«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2012-10-13 | #181, 2012-10-16 | #182, 2012-10-17


ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ. ՈՐՔԱ՞Ն Է ՏԵՎԵԼՈՒ ԱԲՍՈՒՐԴԸ

1news.az-ը, որ իլհամալիեւյան ստի «կայսրության» համար նույնն է, ինչ խորհրդային ՏԱՍՍ-ը` Բրեժնեւի, հրապարակել է ոմն Նազիմ Մահմուդովի մտավարժանքները` «Ոչ կառուցողական Հայաստան. դեռ որքա՞ն ժամանակ ենք քննարկելու հիմնարար սկզբունքները» խորագրի ներքո: Հեղինակը հավանաբար «նոր ադրբեջանցի» կարիերիստներից է կամ ինչ-որ պաշտոնյայի մերձավոր բարեկամը, որ ձգտում է «նորին գերազանցությունից ճառագող արեւի տակ» ունենալ իր տաքուկ անկյունը: Այդ իսկ դրդմամբ էլ փորձել է խոսել այնպիսի հարցերից, որոնք ակնհայտորեն նրա «տրամաբանությանը» չեն տրվում: Քանի որ Մահմուդովի եւ իլհամալիեւյան «ազերյուգենդի» դեպքում առհասարակ առաջնորդ է ընտրվում ոչ թե մարդկային բանականությունը, այլ` «հզոր երկրի քաղաքացու» հոգեխանգարմունքը:

«Ես կարծում եմ, ով Ադրբեջանում ծնվել է 80-ական թվականներին, գերազանց է հիշում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մոտավորապես 20-ամյա պատմությունը», որպես նախաբան գրել է Մահմուդովը: Տեսնո՞ւմ եք ի՜նչ «խորաթափանց» դիտարկում է «ազերյուգենդ»-ի կարկառուն դեմքն սկսում շարադրանքը: Ստացվում է, որ Ադրբեջանում ոչ 80-ականներին ծնվածները ոչինչ չգիտեն, ոչինչ չեն հիշում, հետեւաբար` ոչինչ անել չեն կարող. ղարաբաղյան կարգավորման ծանր բեռը դրված է միայն մահմուդովական սերնդի ուսերին:

Բայց դա ի՜նչ է հեղինակի մտքի մյուս «փայլատակումների» համեմատ: Պարզվում է, այդ սերունդը շունչը պահած հետեւել է Ռամբույեի բանակցություններին (2006 ), Մադրիդյան սկզբունքների բանակցություններին (2007), հիշում է «Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` առանց այդ խնդրի արագ կարգավորման եւ սահմանների բացման Հայաստանի զարգացման անհնարինության մասին (1999 )»: Ի՞նչ փույթ, որ 2007-ին Մադրիդյան սկզբունքների բանակցություններ չէին կարող լինել, քանի որ միջնորդներն այդ նույն տարեվերջին են միայն դրանք ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, ի՞նչ փույթ, որ 1999-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն Հայաստանի նախագահ չէր եւ որեւէ ելույթ էլ չի ունեցել: Մահմուդովի համար սրանք «մանրուքներ» են:

Նա առաջ է մղում իր «քաղաքագիտական մտքի» Ռոսինանտը եւ շարունակում. «Այդ րոպեներին, ժամերին մենք բոլորս անհամբերությամբ սպասում էինք, որ խնդիրը, որ անկասկած հուզում է յուրաքանչյուր ադրբեջանցու, վերջապես կլուծվի: Մենք վերջապես կկարողանանք մեկնել Շուշի` Ադրբեջանի հին մշակութային կենտրոն, այնպես հեշտ, ինչպես` Շաքի, Լենքորան, Գյանջա եւ այլն: Բայց այդ երկար սպասված պահը որեւէ կերպ չի գալիս»:

Տեսնո՞ւմ եք. «ազերյուգենդը» մի ցանկություն ունի միայն` «Ադրբեջանի հին մշակութային կենտրոն» Շուշի «մեկնել այնպես հեշտ, ինչպես` Շաքի, Լենքորան, Գյանջա եւ այլն»: Նա Լեռնային Ղարաբաղի խնդրի «կարգավորումը» տեսնում է միայն «այդ ձեւով»: Սա պաշտոնական Բաքվի կեցվածքն է: Մի իշխանության, որի համար ե՛ւ 80- 90-ականններին, ե՛ւ Ռամբուեյի, ե՛ւ մյուս բոլոր հանդիպումներում, ե՛ւ այսօր գերխնդիր է` «ունենալ Լեռնային Ղարաբաղի տարածքը»: Այստեղ ապրող մարդկանց ճակատագիրն այդ իշխանությանը, անկախ նրանից` մուսավաթակա՞ն էր այն, բոլշեւիկա-խորհրդայի՞ն, ԱԺՃ-ակա՞ն, թե՞ «ենիազարբայջանական»- հեյդարաիլհամալիեւյան, երբեք չի հուզել եւ չի հուզում նաեւ այսօր:

Ադրբեջանական «դիվանագիտության» աբսուրդը դրանում է: Եվ իմաստ չունի մեղադրանքներ հնչեցնել նախկին եւ ներկա միջնորդների, ՄԱԿ-ի կամ որեւէ երկրի, միջազգային կառույցի հասցեին. ավելի քան 20 տարի երկարաձգվող` կարգավորման գործընթացի տրամաբանությունն այն չէ, որ «ազերյուգենդի» համար «ազատորեն Շուշի այցելելու, ինչպես որ նա այցելում է Շաքի կամ Գյանջա, պայմաններ ստեղծվեն»: Խնդրի էությունը եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի` միջազգայնորեն ընդունելի կարգավիճակի հարցում կողմերի միջեւ կոնսենսունսի հասնելը:

Մահմուդովը դժգոհում է, թե «էլի որքա՞ն կարելի է բանակցել հիմնարար սկզբունքների շուրջը»: Պատասխանը միանշանակ է` այնքան, ինչքան որ պետք կլինի, որպեսզի գտնվի բոլոր կողմերին բավարարող «մոդուս»-ը: Ակնկալել, որ Ադրբեջանը բանակցությունների միջոցով «ստանալու է ամեն ինչ», իսկ հայկական կողմը` «ոչինչ», առնվազն խիստ չափազանցված «լավատեսություն» է, որ Բաքվի վարչակազմը ոչ միայն իրեն է ներշնչել, այլեւ 80-ականներին ծնված «ազերյուգենդին»:

Իլհամալիեւյան քարոզչամեքենայի սույն երիտասարդ «առանցքակալը» Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան համարում է... Սերժ Սարգսյանի «արտաքին քաղաքական պարտություն»: Ամբողջ աշխարհը դատապարտեց Ադրբեջանի կեցվածքը, իսկ «ազերյուգենդը» դա համարում է «հաղթանակ»: Ինչու՞: Քանի որ թութակի հանգույն կրկնում է իշխող վարչախմբի «հաղթաթուղթը»` պատերազմի սպառնալիքը: Մահմուդովի մտավարժանքներն ավարտվում են հետեւյալ ձեւակերպմամբ. «Չէ՞ որ, վերջապես, ոչ ոք չի բացառել հակամարտության կարգավորման այլընտրանքային տարբերակները, եթե խաղաղ բանակցությունները վերջնականապես փակուղի մտնեն»:

Եվս մեկ անգամ ստիպված ենք հատկապես «ազերյուգենդի» համար պարզաբանել. պատերազմը հնարավորություն է կողմերից յուրաքանչյուրի համար: Եվ այդ «այլընտրանքը» կարող է Ադրբեջանի համար կործանարար լինել: Պետք չէ ամեն ինչ կառուցել աբսուրդի հասնող «հաշվարկների» վրա: Մեկ անգամ դա Ադրբեջանին հասցրել է հոգեխանգարմունքի եզրին:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4