Երեւանի պետական համալսարանի Պալյանների անվան դահլիճում երեկ տեղի է ուենցել «Հայ-ռուսական հարաբերությունների ապագա քսանամյակը» թեմայով քննարկում, որը հանրապետությունում պետականորեն անցկացվող այն միջոցառումներից մեկն է, որն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը նպաստելուն:
Քննարկումը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ ու Ռուսաստանի հայերի միության հովանավորությամբ: Միջոցառմանը նաեւ աջակցել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:
Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ապագան, կատարվել են վերլուծություններ: Քննարկման մասնակիցները եղել են ԵՊՀ-ի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ու Պետական կառավարման ակադեմիայի ուսանողները: Իսկ քննարկման ավարտից հետո լավագույն բանախոսներին ժյուրին հանձնել է Ռուսաստանի հայերի միության տրամադրած դրամական պարգեւները` առաջին, երկրորդ ու երրորդ տեղերի համար: