Հայտարարել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քըլըչդարօղլուն
Նախորդ օրը Թուրքիայի ազգային մեծ ժողովում իր խմբակցությանը դիմեց Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: Նրա ելույթը նվիրված էր Սիրիայի նկատմամբ վարչապետ Էրդողանի կառավարության վարած քաղաքականությանը, Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող սիրիական ինքնաթիռի միջադեպին, ինչպես նաեւ արտգործնախարար Դավութօղլուի գործունեությանը:
Քըլըչդարօղլուի ելույթը ուղիղ եթերում հեռարձակվում էր թուրքական NTV հեռուստատեսությամբ: Հաջորդ օրը «Ջումհուրիեթ» թերթը մասնակի կրճատումներով հրապարակեց դրա տպագիր տարբերակը:
Ելույթում նա մասնավորապես ասաց. «Մարզելով սիրիացի զինյալ ընդդիմադիրներին, Թուրքիան եղբայրասպան կռիվների պատճառ է դառնում: Սա մոտեցում չէ: Չի էլ կարող լինել, բայց կառավարությունը դրսեւորում է: Մեծարգո Էրդողանն ասաց, որ ինքնաթիռում զինամթերք է հայտնաբերվել: Ինձ այդ զինամթերքը հետաքրքրում է: Ի՞նչ զինամթերք է դա: Վարչապետ Էրդողանը պետք է պատասխանի եւ փրկի երկրի հեղինակությունը:
Սակայն նա այդպիսի խնդիր չունի: Նրա միակ խնդիրը վարչապետի աթոռում բազմելն է, այնտեղից էլՙ նախագահի աթոռ ցատկելը: Անձնական մոլուցքի պատճառով երկիրը ներքաշում է պատերազմի մեջ: Կառավարության սիրիական քաղաքականությունը տրամաբանական որեւէ բացատրություն չունի: Էրդողանը անտեսում է նաեւ ընդդիմության զգուշացումները: Տեսնելով, որ բան դուրս չի գալիս, ելնում այս անգամ էլ պատերազմ է հայտարարում ՄԱԿ-ին: Կառավարությանը զգուշացրել էինք, որ Մերձավոր Արեւելքում արեւմտյան ուժերի խամաճիկն է դառնում: Կարծես բավականին խղճով ենք վարվել: Օրերս ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց. «Մենք Թուրքիայի հետ ձեռք եւ ձեռնոցի պես ենք»: Ձեռքը հայտնի էր, շնորհիվ հայտարարության հայտնի դարձավ նաեւ ձեռնոցի ինքնությունը: Այսպիսի նեղմիտ քաղաքականությամբ դուք Թուրքիային ներքաշելու եք մերձավորարեւելյան ճահճի մեջ:
Ոմանք Դավութօղլուի գործունեության համար ասում են. «Սա հավանաբար մի բան գիտի: Ի՞նչ պիտի իմանա նա: Նրա իմացածը երկիրը քարշ տալով ճահճի մեջ գցելն է: Իսկ վարչապետ Էրդողանըՙ նա էլ հավանաբար մի բան պիտի իմանա, քանի որ բացարձակապես չի հասկանում արտաքին քաղաքականությունից: Մտածելով, որ Դավութօղլուի անունից առաջ պրոֆեսոր է գրված, ուրեմն մի բան կիմանա, կպել է նրա պոչին: Լիբիայի եւ Սիրիայի միջեւ տարբերությունը գիտակցում է նույնիսկ շարքային քաղաքացին: Այդ տարբերությունը չգիտակցող ընդամենը մեկ մարդ կա: Դա Թուրքիայի Հանրապետության չափ ու սահման չունեցող արտգործնախարարն էՙ Ահմեդ Դավութօղլու անունով»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ