Նախորդ օրը ֆեյսբուքի իր էջում բազմակետանոց գրառման մեջ Վարդան Օսկանյանը նշել էր, որ Հայաստանը փակուղում եւ ճահճում է, այնտեղից դուրս գալու համար խորքային բարեփոխումներն անխուսափելի են, որոնց, ըստ Օսկանյանի, խանգարում են բարեփոխումներով չշահագրգռված մարդիկ, քանի որ դրանք կվտանգեն քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները: Նա օրինակներ է բերել, երբ ծրագրեր են փակվել, եւ դրամական մեծ կորուստներ է ունեցել Հայաստանը, քանի որ ծրագրերի պայման ժողովրդավարական չափանիշները չեն ապահովվել. փակվել է «Հազարամյակի մարտահրավերները», 1 մլրդ դոլար դրամաշնորհ ԵՄ-ից չի հատկացվել, Ասոցացման համաձայնագրի ստորագրման դանդաղման հետեւանքով են կորուստներ լինում, այս տարվա առաջին կիսամյակում արտերկրից ներդրումների անկում 40 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սփյուռքի մեր բարերարների ներդրումների նշանակալիության նվազում. ահա այն գինը, ըստ Օսկանյանի, որ քաղաքական մենաշնորհի պահպանման համար վճարում է ժողովուրդը, որը ճամպրուկային տրամադրության մեջ սպասում է առաջիկա ամիսների զարգացումներին:
Սակայն ամենահետաքրքրականն ուրիշ բան է, որ արեւմտամետ գործիչ համարվող Օսկանյանին պատասխանել է նույնպես արեւմտամետի իմիջ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը, տարածած հայտարարության մեջ. «Այո՛, Հայաստանն այսօր «ճամպրուկային» տրամադրությամբ լի «փակուղում» է: Բայց այստեղ եղել է Վարդան Օսկանյանի` իշխանակարգի պաշտոնյա դառնալուց ի վեր: Այստեղ` ոչ մի նորություն», ասել է Ր. Հովհաննիսյանը եւ բոլոր քաղաքական դեմք համարողների համար մեջբերում արել Էմերսոնից. «Ծիծաղել հաճախ եւ շատ, վաստակել մտածող մարդկանց հարգանքն ու երեխաների համակրանքը, արժանանալ արդար քննադատների գնահատանքին եւ հանդուրժել կեղծ ընկերների դավաճանությունը, արժեւորել գեղեցիկը, գտնել լավագույնը ուրիշների մեջ, քեզնից հետո աշխարհը թողնել փոքր-ինչ ավելի լավըՙ առնվազն մեկ առողջ երեխայով, մեկ պտղատու այգով կամ շտկված որեւէ սոցիալական իրավիճակով, իմանալ, որ քո ապրելը թեթեւացրել է գեթ մեկ մարդու շնչառությունը: Այս ամենը նշանակում էՙ հաջողություն»:
Հիմա ի՞նչ` սպասենք Օսկանյանի եւ Հովհաննիսյանի հերթական վիրտուալ մտքափոխանակությա՞նը:
Մ. Խ.