Շուշիում վերջերս հաճելի իրողություններ են տեղի ունենում, ինչը փաստում է, որ հայոց հնամյա բերդաքաղաքում կյանքն օրեցօր աշխուժանում, նոր թափ է ստանում:
Վերջերս այստեղՙ Շուշիի զբոսաշրջության վարչության շենքում կայացած երեկոյի առիթն իր ձեւով եւ բովանդակությամբ նորություն էր ոչ միայն տեղաբնակների, այլեւ Արցախի համար. տեղի ունեցավ նորաստեղծ «Շուշվա» ՍՊ տուրիստական ընկերության եւ «Գինու տուր» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, կազմակերպության ստեղծմանն աջակցած կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր:
Ներկաներին առաջինը ողջունեց ղարաբաղցի այանՙ իր թոռներ¬ծոռներովՙ ողջ գերդաստանով: Ավանդական զուռնա-դհոլով, երգ-երաժշտությամբ սկսված միջոցառմանը մի առանձին շուք հաղորդեցին ազգային կոլորիտ ստեղծող կահ-կարասին, ուտեստները: Իսկ արցախցի երգիչներն իրենց կատարումներով հաճելի պահեր պարգեւեցին շնորհանդեսի մասնակիցներին: «Շուշվա» զբոսաշրջային ընկերության առաքելությունը, ինչպես տեղեկացվեց երեկոյի ընթացքում, Արցախն իր ողջ հմայքով աշխարհին ներկայացնելն է: Մինչ հիշարժան օրը ընկերությունը շոշափելի աշխատանք է տարելՙ ստեղծելով իր վեբ-կայքը եւ օրվա միջոցառումը, կարելի է ասել, նաեւ վերջինիս շնորհանդեսին էր նվիրված: Կայքում (shushva.com) տեղադրված են «Շուշվա» փաթեթներըՙ «Էկո տուր», «Քրիստոնյա Ղարաբաղ», «Ձկնորսություն», «Ընկերական», «Ղարաբաղն իր ողջ հմայքով» եւ «Ընտանեկան»: Այս ամենի հանրագումարում Արցախը հավուր պատշաճի կներկայացվի աշխարհին:
Հաշվի առնելով, որ դեռ անհիշելի ժամանակներից Արցախի համար առանձնահատուկ այցեքարտ էին նրա տնական գինիները, «Շուշվա» զբոսաշրջային կազմակերպությունը որոշել է հետայսու ի թիվս այլ տուրերիՙ ներկայացնել նաեւ մեր հնամենի, ազգային կոլորիտով հագեցած ավանդույթները, որոնց անդրադառնալիս, անշուշտ, չի կարելի շրջանցել աշխարհով մեկ փառաբանված արցախյան հյուրընկալության կարեւորագույն բաղադրիչներից մեկըՙ մեր տարատեսակ ու անուշահամ գինիները: Այսուհետեւ այստեղՙ զբոսաշրջության վարչության համտեսի կենտրոնում, կկազմակերպվեն նաեւ գինու տուրեր: «Շուշվա» ՍՊԸ հիմնադիր եւ տնօրեն Առնակ Ավետիքյանը , որ մասնագիտությամբ բժիշկ է, քաջատեղյակ է գինու առանձնահատկություններին ու նրա օգտակարությանը: «Գինին ամբողջ աշխարհում տարածված եւ մարդկությանը հայտնի ամենահին խմիչքներից է» լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Ա. Ավետիքյանը եւ շարունակեց. «Ավանդական խաղողի գինին դարերի ընթացքում մեծ համբավ ուներ եւ ամենատարբեր առիթներով իր շուրջը համախմբել էր մարդկանց: Հարյուրամյակներ շարունակ լավ գինին արցախցու սեղանի զարդն էր: Իրեն հարգող արցախցին անպայման պետք է մառան ունենար եւ իր իսկ ձեռքով պատրաստած գինիների հարուստ տեսականիՙ պատվարժան հյուրերին հյուրասիրելու եւ զարմացնելու համար»: Հիրավի, հայերն աշխարհում առաջիններից էին, ովքեր զբաղվել են գինու արտադրությամբ: Խաղողի վազերը, գինով լի կճուճները, խաղողի կախանները միշտ հայկական զարդանախշերի մաս են կազմել: Գինին հայերին ուղեկցում էր ամբողջ կյանքումՙ հատկապես ազգային ծեսերի ժամանակ: Արցախյան գինիները եզակիորեն առանձնանում են հայկական արտադրանքի այլ գինիներիցՙ շնորհիվ մեղմ բնակլիմայական պայմանների եւ Արցախում աճող խաղողի տեսակների մեջ շաքարի բարձր տոկոսի պարունակության: Գինեգործները խաղողի այն տեսակներն են տնկում, որոնք կլիմայի նկատմամբ առավել մեծ դիմացկունություն ունեն:
«Մեր խորին համոզմամբՙ Արցախն ունի միջազգային շուկայում նաեւ իր գիիներով ինտեգրվելու հնարավորություն ու պատշաճ ներուժ: Ուստի, որպես արցախյան գինիների եռանդուն գովազդող, Լեռնային Ղարաբաղում կազմակերպում ենք գինու տուրեր, որով նպատակ ունենք բացահայտել այս լեռնաշխարհի թաքնված լեգենդը», ասաց Առնակ Ավետիքյանը:
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության պետի խոսքերովՙ գինիների տուրերի հիմնադրումը մեծ կռվան է Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման համար: «Ես կարծում եմՙ դա կնպաստի հանրապետությունում ոլորտի զարգացմանը: Ողջունում եւ շնորհավորում եմ նորաստեղծ ընկերությանը, որ այսպիսի գաղափար է հղացել: Անշուշտ, մենք նախապես դրա շուրջը երկարատեւ քննարկումներ ենք ունեցել եւ եկել այն համոզման, որ գաղափարն իրատեսական է: Ղարաբաղում կազմակերպելով նաեւ գինու տուրերՙ Արցախը կսկսի հայտնի դառնալ աշխարհին ոչ միայն իր պատմամշակութային արժեքներով, այլ նաեւ իր հոյակապ գինիներով», ասաց Սերգեյ Շահվերդյանը :
«Շուշվա» տուրիստական կազմակերպության տնօրենությունն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են ընկերության կայացմանը, մասնավորապեսՙ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությանը, «Գեոդեզիա» ՊՈԱԿ-ին եւ Ստեփանակերտի կոնյակի գործարանին, «Արցախ բրենդի կոմպանիին» եւ «Անուշ-1» ՍՊԸ-ին:
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Շուշի