«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2012-10-12 | #180, 2012-10-13 | #181, 2012-10-16


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ ՍՊԱՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԳՐԱՆՑՎԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ընտրական մրցաշարի խաղացանկով այս տարվա համար նախատեսված իր մրցախաղերը: Անցկացրած 3 հանդիպումներում մեր ընտրանին ընդամենը 3 միավոր վաստակեց: Ինչ խոսք, հավաքականը սպասված արդյունքը չգրանցեց: Հաշվի առնելով ընտրական նախորդ մրցաշարում ցույց տված բովանդակալից ու կրակոտ խաղը, աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկում մեր ֆուտբոլիստներից ավելի բարձր արդյունք էինք ակնկալումՙ նվազագույնը 5 միավոր:

Ինչեւէ, սպասելիքները չարդարացան եւ մնում է սպասել մինչեւ գարուն, երբ հավաքականը սեփական հարկի տակ կհյուրընկալի չեխերին ու մալթացիներին: Այդ խաղերում հարկավոր է առավելագույնը 6 միավոր վաստակել, որպեսզի հնարավոր լինի շարունակել պայքարը եզրափակիչի ուղեգրերի համար:

Ընտրական B խմբում ՀՀ հավաքականն առայժմ 3 միավորով 4-րդ տեղում է: Խմբում կայացած մյուս 2 խաղերում չեխերը սեփական հարկի տակ 3-1 հաշվով պարտության մատնեցին Մալթայի հավաքականին, իսկ Բուլղարիա-Դանիա մրցախաղում գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1:

Ընտրական մրցաշարը շատ հաջող է սկսել Ռուսաստանի հավաքականը, որը Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ 1-0 հաշվով պարտության մատնելով F խմբի առաջատարներից մեկինՙ պորտուգալացիներին: Ռուսները 3 խաղում 7 գոլ են խփելՙ սեփական դարպասը պահելով անառիկ: Իսկ Պորտուգալիայի հավաքականն առաջին պարտությունը կրելով, 6 միավորով 2-րդ տեղում է: Մյուս խաղում Իսրայելի հավաքականը հյուրընկալվելիս 6-0 հաշվով ջախջախեց Լյուքսեմբուրգի ընտրանուն:

Ինչպես միշտ, վստահ են խաղում գերմանացիները, որոնք 9 միավորով C խմբի առաջատարն են: Գերմանիայի ընտրանին պարզապես ջախջախեց իռլանդացիներին մրցակցի դաշտումՙ 6-1: Շվեդները հյուրընկալվելիս Ֆարերներին հաղթեցին 2-1 հաշվով, իսկ Ղազախստան-Ավստրիա խաղում դարպասները մնացին անառիկ:

D խմբում միանգամից 2 հավաքականներ 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին: Եթե հոլանդացիների նման վստահ մեկնարկը ոչ մեկին չի զարմացնում, ապա ռումինացիները հաճելի անակնկալ են մատուցում իրենց երկրպագուներին: Նրանք մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեցին թուրքերին: Հոլանդացիներից առանձնակի ջանքեր չպահանջվեցին Անդորրայի ընտրանու դարպասը 3 անպատասխան գնդակ խփելու համար: Հունգարիան էլ հյուրընկալվելիս 0-1 հաշվով զիջեց էստոնացիներին:

Առանց միավորի կորստի է ընթանում նաեւ Իսպանիայի հավաքականը, որը ֆրանսիացիների հետ 6 միավորով գլխավորում է I խմբի աղյուսակը: Իսպանացիները Մինսկում վարպետության իսկական դաս տվեցին բելառուսներինՙ 4 անպատասխան գնդակ ուղարկելով վերջիններիս դարպասը: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Պեդրոնՙ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Իսպանացիների դարպասապահ Իկեր Կասիլյասը գերազանցեց իրեն պատկանող անխոցելիության ռեկորդը: Նա հավաքականի կազմում վերջին 9 հանդիպումներում գոլ բաց չի թողելՙ ընդհանուր առմամբ դարպասն անառիկ պահելով 728 րոպե շարունակ: Վերջին գոլը նա բաց էր թողել Եվրո-2012-ի մեկնարկային խաղում իտալացի Անտոնիո դի Նատալեից: Կասիլյասի ռեկորդային նախկին ցուցանիշը 708 րոպե էր, որ գրանցվել էր 2008-ին: I խմբի մյուս խաղում ֆինները սեփական հարկի տակ ոչ-ոքի (1-1) ավարտեցին հանդիպումը վրացիների հետ:

A խմբում 7-ական միավորով առաջատարներն են Բելգիայի եւ Խորվաթիայի ընտրանիները: Բելգիացիները մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթեցին սերբերին, իսկ խորվաթները հյուրընկալվելիս առավելության հասան մակեդոնացիների նկատմամբ (2-1): Նույն խմբի Ուելս-Շոտլանդիա խաղում 2-1 հաշվով հաղթեցին դաշտի տերերը:

E խմբում 7 միավորով աղյուսակը գլխավորող շվեյցարացիները սեփական հարկի տակ ոչ-ոքի (1-1) խաղացին նորվեգացիների հետ: Մյուս խաղերի արդյունքներն ենՙ Սլովենիա-Կիպրոսՙ 2-1, Ալբանիա-Իսլանդիաՙ 1-2:

G խմբում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Հունաստան-Բոսնիաՙ 0-0, Սլովակիա-Լատվիաՙ 2-1, Լիխտենշտեյն-Լիտվաՙ 0-2: 7-ական միավորով առաջատարներն են Բոսնիայի, Սլովակիայի եւ Հունաստանի հավաքականները:

H խմբում 5-0 հաշվով հաղթելով Սան Մարինոյի հավաքականին, անգլիացիները 7 միավորով գլխավորեցին աղյուսակը: Մոլդովա-Ուկրաինա խաղում հաշիվը չբացվեց:

Մրցաշարային աղյուսակ

B խումբ

 ԽՀՈՊԳՄ
1. Իտալիա32107-37
2. Բուլղարիա31204-35
3. Չեխիա21103-14
4. Հայաստան31022-43
5. Դանիա20201-12
6. Մալթա30031-60


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4