«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2012-10-12 | #180, 2012-10-13 | #181, 2012-10-16


ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ 3-ՐԴ ՏԵՂՈՎ

Բիլբաոյում ավարտվեց շախմատի «Մեծ սաղավարտ» մրցաշարը: Ավարտական 2 տուրերում Արոնյանն ընդամենը մեկ միավոր վաստակեց: 9-րդ տուրում նա պարտվեց Ֆաբիանո Կարուանայինՙ կրելով մրցաշարում առաջին պարտությունը: Իսկ ավարտական տուրում հայ շախմատիստը հաշտություն կնքեց Մագնուս Կառլսենի հետ: Արոնյանը 11 միավորով գրավեց 3-րդ տեղը: Նա 10 պարտիաներում տոնեց ընդամենը մեկ հաղթանակ, 8-ն ավարտեց ոչ-ոքի, կրեց մեկ պարտություն:

Հաղթողի կոչման համար հիմնական պայքարն ընթացավ իտալացի Ֆաբիանո Կարուանայի եւ նորվեգացի Մագնուս Կառլսենի միջեւ: Վերջինս 9-րդ տուրում հաղթեց Վիշվանաթան Անանդին, իսկ ավարտական տուրում Կարուանան ոչ-ոքի խաղաց Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Արդյունքում 2 շախմատիստներն էլ վաստակեցին հավասարՙ 17-ական միավոր: Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ մրցախաղ: Հաղթելով կայծակնային շախմատի 2 պարտիաներում էլ, Մագնուս Կառլսենը 2-րդ տարին անընդմեջ նվաճեց «Մեծ սաղավարտ» մրցանակը: Նշենք, որ մրցաշարը նորվեգացի գրոսմայստերի համար այնքան էլ հաջող չսկսվեց: Հենց մեկնարկում նա պարտվեց Կարուանային, իսկ առաջին շրջանի ավարտից հետո 5 միավորով հետ էր մնում իտալացի շախմատիստից: Բիլբաոյում Կառլսենը պարզապես գերազանց հանդես եկավ: Նա սպիտակներով հաղթեց մրցակիցներինՙ այդ թվում Կարուանային, ինչն էլ վճռորոշ եղավ:

10 միավորով 4-րդ տեղը գրավեց Սերգեյ Կարյակինը: Անանդը վաստակեց 9 միավոր, իսկ Վալյեխոն 6 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

«Մեծ սաղավարտ» մրցանակը խաղարկվում է 2008-ից: Մրցանակի առաջին դափնեկիրը բուլղարացի Վեսելին Թոփալովն է: Հաջորդ տարի հաղթող ճանաչվեց Լեւոն Արոնյանը, իսկ 2010-ին ուժեղագույնը Վլադիմիր Կրամնիկն էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4