինչ հեղափոխությունը Լեհաստանում եղել է հրեական մի փոքրիկ վայր, այն կոչվել է Տուրեց, այդտեղից է սերվել իմ ողջ ընտանիքը: Ազգանունս Թուրքիայի հետ որեւէ կապ չունի, երեկ ամբողջ օրը բոլորին դա էի բացատրում, եւ ինձ «ներեցին»` ասելով. «Այդ դեպքում դու կլինես Հայաստանի ժողովրդական արտիստ»: Պարզվեց, Մ. Տուրեցկու մանկության լուսավոր հուշերը կապված են Երեւանի հետ. «Երբ մենք տղաների մանկական երգչախմբով շրջագայում էին ողջ ԽՍՀՄ տարածքով, մեզ համար Հայաստանում հայտնվելը նման էր արտասահմանում լինելուն, քանի որ այստեղ տուֆակերտ էր, լուսավոր ու ջերմ»:

Երեկ համերգի ընթացքում ներկայացվեցին բազմաժանր ստեղծագործություններ` բոլոր ժամանակների եւ տարբեր ժողովուրդների, վերջին 4 դարերի տարբեր շլյագերներ, սկսած Ջոակինո Ռոսսինիի «Ֆիգարոյի ամուսնությունից» վերջացրած ռոք հիթերով` Ֆրեդի Մերկուրի, հնչեցին նաեւ կոմերիտական, սովետական երգեր, իտալական ստեղծագործություններ: Բանախոսը նշեց. « Մեր երգչախմբում կան տենորի բոլոր նրբերանգներ, որոնք կան բնության մեջ, նաեւ ձայներ, որոնք անհրաժեշտ են կանացի կատարումների համար: Երգչախումբը կարող է կատարել որեւէ երաժշտություն, որը երբեւէ գրված է»: Հատկանշական է, որ «Խոռ Տուրեցկովո» խմբում կա երգիչ, որը կատարում է կնոջ համար գրված արիաներ: Մ. Տուրեցկին նշեց, որ իրենց խմբի ունկնդիրներն են հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները` նախարարներ, ուսանողներ, օլիգարխներ, թոշակառուներ, որոնք սիրում են լսել լավ երաժշտություն:

Միխայիլ Տուրեցկին ավելացրեց, որ օրերս կատարելով հայկական երաժշտություն, ամբողջությամբ ընկալել է ասելիքը, քանի որ ինքն էլ որպես հրեա հասկանում է մեծ ժողովրդի անցած պատմական ուղին, լի դժվարություններով:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4