«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2012-10-16 | #182, 2012-10-17 | #183, 2012-10-18


ՀԱԼԵՊ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԻՐԱՔՈՎ

«Սիրիական ավիաուղիներ» ընկերությունը, հաշվի առնելով թուրք-սիրիական լարված հարաբերությունները, Հալեպ-Երեւան-Հալեպ չվերթը կիրականացնի Իրաքով: Վերոնշյալ փոփոխության հետեւանքով մեկ ուղղությամբ տոմսի գինը կթանկանա 20 եվրոյով: Թուրք-սիրիական հարաբերությունների լարվածությունը մտավ եզրափակիչ փուլ, երբ Սիրիայի սահմանին գտնվող Աքչաքալե թուրքական գյուղում այս ամսվա սկզբին մի քանի մարդ սպանվեց. Անկարայի պնդմամբՙ նրանք մահացել էին Սիրիայի տարածքից արձակած արկի պայթյունից: Դրան ի պատասխան թուրքական ուժերը պատասխան կրակ բացեցին, եւ իրավիճակն ավելի լարվեց: Նախորդ շաբաթ Անկարան արգելեց Սիրիայի բոլոր օդանավերի մուտքը Թուրքիայի օդային տարածք: Դա արվեց ի պատասխան թուրքական օդանավերի մուտքը Սիրիայի օդային տարածք արգելելու Դամասկոսի որոշմանը:

Մինչ թուրք-սիրիական սահմանին լարվածությունը չի թուլանում, պայթյուններն ու ռմբակոծությունները շարունակվում են նաեւ երկրի խոշոր քաղաքներում: Հալեպում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետեւանքովՙ ընդդիմադիրների դեմ մարտերի ժամանակ երկու հայ է զոհվելՙ 34-ամյա Օվսիա Սալիպյանն ու 33-ամյա Միսաք Քեհեյանը: «Ազգ» -ի հետ հեռախոսազրույցում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռայիսյանն ասաց, որ երիտասարդները կամավորական ջոկատների անդամներ էին: Մարտերի հետեւանքով եւս մեկ հայՙ Շանթ Տեր-Մղշյանը վիրավորվել է:

Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի բանբերն, անդրադառնալով հայ համայնքի վիճակին, ասաց, որ անվտանգությունից զատ, շատ ընտանիքներ հայտնվել են նյութական ծանր խնդիրների առաջ: Ռմբակոծություններից վնասվել են տասնյակ հայերի տները, նրանցից շատերը սննդի եւ դեղորայքի կարիք են զգում: Երեկ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությամբ Երեւանից Հալեպ ուղարկված 14 տոննա սնունդն ու դեղորայքը դեռ չէին բաշխվել: Օգնության տրամադրումը Հալեպում կհամակարգի Սիրիահայության միացյալ արտակարգ իրավիճակների շտապօգնության մարմինը, որն արդեն ստացել է բազմաթիվ դիմումներ կարիքավորներից: Վերոնշյալ օգնությունը կտրամադրվի ոչ միայն հայ, այլեւ արաբ կարիքավորներին: Ռայիսյանն ասում է, որ փաթեթների վրա արաբերեն կգրեն «հայ ժողովրդի համեստ օժանդակությունը կարիքավորներին» գրությունը եւ կտրամադրեն կարիքավորներին: Սա ոչ միայն աջակցություն, այլեւ երախտիքի փոքրիկ խոսք կլինի սիրիացի ժողովրդին:

Հիշեցնենք, որ Սիրիային մարդասիրական օգնություն է տրամադրել նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4