«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2012-10-13 | #181, 2012-10-16 | #182, 2012-10-17


ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՀԱՄԱՐԺԵՔ» ՊԱՏԱՍԽԱ՞ՆԸ

Ժամանակ առաջ Իրան էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Այդ առթիվ ադրբեջանական մամուլում եղան հրապարակումներ, որ իրանական կողմը «անհարգալի վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանի պետական դրոշի հանդեպ` այն երկու նախարարների հանդիպմանը տեղադրելով շրջված վիճակում»: Հրապարակվել էին ասվածը վկայող լուսանկարներ: Որոշ լրատվամիջոցներ սկանդալի համար մեղադրել էին Աբիեւին, թե «ինչո՞ւ է կորցրել զգոնությունը»: Արծարծվել էր նույնիսկ վերջինիս հավանական պաշտոնանկության ենթադրությունը: Ինչպես հայտնի է, Աբիեւն առ այսօր հանգիստ պաշտոնավարում է, Բաքվի վարչախումբը կատարվածի համար որեւէ բացատրություն չի պահանջել իրանական կողմից: Իհարկե, իրանա-ադրբեջանական հարաբերությունները փայլուն չեն, ոչ էլ նույնիսկ տանելի: Երկու երկրների միջեւ պարբերաբար ծագում են խնդիրներ, որոնց շուրջը կողմերը կշտամբանքներ կամ բացահայտ մեղադրանքներ են փոխանակում, բայց դրանք կապված են իրական շահերի բախման հետ: Գոնե պաշտոնական Բաքվի համար այստեղ դրոշի կամ պետական այլ ատրիբուտների հանդեպ իրանական կողմի վերաբերմունքը բոլորովին էլ առաջնային չէ:

Նախանցյալ օրը եւ երեկ Բաքվում էին Իրանի նախագահը եւ ԱԳ նախարարը: Բնականաբար, հարեւան երկրի առաջնորդին ընդունել է Իլհամ Ալիեւը: Այդ առթիվ տարածված պաշտոնական հաղորդագրությունը չափազանց ժլատ է: Ուշագրավ է, սակայն, որ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «պետք է ավելի քարոզել իսլամը` որպես խաղաղության եւ գթասրտության կրոն»: Իսկ Իրանի նախագահն ասել է. «Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի անկախությունը եւ անվտանգությունը»:

Կարելի է ենթադրել, որ Ահմեդինեժադ-Ալիեւ բարձր մակարդակի հանդիպումը հենց այս ոգով էլ ավարտվել է, եւ կողմերը միմյանցից ակնկալվողը չեն ստացել: Իրանի նախագահի հայտարարության մեջ չի հիշատակված «տարածքային ամբողջականությունը», իսկ իսլամի հանդեպ Իլհամ Ալիեւի «նվիրվածությունը» իրանական կողմի համար գաղտնիք չէ. կրթության նախարարության մոտ հիջաբի խնդրով ցույցի մասնակիցներին ադրբեջանական դատախազությունը «բազմիցս Իրան մեկնելու եւ վերադառնալու հետ կապված մեղադրանք» է առաջադրել:

Ամենաարտառոցը, սակայն, Ահմեդինեժադ-Ալիեւ հանդիպման լուսանկարն է, որ տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Նախ, զարմացնում է Իլհամ Ալիեւի` դիմացինի հանդեպ ակնհայտ անհարգալի եւ ըստ էության արարողակարգային պատշաճությունից դուրս նստելաձեւը: Էլ ավելի աբսուրդային է երկու նախագահների միջեւ սեղանիկին դրված երեք շիշ, երեւի, հանքային ջուրն առանց բաժակների «մատուցելը»: Պե՞տք է ենթադրել, որ դրանով Իլհամ Ալիեւը Ադրբեջանի դրոշի հանդեպ «ցուցաբերած անհարգալի վերաբերմունքին համարժեք պատասխան է տվել», թե՞ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում որոշել էին խնայողություն անել:

Ինչ էլ որ եղած լինի, ակնհայտ է, որ Ահմեդինեժադի այցից առաջ Բաքվի վարչախումբը խիստ զգուշացվել է, որ հանկարծ «ավելորդ խաղեր չտա»: Բաքվում է գտնվել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը, իսկ «Վաշինգտոն փոստը» շտապել է «ընդհանրացնել», որ Իրանի համար «հաղթանակ կլիներ, եթե Ադրբեջանում իսլամական հեղափոխություն իրականացներ»: Նման «ականջքաշոցիից» հետո է երեւի Իլհամ Ալիեւը մոռացել քաղաքավարության եւ հյուրընկալության ամենատարրական կանոնները:

Հայտնի ֆիլմի հերոսն ասում է` «Արեւելքը նուրբ գործ է», իսկ իրանական դիվանագիտության մասին տարածված է, որ մի քանի «այո» եւ «ոչ» ունի: Ինչպիսի՞ն կլինի Իրանի նախագահի հաջորդ ժեստը Ադրբեջանի եւ Իլհամ Ալիեւի հանդեպ` մնում է միայն ենթադրել:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4